Ավելի լավ է՝ չլիներ պարգևատրում, քան ծիծաղելի գումարով՝ 4000 կամ 5000 դրամով. ռազմական փորձագետ
Հարցազրույց ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի հետ
– Ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ տարբեր հատվածներում դիրքերի ամրացման և պաշտպանական տարբեր մեթոդներ է կիրառում, այդ թվում՝ բետոնե կոնստրուկցիաների միջոցով: Հայկական կողմը և՛ Արցախում, և ՀՀ-ում դիրքերի ամրացման և ինժեներաշինարարական աշխատանքների հարցում ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնի: Կամ 2016-ից հետո այս առումով կարողությունների ի՞նչ զարգացումներ են եղել, ի՞նչ է արվել: Առհասարակ, դիրքային ի՞նչ առավելությունների մասին կարող ենք խոսել այսօր:
– 2016-ից հետո բավականին շատ աշխատանք է կատարվել դիրքերում։ Նախ՝ տեսադիտարկման համակարգերի ներդրման շնորհիվ հակառակորդը դարձել է առավել կանխատեսելի, և օպերատիվ խորության վրա նրա ցանկացած շարժ մեր տեսադաշտում է: Դա նրանք, կարծում եմ, հասկացան 2017-ի փետրվարին, երբ դիվերսիոն փորձ ձեռնարկեցին արցախյան սահմանի արևելյան ուղղությամբ՝ չեզոք գոտում թողնելով իրենց հատուկ նշանակության հինգ զինվոր և սպա։
Ինչ վերաբերում է ինժեներական, ամրաշինական աշխատանքներին, ապա դրանք պարբերական բնույթ ունեն, և տարվա ցանկացած եղանակին այդ աշխատանքները կատարվում են թե՛ մեր, թե՛ իրենց կողմից։ Այստեղ, կարծում եմ, կարևոր է՝ մեր կողմից իրականացվող աշխատանքներին զուգահեռ՝ խոչընդոտել նրանց աշխատանքներին։ Եթե թողնենք, որ այդ բետոնե բարձր կոնստրուկցիաների միջոցով պաշտպանական մեթոդը նրանք ավարտին հասցնեն, վաղը-մյուս օրը դա մեր դեմ է աշխատելու լոկալ սրացումների ժամանակ, քանի որ այդտեղից շատ ավելի հեշտ կարող են աշխատել և՛ դիպուկահարները, և՛ այլ զինատեսակներ։ Վերջին դեպքը, որ տեղի ունեցավ Տավուշի ուղղությամբ, հենց նմանօրինակ ինժեներական կառույցի մասին էր, ինչի արդյունքում հակառակորդը կորուստ ունեցավ։ Մենք, այսպես ասած, չթողեցինք, որ իրենք «հանգիստ» գործ անեն, ինչը, իմ գնահատմամբ, ճիշտ մոտեցում է։ Ընդհանուր առմամբ, չեմ կարծում, որ դիրքային ինչ-որ առավելություն ունեն։ Եթե ինչ-որ ուղություններում ժամանակ առ ժամանակ փորձում են դիրքային առավելություն ստանալ, ապա դա պետք է խստագույնս պատժվի և կասեցվի։
– 2016-ի ապրիլյան ռազմական գործողություններից ավելի քան 3 տարի է անցել, սակայն տեղի ունեցածի հանգամանքները երկար քննարկման առարկա կլինեն, հատկապես, երբ ապրիլյան գործողությունները հետաքննող ՀՀ ԱԺ հանձնաժողովը չի ավարտել իր աշխատանքները: Ըստ Ձեզ՝ անպատասխան մնացած ի՞նչ հարցեր կան, որոնք բաց հարթակում պիտի պատասխան գտնեն: Շատ շահարկվեց նաև 800 հա կորցնելու թեման, իհարկե, կան զինվորականներ, որոնք այդ թիվը վիճելի են համարում: Քննարկման առարկա է նաև ժամանակին հետախուզական տվյալներ ստանալ-չստանալու հարցը, գուցե դրանք եղել են, բայց օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով գործի չե՞ն դրվել:
– Այն, որ ապրիլյան դեպքերի ժամանակ թերություններ եղել են, դրա մասին տարբեր բարձր մակարդակներում խոսվել է, հետևություններ էլ, կարծում եմ, արվել են: Ապրիլյան գործողությունների քննիչ հանձնաժողովը պետք է հերքի հասարակության շրջանում տարածված այն թյուր կարծիքը, որ զենք չի եղել, փամփուշտ չի եղել, զինվորները խոտ են կերել, առհասարակ, նման անիմաստ ու մանիպուլյատիվ թեզերը: Զինվորները որ բահերով են կռվել, այս անհեթեթ թեզերը պետք է հանել հասարակության դիսկուրսից։ Ես մի բան գիտեմ՝ մարտական դիրքում զենքի, զինամթերքի քանակը կախված է տեղանքից, անձնակազմի թվից և մի քանի այլ պայմաններից՝ հստակ սահմանված կարգով:
Ինչ վերաբերում է հետախուզական տվյալներին, ապա պետք է շատ կարևոր հանգամանք հաշվի առնել. մինչև ապրիլյան դեպքերը հակառակորդը 2014 թվականից ի վեր դիմում էր դիվերսոն գործողությունների, հրետակոծությունների:
Հակառակորդը մեզ այդ ժամանակահատվածում, այսպես ասած, «սովորեցրել» է արկերի պայթյունի ձայներին, և այդ շրջանում նույնիսկ մեր հասարակության համար էր արդեն սովորական, որ այս կամ այն ուղղությամբ կիրառվել է մեծ քանակի 60, 80, 120 մմ ականանետ, և այլն։ Շատերը կհիշեն հակառակորդի այդ ակտիվ փուլը։
Հիմա Ադրբեջանում նախընտրական փուլ է, և այդ ամիսներին պետք է որ ավելի հանգիստ իրենց պահեն։ Նրանք հիմա տակտիկա են փոխել. եթե առաջ մեզ սովորեցնում էին ականանետերի արկերին, ապա հիմա զորավարժություններին են սովորեցնում։ Ամիսը 1-2 խոշոր զորավարժություններ են անցկացնում, շատ հաճախ սահմանից ընդամենը 10-15 կմ խորքում, ինչն ինչ-որ փուլում կարող է դեպի մեզ ուղղվել:
– Տարածքային կամ հեկտարային կորուստների մասին թեման ժամանակ առ ժամանակ ակտիվանում է նաև Նախիջևանի հետ կապված: Ավելին, ինչ-որ պահի ռազմական լայնածավալ գործողություններ հնարավոր են համարվում նաև այդ հատվածում:
– Հակառակորդն ինժեներական աշխատանքներ էր կատարել, մի քանի տեղ իրենց համար ավելի հարմար բաներ էին կառուցել, ինչին ի պատասխան՝ մենք էլ համարժեք աշխատանքներ ենք կատարել: Բայց պետք է հաշվի առնել, որ Արարատ-Արենի-Գորիս ճանապարհը ռազմավարական կարևոր ճանապարհներից է, և ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հակառակորդը փորձելու է այդ ճանապարհով անցուդարձը խոչընդոտել՝ շատ լավ հասկանալով, որ հնարավոր է՝ այդտեղով անցնի ռազմական տեխնիկա, և այլն։
– Ինչպե՞ս եք գնահատում սպառազինության գնման քաղաքականությունը, ըստ Ձեզ՝ ճի՞շտ շեշտադրումներ, ընտրություններ են արվում:
– Կարծում եմ՝ բավականին լուրջ ձեռքբերում են Սու 30ՍՄ կործանիչները, որոնք մեզ օգնելու են օդում առավելություն ունենալ հակառակորդի նկատմամբ, ինչը մերօրյա պատերազմներում չափազանց կարևոր է:
– Ի դեպ, որքանո՞վ են իրատեսական պայմանագրայինների միջոցով առաջնագծի անվտանգության ապահովման պնդումները:
– Պայմանագրային ծառայությունը պետք է գրավիչ լինի՝ սկսած աշխատավարձից, վերջացրած կենցաղային պայմաններով: Այստեղ ուզում եմ նշել՝ շատ կարևոր է, որ ժամկետային զինվորների համար նոր սննդակարգը տարածվի նաև սպայակազմի և պայմանագրային զինծառայողների վրա:
Բացի նրանից, որ սպայակազմի համար դա կլուծի սոցիալական խնդիր, այն արդար կլինի նաև բարոյական տեսանկյունից, քանի որ հատկապես բնակավայրերից հեռու զորամասերում ծառայող սպան, իր ստորաբաժանումը ճաշարան տանելուց հետո, ընդմիջման է գնում մոտակա, այսպես ասած, ինչ-որ «վետերոկ»:
Պայմանագրայինների և սպայակազմի «հացը» վերջին տարիներին հանվել է, և սպան զորամասի ճաշարանից չէր օգտվում (2018-ին որոշում կայացվեց՝ ՀՀ զինված ուժերում պայմանագրային հիմունքներով ծառայություն իրականացնող (մարտական հերթապահություն չիրականացնող) և վերակարգի մեջ գտնվող զինծառայողներն այլևս չեն կարող օգտվել անվճար սննդից.- Մ.Պ.):
Հանուն արդարության՝ պիտի ասեմ՝ նախկինում, երբ դեռ կարող էին անվճար սնվել, սպաների մի մասը ճաշարանում ընդմիջում չէր անում, սակայն նոր սննդակարգի պայմաններում գրեթե բոլորը, կարծում եմ, ցանկություն կհայտնեն ընդմիջումը ճաշարանում անել։ Սա կարևոր խնդիր է, հույս ունեմ՝ այն լուծում կստանա մոտ ապագայում։
Եվ ամենակարևորը՝ պետք է ամեն ինչ անել, որ հասարակության ընկալման մեջ զինծառայողը դիտվի՝ որպես էլիտա։ Կարծում եմ՝ տարբեր առիթներ պետք է օգտագործել զինծառայողին հարգելու, մեծարելու և գնահատելու։ Պետք է հասնենք նրան, որ մեր անվտանգության երաշխավորը՝ մեր բանակը, և այնտեղ ծառայող ցանկացած մեկը հասարակության շրջանում դառնա և համարվի էլիտա։
– Դուք ինչ-որ չափով իմ հաջորդ հարցը շոշափեցիք, որը պատրաստվում էի հնչեցնել, այն է՝ Արցախում, ՀՀ-ում զինվորականներն այսօր, կարելի՞ է ասել՝ բավարար գնահատված չեն՝ հաշվի առնելով պարգևավճարների հետ կապված վերջին խնդիրը նաև: Այսօր գրավի՞չ է զինվորականի մասնագիտությունը:
– Զինվորականը, ինչպես ասացի, պետք է միշտ գնահատված լինի, աշխատավարձը բարձրացնելուց զատ, եթե մենք պարգևատրում ենք ինչ-որ, մեղմ ասած, ծիծաղելի գումարով, չեմ կարծում, որ դա գնահատելու լավագույն տարբերակն է: Ավելի լավ է չլիներ դա, քան, ասենք, 4000 կամ 5000 դրամով պարգևատրվեին: Դա՝ այն ֆոնին, երբ հասարակությունը տեսնում է մյուս գերատեսչությունների պարգևատրումները, ինչը զինվորականների պարգևատրումների ֆոնին արդարացի զայրույթ է առաջացնում հանրության և, հատկապես, զինվորականության շրջանում։