Արմեն Գրիգորյանը կա՛մ իրավիճակին չի տիրապետում, կա՛մ, մեղմ ասած, ճիշտ չի ասում

Այսօր «Ազատությանը» տված իր հարցազրույցում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը խոսել է հայ-ամերիկյան և հայ ռուսական հարաբերությունների, ինչպես նաև այս տարի ձեռք բերված զենքերի քանակի մասին:

«Հայաստանն աննախադեպ քանակի զենք է ձեռք բերել 2019թ., և մենք մեծ ներդրումներ ենք կատարել այս ուղղությամբ, և նույնիսկ լայնածավալ, նոր զենք ձեռք բերելու պայմանավորվածություն ենք ունեցել: Եվ մենք մեր առջև խնդիր ենք դրել փակելու 80-ականների զենքով կռվելու ընդհանուր այդ փիլիսոփայության էջը մեր պատմության մեջ»,- ասել է ԱԽ քարտուղարը:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերությունների իր գնահատականին՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ կարծում է՝ մակրո մակարդակում դրանք շատ լավ են, և հենց 2019թ. էլ մակրո մակարդակում այդ հարաբերությունները շատ լավ են եղել:

«Միայն մեկ ցուցանիշ ասեմ: 2019թ. առևտրաշրջանառությունը Ռուսաստանի ու Հայաստանի միջև եղել է 1.7 միլիարդ դոլար: 2019թ. առաջին 9 ամիսների ընթացքում 1.7 միլիարդ դոլարից մի քիչ ավելի էր արդեն, այսինքն՝ սովետական բառապաշարով ասած՝ հնգամյակը մենք երեք տարում ենք փակել: Եվ նաև միկրո մակարդակում էլ որոշակի խնդիրներ եղել են, և կարող եմ ասել՝ այդ խնդիրների մեծ մասն ավելի շատ մեդիայի և ֆեյքնյուզի արդյունք էր, որովհետև մինչև հոկտեմբեր ամբողջ հայկական մեդիան թմբկահարում էր, որ, օրինակ, Վլադիմիր Պուտինը չի այցելի Հայաստան, թմբկահարում էին, որ Հայաստան սպառազինություն չի մտնում, բայց պարզվում է, որ 2019-ին աննախադեպ քանակի զենք ենք ձեռք բերել»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

Վերջինս նշում է, որ հարաբերություններում զարգացման դինամիկա կա, և եթե տարվա սկզբին խնդիրներ եղել են, ապա տարվա վերջում կարող ենք ֆիքսել, որ հայ-ռուսական հարաբերությունները 2018թ. մայիսից նայելու տեսանկյունից՝ իդեալական վիճակում են, ու այդ հարաբերությունները զարգացնելու պոտենցիալ էլ կա:

Հայ-ամերիկյան հարաբերությունների մասին խոսելիս ԱԽ քարտուղարն ասաց, թե կարելի է ասել, որ 2019թ. կրկին մենք դինամիկ զարգացում ենք ունեցել:

«Տարվա ընթացքում նաև մենք սկսել ենք ռազմավարական երկխոսություն Միացյալ Նահանգների հետ: Եղել է Ազգային ժողովի նախագահի այցը Միացյալ Նահանգներ, գործընկերների հետ հանդիպումներ: Դրանք բոլորը հենց այդ դրական տենդենցի մասին են, և Ցեղասպանության ճանաչումը ևս հայ-ամերիկյան հարաբերություններին նոր լիցք հաղորդելու, հայկական համայնքի պահանջներին համապատասխան քաղաքական որոշում կայացնելու շատ ահռելի դրական քայլ էր: Ի դեպ, գիտեք, որ 2019թ. ԱՄՆ-ը Հայաստանին օգնություն տրամադրելու իր որոշման մեջ փոփոխություններ է կատարել, ավելացրել է այն. եթե չեմ սխալվում, 40 միլիոնը 60 է դարձել, և այն ռազմավարական երկխոսությունը, որ կա Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև, ես կարծում եմ, որ դինամիկ զարգացման արդյունք է»,- ասել է Արմեն Գրիգորյանը:

Հայ-ամերիկյան ու հայ-ռուսական հարաբերությունների մասին ՀՀ ԱԽ քարտուղարի հնչեցրած հայտարարությունները 168.am-ը խնդրեց մեկնաբանել միջազգայնագետ, «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» հիմնադիր Սուրեն Սարգսյանին:

Վերջինս նկատեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ զարգացման մասին հայտարարության համատեքստում կարելի է առանձնացնել 2019թ. տեղի ունեցած կամ իրականում տեղի չունեցած մի քանի հանգամանք:

«Նախ և առաջ՝ պետք է նշել, որ նույն ինքը՝ ԱԽ քարտուղարը, իշխանափոխությունից հետո փորձ կատարեց հանդիպել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ, սակայն ընդունելության չարժանացավ, և Վաշինգտոնում նրան ընդունեց Անվտանգության խորհրդի աշխատակիցներից մեկը, ով ընդամենն օրեր անց լքեց այդ պաշտոնը»,- ասաց Սուրեն Սարգսյանը:

Միջազգայնագետը նշեց, որ դժվարանում է ասել՝ ինչ դինամիկ զարգացման մասին է խոսում ԱԽ քարտուղարը, եթե հաշվի առնենք, որ իշխանափոխությունից հետո առ այսօր որևէ հանդիպում չի եղել վարչապետ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Թրամփի, վարչապետ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Փենսի, պաշտպանության նախարարի և պաշտպանության քարտուղարի, ՀՀ արտաքին գործերի նախարարի և պետքարտուղարի միջև, հանդիպում չի եղել ԱՄՆ-ում այդ պահին գտնվող ՀՀ տրանսպորտի նախարարի և  ԱՄՆ տրանսպորտի քարտուղարի միջև:

«Այնպես որ, ես դժվարանում եմ ասել, թե ի՞նչ է նշանակում՝ հարաբերությունների դինամիկ աճ, բայց, համենայն դեպս, երկկողմ բարձր մակարդակի հարաբերությունների բացակայությունը խոսում է օրակարգի սակավության կամ առհասարակ բացակայության մասին»,- ասաց «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» հիմնադիրը:

Ինչ վերաբերում է կոնգրեսականների այցերին, ըստ Սուրեն Սարգսյանի՝ դրանք բացառապես պայմանավորված են եղել Կոնգրեսի նախաձեռնություններով կամ հայ համայնքի և լոբբիստական կառույցների ակտիվությամբ:

«Իսկ եթե խոսում ենք Կոնգրեսի 2 պալատների կողմից Ցեղասպանության ճանաչման փաստի մասին, ապա դա էլ բացառապես պայմանավորված է եղել Վաշինգտոնում տիրող հակաթուրքական գլոբալ տրամադրություններով և հայկական համայնքի լոբբիստների ակտիվ և ճկուն աշխատանքով, ինչին Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չեն աջակցել»,- ասաց Սուրեն Սարգսյանը:

Մեր հարցին, թե որևէ մակարդակում հայ-ամերիկյան միջպետական պայմանագրեր չե՞ն կնքվել, միջազգայնագետը պատասխանեց, որ որևէ միջպետական պայմանագիր չի կնքվել:

«ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրվող օգնությունն ավելացել է շուրջ 40 տոկոսով, ինչի մասին դեսպանը խոսել է, սակայն միևնույն ժամանակ՝ պետք է հաշվի առնել, որ նույն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված և Սենատ ուղարկված Հայաստանին լրացուցիչ 40 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու վերաբերյալ փաթեթը մոռացության է մատնվել, և նաև Հայաստանի անհետևողականության շնորհիվ՝ այն մեզ այդպես էլ չի տրամադրվել»,- հավելեց ամերիկագետը:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերությունների իդեալական լինելու վերաբերյալ ԱԽ քարտուղարի պնդմանը, Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ Արմեն Գրիգորյանը փորձում է խմբագրել իր նկատմամբ ունեցած ՌԴ իշխանությունների մոտեցումը:

«Բոլորին է պարզ, և ռուսական կողմն էլ գաղտնի չի պահում, որ Անվտանգության խորհրդի քարտուղարի նկատմամբ կա անվստահություն, և դա պայմանավորված է նրա հ/կ-ական և սորոսական անցյալով»,- ասաց Սուրեն Սարգսյանը:

168.am-ի հարցին, թե ո՞ր պարագայում ռուսական կողմը կսկսի աշխատել Անվտանգության խորհրդի հետ, միջազգայնագետն ասաց, որ հայաստանյան մամուլով շատ տեղեկություններ շրջանառվեցին առ այն, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները փորձում են շրջանցել Հայաստանի Անվտանգության խորհուրդը, և իրենց աշխատանքները կոորդինացնում են իրենց ուղիղ գործընկերների հետ:

«Եվ սա, կարծում եմ, կտևի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի ԱԽ քարտուղարը մի մարդ է, ով անցյալում հայտնի է եղել՝ որպես ընդգծված հակառուս, ով իր հարցազրույցներում պնդել է, որ Ռուսաստանը չի կարող զարգանալ, քանի դեռ ՌԴ նախագահը Պուտինն է, ունի հակառուսական գործչի համբավ: Բնական է, որ պաշտոնին նշանակվելուց հետո իր մոտեցումները հանրորեն, բնականաբար, կփոխի, բայց չեմ կարծում, որ նա իր հակառուսական կերպարի միջից դուրս է եկել»,- եզրափակեց Սուրեն Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս