«Մարդկությունն ուղղակի վտանգված է. կմնան այն ազգերը, որոնք բնապաշտ են». Կարինե Դանիելյան
Աշխարհագրական գիտությունների դոկտոր, բնապահպան Կարինե Դանիելյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում անդրադառնալով եղանակային պայմաններին և տեղումների բացակայությանը՝ ասաց, որ եթե այսպես շարունակվի, ապա կունենանք չորացման, անապատացման խնդիր, գյուղատնտեսության ոլորտում՝ լուրջ խնդիրներ, և ըստ նրա՝ խնդիր կառաջանա նաև Սևանա լճի հետ. «Այսօր մեր մոլորակն ուղղակի ապակայունացված է, և մեզ մոտ էլ փաստորեն վատ վիճակ է, բայց ոչ այնքան վատ, ինչպես մյուս երկրներում: Մի մասում անապատացման ռիսկեր կան, մյուս մասում՝ ընդհակառակը՝ սելավներ, ջրհեղեղներ և այլն, այնպես որ, սա գլոբալ փոփոխության արտացոլումն է Հայաստանում»:
Նա նկատեց՝ ջուրն աշխարհում ամենադեֆիցիտ ապրանքն է դառնում, և Հայաստանում, ըստ նրա՝ ջրի հանդեպ վերաբերմունքը պետք է փոխվի. «Այս տարիներին մենք շատ անզգույշ օգտագործեցինք ստորգետնյա ջրերը, հատկապես՝ Արարատյան դաշտում, և տարբեր տեղերում ունեցանք 3-15 մետր ջրային մակարդակի անկում, որը շատ լուրջ իրավիճակ է ստեղծել: Սևանա լիճն այնպիսի վիճակում է, որ ճահճացումը կարող է հասնել մի մակարդակի, որ այլևս այդ ջրով ոռոգել էլ չլինի: Նախկինում մենք ասում էինք, որ Սևանը խմելու ջրի շտեմարան է տարածաշրջանում, հիմա այլևս խմելու պիտանի չէ, աղտոտված է: Մեր առաջնային նպատակն է՝ փրկել Սևանա լիճը: Մենք ուսումնասիրել ենք լիճը, և զարմացել էի՝ Սևանա լիճը կարծես հիվանդ օրգանիզմ լինի՝ մի փոքր մաքուր ջուր ես տալիս, կարծես դեղ տված լինես. նա մեկ տարվա ընթացքում արդեն դրական է պատասխանում: Այնպես որ, այստեղ խնդիր է մակարդակի բարձրացումը և մաքուր ջուր տալը»:
Գործող իշխանությունների հայտարարած 2020թ. 10 մլն ծառ տնկելու ծրագիրը, ըստ նրա՝ իրատեսական չէ. «Ճիշտ կլիներ՝ մասնագետների խումբ ստեղծել: Դա իրատեսական է տասնամյակների ընթացքում, ոչ թե մեկ կամ մի քանի տարվա: Կարելի է տնկել հսկայական քանակությամբ ծառեր, բայց այստեղ խնամքի, ոռոգման խնդիր կա: Իմ փորձն այդ առումով խիստ բացասական է: Ոռոգման խնդիր չունեցող տեղերը շատ փոքր են Հայաստանում, իսկ մնացած տեղերում պետք է ոռոգման հարցը լուծվի, հետո ծառը տնկվի»:
Բնապահպանին զարմացնում է այն, որ պետությունների ղեկավարները դեռ չեն տեսնում մոլորակում ստեղծված վիճակը. «Մարդկությունն ուղղակի վտանգված է, բայց չի հասկանում, որովհետև այն կոնֆլիկտի մեջ, որ մարդկությունը մտել է բնության, մոլորակի հետ, մենք գերագնահատել ենք մեր հնարավորությունները: Մոլորակը շատ լուրջ պատասխան է տալիս: Վերջին 50 տարվա ընթացքում աղետների քանակը և ուժգնությունը կրկնապատկվել է, իսկ վերջին 3-4 տարվա ընթացքում՝ քառապատկվել, և դա պատահականություն չէ: Միգուցե, սա գիտականորեն ապացուցել չեմ կարող, բայց իմ կարծիքով՝ տիեզերքը հիմա ընտրում է՝ որ ազգերը կմնան, որոնք՝ կվերանան: Այն ազգերը, որոնք բնապաշտ են, կմնան: Հայերը դեռ բնապաշտ չեն»:
Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում