Արսեն Թորոսյանին սպասարկում է 20 միլիոն դրամ արժողությամբ մեքենա. Գևորգ Գրիգորյան
«Ներկայիս իշխանությունը եկավ իշխանության՝ մատնացույց անելով նախկինների կոռուպցիոն ռիսկերը, համատարած կոռուպցիան և գումարների բաշխումը խնամի-ծանոթ-բարեկամների մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ուռոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը:
Նա մի քանի կետով անդրադարձավ Առողջապահության նախարարությունում տեղ գտած կոռուպցիոն դրսևորումներին:
«Օրինակ, Առողջապահության նախարարության տեղակալը ձերբակալվեց երեք հազար դոլար կաշառքի գործով: Հետաքրքիր էր հատկապես մեծ պետպատվերներ ստացած բուժհիմնարկների գովաբանումը Առողջապահության նախարարի հասցեին, հանուն ինչի՞: Փոքր կլինիկաները չէին գովաբանում Առողջապահության նախարարին, բայց մեծ չափի, գիգանտ՝ 1.5-2 ու ավելի միլիարդների պետպատվեր ստացող բուժկենտրոնները բավականին լուրջ գովաբանում էին նախարարին. դա իրենից կոռուպցիոն ռիսկ է ենթադրում»,- ասաց առողջապահության կազմակերպիչը:
Գևորգ Գրիգորյանն անդրադարձավ նաև Առողջապահության նախարարի կնոջ ղեկավարած բուժհիմնարկի պետպատվերին, որի չափը երեք անգամով մեծացել է, այնինչ Ա.Թորոսյանի կինը, ըստ առողջապահության կազմակերպչի, «դրամատիկ» նամակ էր գրել ամուսնուն, որ իրենք այլևս չեն ուզում պետպատվեր ստանալ:
Նա շեշտեց նաև բժշկական էթիկայի նորմերի խախտումները, որ տեղ են գտել Առողջապահության նախարարի գործունեության մեջ. «Ներկայիս Առողջապահության նախարարությունում այլ պատկերացում ունեն բժշկական էթիկայի մասին, որոնք սահմանափակվում են մանկական դագաղներով, կամ «Զինվորի տան» համար ֆինանսական ներդրում չանելու համար ասել, որ այդ 50-ն էլ հաշմանդամ են ու 50-ն էլ հաշմանդամ կմեռնեն: Դա դրսևորվում է Ուռուցքաբանական կենտրոնում ծեծկռտուքով, երբ բժշկական կենտրոնի լաբորատորիայի ղեկավարին, գիտությունների թեկնածուին առաջարկում են բանվորի հաստիքով աշխատել»:
Գրիգորյանը նշեց, որ կոռուպցիայի մեջ մեղադրվող աշխատանքից հեռացված Արա Մինասյանից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնում շարունակում է պահպանվել կոռումպացված վիճակը:
«Այդ կոռումպացված գործելաոճը մենք կարող ենք տեսնել նաև հիմա: Օրինակ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոնի տնօրինությունը չի հրապարակում իր գնումների ընթացակարգերը: Գնումներն իրականացնում են հիմնականում մեկ անձից, իսկ երբ հայտարարված մրցույթին իրենց յուրայինը չի հաղթում՝ տեղի է ունենում բողոքարկում, այդ բողոքարկումը ձգձգվում է այնքան ժամանակ, մինչև բուժկենտրոնն այդ ապրանքի կարիքը շատ խիստ ունենա, և կրկին հիմնավորվում է մեկ անձից գնումներ կատարելը: Դա հստակ կոռուպցիոն մեխանիզմ է, որն իրավապահ մարմինների աչքից չպետք է վրիպեր, բայց կամ պատահականությամբ, կամ դիտավորությամբ վրիպում է»,- նկատեց ուռոլոգը:
Գևորգ Գրիգորյանին մտահոգում է նաև պոլիոմելիտի պարտադրաբար պատվաստման փորձը: Նա ասաց, որ ավելացած պոլիոմելիտի պատվաստանյութի ոչնչացումը որոշակի ծախսեր ու ընթացակարգ է ենթադրում, և Առողջապահության նախարարությունը, ամենայն հավանականությամբ, այդ ծախսերից խուսափելու համար պարզապես դիմել է հեշտ միջոցի՝ միջանկյալ պատվաստման:
«Հոկտեմբերի 3-ին Առողջապահության նախարարը հրապարակում է մի տվյալ, որտեղ Սևանի բուժկենտրոնում հայտնաբերվել է մեքենա, որը գնվել է պետականորեն սահմանվածից շատ ավելի բարձր գնով: Իսկ որևէ մեկին հետաքրքրո՞ւմ է, թե այդ մեքենան ինչ եղավ:
Այդ մեքենան շատ տարօրինակ կերպով Առողջապահության նախարարի աշխատակազմին նվիրաբերեց Սևանի հոգեբուժարանի տնօրեն Շավարշ Գրիգորյանը, ով շատ զարմանալի պատահականությամբ մի քանի ամիս անց դարձավ առողջապահության նախարարի տեղակալ: Այդ մեքենան այժմ սպասարկում է Առողջապահության նախարարին: Ֆինանսների նախարարության 938. Ա որոշմամբ սահմանված կարգով պետական մարմիններին և հիմնարկներին սպասարկող մեքենաների արժեքը 15 միլիոն դրամից ավելի չպետք է լինի, այնինչ այս մեքենայի արժեքը 20 միլիոն դրամից ավելի է»,- հայտարարեց Գևորգ Գրիգորյանը:
Նա նկատեց, որ Արսեն Թորոսյանը միակն է նախարարներից, ում այդպիսի թանկարժեք մեքենա է սպասարկում:
Հայկանուշ Ալոյան