Ի՞նչ նպատակ է հետապնդում Գլխավոր դատախազության կողմից ժամկետանց հաղորդագրության վերաթարմացումը

Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը մամլո հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչ Ք. Խ.-ին, ինչպես նաև նրան օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ նշված ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող Գ. Գ.-ին: Վերջինիս կողմից վերականգնվել է պատճառված վնասը:

Սա, հիշեցնենք, տարածվել է այսօր, և խոսքն ԱԺ-ի համար հուշամեդալներ պատվիրելու գործընթացի ու դրա հետևանքով պետությանը նյութական վնաս պատճառելու մասին է:

Իսկ «ԱԺ աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել» վերնագիրը դեռևս 2019 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Քննչական կոմիտեի կայքում տեղադրված ու լրատվամիջոցներով տարածված մամլո հաղորդագրության վերնագիրն է:

Հաջորդիվ կարդում ենք. «Նախաքննությամբ պարզվել է, որ բաժնի վարիչը, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ոսկերչական ոլորտում գործունեություն իրականացնող իր ծանոթին օգնելու նպատակով, խախտելով «ՀՀ ԱԺ պատվո մեդալ»-ի և «ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ»-ի ձևերը սահմանելու մասին որոշումները, 2015-2017 թվականների ընթացքում սահմանված տեխնիկական բնութագրին  չհամապատասխանող, շուկայականից էականորեն բարձր գներով` 32.000-40.000 ՀՀ դրամ արժողությամբ, ձեռք է բերել 278 հատ «ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ» և 75 հատ «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ», որի համար փոխանցվել է ընդհանուր 12.338.500 ՀՀ դրամ գումար:

Սակայն հիշյալ մեդալների փոխարեն մատակարարվել են նույն քանակի 3.726-4.206 ՀՀ դրամ արժողությամբ, պղինձ-ցինկի համաձուլվածքից պատրաստված, ընդհանուր 1.462.917 ՀՀ դրամ արժողությամբ մեդալներ, ինչի արդյունքում վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով՝ 9.359.083 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ԱԺ աշխատակազմի Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ»:

Ինչպես ասում են, գտեք տարբերությունները: Տարբերություն, այնուամենայնիվ, կարծես թե կա. Կալանավորում խափանման միջոցը երկուսի դեպքում էլ փոխարինվել է գրավով:

Եվ վերջում, երկու գերատեսչությունների դեպքում էլ՝ նախաքննությունը շարունակվում է:

Անհասկանալի է միայն, թե ինչ խնդիր է լուծում իր համար Դատախազությունը, եթե այդ գործով զարգացումներ չկան, երբ այսօր տարածում է շուրջ 4 ամիս առաջ ՔԿ-ի տարածած հաղորդագրությունը:

Ժամկետանց լուր տարածելը ճիշտ գործելակերպ չէ թե լրատվամիջոցների, թե պետական գերատեսչությունների համար, և հույս ունենք, որ հաջորդ անգամ ԶԼՄ-ներին այդ հարցում մեղադրելուց առաջ գերատեսչություններն ավելի զգույշ կլինեն:

Տեսանյութեր

Լրահոս