Բաժիններ՝

Բալային համակարգը գործում է. արդեն վարորդներ են զրկվել մեքենա վարելու իրավունքից

ՀՀ Ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ, «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի կարծիքով՝ երթևեկության տեսանկյունից 2020 թվականը բեկումնային տարի է, և բալային համակարգը ՀՀ-ում պահանջված փոփոխություն էր, քանի որ տարեցտարի երթևեկության վիճակը վատանում էր:

«100 խախտումներից միայն 25-ի դեպքում են տուգանային միավորներ ավելացել, միևնույն ժամանակ՝ 100 խախտումների պատիժներից 28-ի ֆինանսական բեռը նվազել է մի քանի հարյուր անգամ, ընդհուպ՝ մինչև զրո դրամ: Բայց սա փոխարինվել է այլ լծակով, որն է՝ վարորդական իրավունքից զրկելը: Բարձր արագությամբ՝ 81կմժ-ից ավելի վարելու դեպքում նախատեսված է զրկում: Հատկանշական է, որ նախորդ տարիներին ավելի շատ զոհեր եղել են ալկոհոլ օգտագործելու, բարձր արագությամբ մեքենա վարելու և հանդիպակաց դուրս գալու դեպքում: Հետաքրքրական է, որ կարմիր լույսի դեպքում տրված է երկու միավոր, ընդ որում՝ 50.000 դրամից խախտումը դարձել է 25.000 դրամ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերգեյ Ղահրամանյանը:

Նրա խոսքով՝ փորձը ցույց է տվել, որ դրամական պատիժներն այլևս լծակ չեն հանդիսանում, և այն շրջանցելու համար գոյություն է ունեցել երկու մեխանիզմ. կամ մշտապես վճարել են տուգանք և խախտում կատարել՝ որքան ուզել են, կամ մի հատված էլ  հազարավոր խախտում է արել, սակայն համարվել են սնանկ և որևէ պատասխանատվության չեն ենթարկվել, ստեղծվել է անպատժելիության մթնոլորտ:

«Ոչ ոք չի ընկել վարորդների բալերի կամ վարորդական իրավունքի գործունեության հետևից, որովհետև 9 միավորն այն թիվն է, որի դեպքում վարորդների շուրջ 80 տոկոսը տարվա մեջ կարող է իրականացնել 3-5 խախտում: Վարորդների շուրջ 80 տոկոսը տարվա մեջ իրականացնում է 3-5 խախտում, մեծ մասը կարգապահ են»,- նշեց նա:

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ, փաստորեն, մարդկանց երկու անգամ են տուգանում՝ այսինքն և՛ բալ է հանվում, և՛ գումար են վճարում, Սերգեյ Ղահրամանյանն ասաց, որ այդպես չէ, խախտման իրավանորմն իր մեջ կարող է պարունակել հիմնական և լրացուցիչ տուգանք:

«Օրինակ՝ Քրեական օրենսգրքում կա գույքի բռնագանձում և կալանք, իսկ այստեղ ֆինանսական և տուգանային միավոր է: Այսինքն, մեկ տուգանք է համարվում, պատժվում է Վարչական օրենսգրքի մեկ հոդվածով: Արդեն մոտավոր հաշվարկով կա 100 արձանագրություն, 50-ի մասով կայացվել է որոշում: Վարորդական իրավունքից զրկված վարորդներ կան, օրինակ՝ ոստիկանի պահանջը չկատարելու, նաև խմածության դեպքերով: Ընդ որում, խմածության ստուգումից հրաժարվելը երկու տարով է զրկում: Հիմնականում մարզերում են շատ խմածության դեպքերը»,- հավելեց ՀՀ Ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամը:

Սերգեյ Ղահրամանյանի փոխանցմամբ՝ ուսումնասիրություն են կատարել, և հատկապես օնլայն տաքսի վարողները ամեն տարի նույնիսկ 5000 ուղևորություն են իրականացրել և տարվա մեջ ունեն 1-2 խախտում:

168.am-ի դիտարկմանը, որ նույն տաքսու վարորդները դժգոհում են՝ ասելով, որ կա կայանատեղիի խնդիր, ստիպված երկրորդ գիծ են կանգնում ու տուգանվում, ավելին՝ ուղևորը երբ բացատրում է, թե որտեղ է, սա համարվում է հեռախոսով խոսել, ու նույնպես տուգանվում է վարորդը, այդ դեպքում ի՞նչ պետք է անել, Սերգեյ Ղահրամանյանը պատասխանեց.

«Տաքսու վարորդներն ինչքան դիմել են Քաղաքապետարան և Ոստիկանություն, որտեղ ուզել են՝ կայանատեղիներ տրամադրվել են, այլ բան է, որ երկրորդ գիծ կայանումը, այո՛, խախտում է: Նախկինում էլ, մինչև 59 վայրկյան կանգառում կանգնելը, որը զուգորդվել է ուղևորի նստել-իջնելով, չի տուգանվել, բայց ես դեպք չգիտեմ, որ վարորդը մոտ երկու րոպե կանգնի, ու իրեն տուգանեն: Հեռախոսի դեպքում էլ տուգանելու դեպք չկա: Ոստիկանությունը գիտակցում է, որ տեղ հասնելիս մարդը պետք է զանգի պատվիրատուին ու տեղեկացնի, որ հասել է: Եթե նման բան լինի՝ բողոքարկման միջոցով կարելի է արդյունքի հասնել»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս