«Թրամփի ելույթից հետո, կարծես թե, համաշխարհային ապոկալիպսիսը հետաձգվեց». Արման Աբովյան
ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր էջում գրում է.
«Թրամփի «pragmatic» պատասխանը
Դե ինչ, Թրամփի ելույթից հետո, կարծես թե, համաշխարհային ապոկալիպսիսը հետաձգվեց։
Սակայն պետք է հստակ հասկանալ, որ ըստ էության, խոսքը գնում է ընդամենը Իրան-ԱՄՆ ՈՒՂԻՂ ռազմական բախումների դադարեցման մասին, իսկ հիբրիդային առճակատումը իհարկ է անպայման թեժանալու է։ Տեսե՛ք, Թրամփն ընդամենը հայտարարեց, որ առայժմ ԶԵՐԾ կմնա ուղղակի ռազմական հարվածներից Իրանի սուվերեն տարածքին, բայց դա բնավ չի նշանակում, որ նույն ԱՄՆ-ի կամ Իսրայելի ռազմական կառույցները չեն դադարի հարվածել իրանամետ խմբավորումներին տարածաշրջանում, կամ նույն իրանական «Կոդս» ստորաբաժանման անդամներին` Սիրիայում կամ Իրաքում։
Պրոցեսները տեսանելի դաշտից ոչ անսպասելի թևակոխեցին ծածուկ և կիսաընդհատակ վիճակ, որտեղ պայմանական մարտերը Իրանի և ԱՄՆ-ի միջև լինելու են առավել կատաղի, քան երբևէ։
Պետք է հստակ ֆիքսել, որ ամերիկացիները գործում են չափազանց էֆեկտիվ, երբ խոսքը գնում է հիբրիդային ռազմական գործողությունների մասին։
Իրանցիները, իհարկե, այս ամենը շատ լավ հասկանում են և հաստատ չեն նստի հանգիստ տեղները, այլ ավելի մեծ եռանդով և ուժով խարխլելու են ամերիկացիների դիրքերը Իրաքում, Սիրիայում, Լիբիայում և այլ պետություններում։ Չմոռանանք, որ Իրաքի իշխանություններն արդեն իսկ որոշում են ընդունել վտարել ամերիկական ռազմաբազաները իրենց տարածքից, և Իրանցիները այս թրենդը շատ ուժեղ խրախուսելու են։
Չմոռանանք, որ Իրանը փաստացի դուրս եկավ բոլոր համաձայնություններից` իր միջուկային ծրագրի հետ կապված,և դա ոչ պակաս մտահոգիչ է նույն Իսրայելի և ԱՄՆ-ի համար։
Եվ վերջում հավելեմ, որ, այո՛, Թրամփը պատասխանեց Իրանի ռմբակոծություններին «տնտեսական վրեժը» նախագծով։ Որքանո՞վ դա կլինի էֆեկտիվ, ցույց կտա ժամանակը, բայց այն փաստը, որ առճակատումը շարունակվելու է, անհերքելի է»: