Սուր շնչառական վարակներով հոսպիտալացումների կայունություն է արձանագրվում
Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնին համահունչ՝ Հայաստանում շարունակվում է դեպքերի արձանագրումը։
Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ ընթացիկ տարվա հունվարի 16-ի դրությամբ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ շնչառական վարակներով դիմել է 848 պացիենտ, նախորդ տարվա նույն օրվա 1960 պացիենտի փոխարեն՝ նվազելով 2,3 անգամ:
Բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացումների կայունություն է արձանագրվում. այսօրվա դրությամբ հոսպիտալացված է 711 հիվանդ (նախորդ տարվա համեմատ նվազում՝ 1,1 անգամ), որի 95,6%-ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները, մասնավորապես՝ Երևանի մանկական բժշկական կազմակերպություններում:
Հունվարի 15-ին արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված 70 կանչ, նախորդ տարվա 107 կանչի փոխարեն, թոքաբորբերով՝ 15 կանչ, նախորդ տարվա 26 կանչի փոխարեն:
Շարունակվում է գրիպի Ա H1N1 և Բ տեսակների, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս) շրջանառությունը:
Կրթական կազմակերպություններում ջերմային ռեժիմի սահմանված ցուցանիշների պահպանման, դիտարկման արդյունքներով` հունվարի 16-ի դրությամբ ջերմային ռեժիմի շեղումներ արձանագրվել են 142 դպրոցում և 22 մանկապարտեզում: Անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով առողջապահության նախարարությունը շեղումների մասին օրական կտրվածքով տեղեկացնում է համապատասխան կառույցներին:
Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է: Բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել, հատկապես՝ հղիները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք:
Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է.
- պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով ձեր հաշվառման պոլիկլինիկա,
- խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
- հագնվե´ք եղանակին համահունչ,
- պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
- հետևե´ք անձնական հիգիենային։