Ի՞նչ կարող են անել խախտումներ թույլ չտված, բայց տուգանված վարորդները
«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ ներդրվող բալային համակարգը որոշ չափով կսթափեցնի վարորդներին.
«Վարորդները կփորձեն երթևեկության կանոններին համապատասխան երթևեկել՝ գիտակցելով, որ կարող են զրկվել վարորդական վկայականից: 1 տարվա համար նախատեսված է 9 բալ, ով կսպառի այդ 9 բալը, կկասեցվի նրա վարորդական վկայականը: Կան կոպիտ խախտումներ, որոնց դեպքում վարորդական իրավունքից կզրկվեն: Հարբած վիճակում մեքենա վարելու, 81 և ավելի արագություն գերազանցելու դեպքում վարորդական իրավունքից կզրկվեն 1 տարի ժամկետով»:
Ինչ վերաբերում է կայանատեղիների խնդիրներին, ապա նա նշեց, որ հիմնական լուծումը քաղաքային իշխանությունը պետք է իրականացնի. «Երևանի քաղաքային իշխանությունը պետք է շրջանցիկ ճանապարհներ ստեղծի Երևան քաղաքի համար, քաղաքային տրանսպորտի մասին չեմ խոսում: Պետական աշխատողների, ինստիտուտների ժամանակային գրաֆիկի փոփոխություն պետք է իրականացնել, ինչո՞ւ չէ՝ նաև որոշ պետական մարմինների աշխատավայրերի տեղափոխում իրականացվի կենտրոնական մասից»:
Նա ընդգծեց՝ եթե ՃՈ-ն շուրջօրյա շրջիկ հսկողություն իրականացնի, ապա վարորդները խախտում կատարելու փորձ չեն անի: Գազալցակայանների հետ կապված խնդիրների վերաբերյալ հետևյալն ասաց. «Վերջերս փոփոխություն կատարվեց, մետր խորանարդով վաճառքը փոխարինվեց կիլոգրամով, և այնտեղ արդեն բիզնես իրականացնողները չէին կարողանում էլ խաբել, իսկ հիմա արդեն գնի հետ է կապված, և երևի ինչ-որ միջոց են գտել նաև այդ կիլոգրամը խաբելու համար: Բայց ցանկացած քաղաքացի կարող է իր բողոքը ներկայացնել Շուկայի վերահսկողության տեսչությանը, որը շատ արագ արձագանքում է, և շատ արագ լուծվում է տվյալ լցակայանի խնդիրը»:
Տիգրան Քեյանը երթևեկության կանոնների վերաբերյալ կրթական լուրջ ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն է տեսնում. «Պետք է դպրոցում դաստիարակեն քաղաքացիներին, որովհետև վարորդը եթե ինչ-որ չափով սովորում է ճանապարհային երթևեկության կանոնները, որոշակի օրենքներ, բայց հետիոտնը ոչ մի կանոն չի սովորում: Իսկ մենք գիտենք, որ հետիոտնը, հեծանվորդները, բոլորը երթևեկության մասնակիցներ են և պետք է իրենց պարտականություններն իմանան: Այդ մասով ներկայիս իշխանությունը լուրջ անելիքներ ունի՝ հենց դպրոցներում ճանապարհային երթևեկության կանոնների դասավանդման ներդրումն իրականացվի: Վրաերթերի մեծ մասը հետիոտնի մեղքով է»:
Հարցին՝ որոշ վարորդներ բողոքում են, որ խախտումներ չեն անում, բայց գալիս են տուգանքներ, նման բան հնարավո՞ր է, նա պատասխանեց. «Տեխնիկապես՝ այո, հնարավոր է: Կարող է մեքենան վնասված լինել, բայց սխալ տեղ կայանված լինել, և իրեն տուգանում են, և ըստ էության վարորդի մեղքը չկա: Մեկ այլ վարորդ կարող է խախտում արած լինել, բայց օպերատորն այլ անձի նշած լինի, և իրավախախտումը գնա այլ անձի: Տեխնիկական թերություներ լինում են, բայց համատարած չեն: Նման դեպքերում հիմա պարտադիր է վերադասության կարգով բողոքարկումը. ՃՈ-ին եք առաջին բողոքը ներկայացնում, որը տեսնելով ձեր դիմումը, որ սխալ անձի են տուգանել, ամբողջությամբ կբեկանի: Նախկինում քաղաքացին էր որոշում՝ ՃՈ-ի՞ն բողոքարկել, թե՞ վարչական դատարան, բայց արդեն դեկտեմբերի 1-ից օրենքն ուժի մեջ մտավ, որ պարտադիր է մինչև դատարան դիմելը ՃՈ-ին բողոք ներկայացնել»:
Անդրադառնալով ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու վերաբերյալ ավտոներկրողների բողոքին՝ Տիգրան Քեյանն ասաց, որ այսօր ավտոներկրողների համար պետությունն իդեալական պայմաններ է ստեղծել. «Նրանք վերավաճառքի արդյունքում շատ փոքր հարկ են տալիս, և այնտեղ պայմաններ են ստեղծվել, որ մեքենան շատ հեշտ կարողանան գրանցել այլ անձի անունով՝ ինչ-որ տեղեկանք բերելով: Մի շարք արտոնություններ է տվել, և իրենք չպետք է բողոքեն Գյումրիում մաքսազերծում իրականացնելուց»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում