Նիկոլի արցախյան տաբուն
Գրեթե բացարձակ ճշմարտություն է այն պնդումը, որ Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացը հայ իրականության համար ունի գերկարևոր, հաճախ նաև՝ առաջնային կարգավորման նշանակություն, և պատահական չեն այն մոտեցումները, որ ՀՀ-ում իշխանութունների երկարատևության և հաստատուն քաղաքականություն իրականացնելու համար Արցախի հարցի լուծումն ունի անմիջական ազդեցություն։
Ավելին՝ հաճախ հենց այս ցավոտ հարցի կարգավորման անորոշությունն ու փակուղային իրավիճակներն առիթ են հանդիսացել հայաստանյան ներքաղաքական կյանքում անկյունաքարային զարգացումների առանցք ստեղծելու գործում։ Ուստի պատահական չեն այն մոտեցումները, որ Արցախում տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթաց իր սինքրոն արձագանքն է ստանում հայաստանյան տիրույթում։
Խոսելով Արցախի հարցի կարգավորման տենդենցների մասին՝ պետք է արձանագրել, որ անցնող տարում այդ ցավոտ հարցի հետ կապված ոչ մի ձեռքբերում և առաջընթաց չի արձանագրվել, չնայած այն հայտարարություններին, որ ՀՀ նորընծա իշխանությունները, պատեհ ու անպատեհ առիթով, պարբերաբար Արցախի խնդիրը դարձնում են շահարկման առարկա և սեփական քաղաքական թեզերն առաջ տանելու և դրանց միս ու արյուն հաղորդելու գործոն։
Փաստ է, որ Արցախը հայ իրականության համար ունի զգայական լուրջ ազդեցություն, փաշինյանական իշխանությունն այն դարձրել է «բերանի ծամոն» և հորջորջում է հարցի հետ կապված տարբեր ինտրիգային թեզեր։ Դժվար է պատկերացնել, առավել ևս, Նիկոլ Փաշինյանին մեղադրել «հող հանձնելու» գործընթացն առաջ տանելու մեջ, սակայն այն անատամ արտաքին քաղաքականությունը, որը վարում են այսօրվա իշխանությունները, Արցախի հարցում լուրջ մտահոգությունների առիթ են ստեղծում։
Իշխանության գալուց հետո Փաշինյանի ոչ պրոֆեսիոնալ ու զգացմունքային անհեռատեսության արդյունքում արված հայտարարություններն անմիջական ազդեցություն ունեն հարցի բանակցային գործընթացի վրա, անկախ նրանից, թե այդ հայտարարություններից ինչ «կռուտիտների» ալիք կբարձրանա։
Միանշանակ, այսօր փաստացի ունենք այնպիսի մի իրավիճակ, որն ուղղակիորեն վնասում է հայկական բանակցային դիրքերին։ ՀՀ և Արցախի անվտանգության խորհրդի վերջին համատեղ նիստում Փաշինյանը հայտարարել է, որ «ավելացել է բանակցային գործընթացում արցախյան կողմի ներգրավվածության մակարդակը, ինչպես նաև ավելացել է միջազգային հանրության ընկալումը, որ անհրաժեշտ է այդ ներգրավվածությունը»։ Իսկ իրականում ի՞նչ տեղի ունեցավ․ 2019-ի մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած նիստի ժամանակ Փաշինյանի արած այն հայտարարությունը, որ «Արցախը պետք է դառնա բանակցային կողմ», նույն միջազգային հանրության կողմից բացասական ընկալում ունեցավ, ավելին՝ անգամ ակնարկներ եղան, որ «բանակցային կողմերը լինեն ավելի զուսպ և ապակառուցողական հայտարարություններ չանեն, որպեսզի բանակցային գործընթացին չվնասեն»։
Անգամ տեղեկություններ կան, որ ՄԽ համանախագահները Փաշինյանի այս հայտարարությանը ծանոթացել են ուղիղ եթերի ժամանակ, ասել է թե՝ նախապես ոչ մի համաձայնեցվածություն չի եղել, և ամեն ինչ արվել է սպոնտան՝ բանակցության միջնորդ կողմին ակնհայտ դիսկոմֆորտ դրության մեջ դնելով։ Համանախագահների հայտարարություններից և հնչեցրած թեզերից պարզ դարձավ, որ նրանք խիստ են գնահատում Փաշինյանի նման հայտարարությունը։
Իրականում տեղի ունեցածը վկայում է Փաշինյանի փնթի, անփույթ քաղաքականություն վարելու մասին, քանի որ նման առանցքային հայտարարությունից առաջ նա պարտավոր էր նախապես համանախագահների շրջանում սեփական գաղափարների կողմնակիցներ ունենալ, հետո նոր միայն նմանօրինակ թեզեր առաջ քաշել։
Անվտանգության խորհրդի նիստում Փաշինյանի կողմից առաջ քաշված գաղափարները հերթական քաղաքական մանիպուլյացիաներն են, քանի որ անգամ ոլորտի խորացված մասնագետ չլինելով՝ ակնհայտ է, որ Արցախի հարցում նա բացահայտ ձախողել է, և իրականում բանակցային գործընթացում ոչ մի ներգավվածության մակարդակի ավելացում գոյություն չունի։
Փաստենք մի կարևոր առանձնահատկություն, որն իր կառավարման ընթացքում այդպես էլ չհնչեց Փաշինյանի շուրթերից, այն է՝ «Արցախը ոչ մի կարգավիճակում չի կարող լինել Ադրբեջանի կազմում»։ Այս պնդումը գործող իշխանության համար մի տեսակ տաբու է, որը ոչ մի կերպ չեն կարողանում հաղթահարել, ի դեպ՝ այս թեզը Զագրեբում հստակ հնչեցրեց Երրորդ նախագահը, որ Ադրբեջանում ուշադիր ֆիքսեն այդ բառակապակցությունը։
Իմիջիայլոց, ՀՀ գործող իշխանությունները բավականին դժվարությամբ են արտաբերում (գրեթե չեն օգտագործում) «Արցախ» տերմինը։
Մի հետաքրքիր դրվագ ևս․ նախօրեին Փաշինյանը հայտարարեց, որ «Ղարաբաղը չի ունենա 1986-1987թթ․ ստատուս-քվոն», ասել է թե՝ ինքնավար մարզի կարգավիճակ Ադրբեջանի կազմում, սակայն, եթե այս մոտեցման հետ համադրենք Տեր-Պետրոսյանի 1992-ի մարտի 5-ին ռուսական լրատվականներից մեկին տված հարցազրույցը, որտեղ նա հստակ հայտարարում էր, որ «ինքը դեմ չէ ԼՂ վերադարձին Ադրբեջանի կազմում՝ որպես ինքնավար մարզ», ընդհանուր պատկերը դառնում է ավելի տեսարժան, քանզի նման ալեգորիկ ձևակերպումները հերթական անգամ տարընթերցումների ու լրացուցիչ մեկնաբանությունների առիթ են հանդիսանալու։ Պարզ ու հստակ գնահատական ոչ մի կերպ չի հնչում Փաշինյանի կողմից։
Ամփոփելով՝ նշենք մի հատկանշական հանգամանք․ վերջին մոտավորապես երկու տարվա ընթացքում Արցախի վերաբերյալ գործող իշխանությունները մի քանի «լաբորատոր փորձարկումներ» իրականացրեցին՝ տարբեր մեթոդներով որոշ քաղաքական փորձարկումներ իրականացնելով։ Կարևոր է ֆիքսել այն դրվագը, որ, երբ Փաշինյանը խոսում է Արցախի սուբյեկտանյության բարձրացման մասին, միանգամից մոռանում է, որ հենց իր իշխանության տարիներին է, որ շրջանառության մեջ է դրվել «ադրբեջանական համայնք» հասկացությունը, իսկ նա ներկայությամբ Բակո Սահակյանին դիմում են՝ որպես «պարոն մարզպետ»։ Արցախում դավադիր ուժեր փնտրելու աբսուրդ գաղափարը Փաշինյանի իշխանության կողմից հանրային դիսկուրսում ներդրած մանիպուլյատիվ թեզերի գլուխգործոցներից էր, ըստ որի՝ Փաշինյանի ցանկությամբ հերոս գեներալները դարձան պատերազմ սադրող ու Արցախի շուրջ լրացուցիչ ինտրիգ ու լարվածություն ստեղծող դավադիր կենտրոններ։ Փաստացի Փաշինյանը դավադիր ուժ է անվանում նրանց, ովքեր ժամանակին հող են ազատագրել։
Արմեն Հովասափյան