Առնվազն երկու հեռուստաընկերությունների լոգոյի տեղը պետք է գրել՝ «կոռուպցիա», կամ ասել՝ «Կոռուպցիա գրուպ». Փաշինյան

Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը նախատեսում է միջազգային աուդիտ իրականացնել Հայաստանում հեռուստաչափումներ անցկացնող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության կողմից մատուցվող ծառայության` թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրության և եթերի մոնիտորինգի արժանահավատությունը և հեռուստաչափումների իրականացման մեթոդաբանության համապատասխանությունը միջազգային չափանիշերին  պարզելու համար:

Նկատի ունենալով, որ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին միջազգային աուդիտ անցկացնելու նպատակով 2020 թվականի պետական բյուջեով միջոցներ նախատեսված չեն, առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից առաջին եռամսյակում հատկացնել 26 միլիոն 600.0 հազար դրամ։   Ներկայացված նախագծի համաձայն՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը դիմել է միջազգային փորձառություն ունեցող մի շարք արտասահմանյան ընկերությունների և ստացել գնային առաջարկներ՝ նպատակահարմար գտնելով դիմել միջազգային աուդիտի համար ամենացածր գին առաջարկող ЗМЗА  ընկերությանը, որի համար սույն որոշման  այս նախագծով առաջարկվում է գնումներն իրականացնել հրատապ գնման ձևով:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախագծի վերաբերյալ նշեց, որ դրանով առաջարկվում է Կառավարության պահուստային ֆոնդից Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին տրամադրել մի գումար, որը կազմում է բյուջով այդ կառույցին տրամադրված 7 միլիարդ 520 դրամի 0.35 տոկոսը, ուստի առաջարկում է անել այնպես, որ այդ գումարը հնարավոր լինի վերցնել հենց այդ 7 միլիարդ 520 միլիոն դրամից, և ոչ թե՝ Կառավարության պահուստային ֆոնդից։

Ինչ վերաբերում է մեկ անձից հրատապ արվող գնմանը, Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ սա ամենևին էլ թափանցիկության մասին չի խոսում, և միշտ չէ, որ ցածր գին առաջարկողը կարող է ապահովել նաև որակ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծի վերաբերյալ ասաց, որ Ատոմ Ջանջուղազյանի մտահոգությունը հասկանում է, սակայն հաշվի առնելով, որ կա փորձ այս կամ այն որոշումն ընդունել պայմանով՝ հետագայում արված դիտարկումները դիտարկելու մասով, ուստի առաջարկում է նախագիծն ընդունել։

«Հեռուստատեսային շուկայում մենք ունենք որոշակի մենաշնորհային դիրք։ Ես չեմ հիշում՝ ինչ ժամանակներից ՀՀ-ում ստեղծվել են երկու կառույց, որոնցից մեկը բաշխում է հեռուստատեսային գովազդի շուկայի գումարները, իսկ մյուս ընկերությունը չափում է հեռուստաընկերությունների վարկանիշը, ըստ որի էլ՝ բաշխվում են գումարները, և, ըստ էության, գովազդային գումարների բաշխման գործընթացը մոնոպոլիզացված է»,- ասաց  Փաշինյանը։

Վերջինս նշեց, որ երկրում կա ինֆորմացիոն հոսքերը վերահսկելու հստակ գործառույթ, և իրենք գիտեն, թե ում ձեռքում է այդ գործառույթը գտնվում։

«Պետք չէ թաքցնել, որ մենք գիտենք, որ այդ գործառույթը գտնվում է հանրապետության նախկին ղեկավարության հետ կապված անձանց, ընտանեկան կապեր ունեցող անձանց վերահսկողության ներքո։ Մենք, ինչպես մեր քաղաքականության դեպքում ենք ռազմավարությունը որդեգրել, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների դեպքում ևս պետք է լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերից։

Այսօր ՀՀ-ում կան կոնկրետ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ։ Առնվազն երկու հեռուստաընկերությունների լոգոյի տեղը պետք է գրել՝ «կոռուպցիա», կամ ասել՝ «Կոռուպցիա գրուպ», և ասել՝ «Կոռուպցիա գրուպ» ընկերությունը ներկայացնում է լուրերի հրատապ թողարկումը»,- հեգնեց  Փաշինյանը՝ նշելով, որ այդպիսի հեռուստաընկերությունների գործունեությունը Կառավարության համար բացահայտում է ոչ միայն կոռուպցիոներներին, այլ նաև նրանց «մետաստազները», նրանց «շոշափուկներին» և հեշտացնում իրենց օպերատիվ աշխատանքը կոռուպցիայի դեմ պայքարում։

Ըստ Կառավարության՝ իրենք պետք է գնան այն ճանապարհով, որ իրական լոգոներ գրվեն իրական հեռուստաընկերությունների վրա, որովհետև հաճախ, երբ ինքը փոխում է հեռուստաալիքները, արդեն գիտի, որ որոշներից «պարտադիր կոռուպցիայով անցնող մեկը պետք է պատմի, թե որտեղ են ձմեռում խեցգետինները»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս