Կրթության ոլորտում հասարակական դաշինքի կարիք կա
Հայաստանի կրթության ոլորտի գլխավոր հարցն այն է, թե ինչից է պետք սկսել իրավիճակի բարելավումը։ Ցավոք, այս հարցը երբևէ չի դրվել Հայաստանի կրթության օրակարգում։ Թերևս, միակ բացառությունը 1990-ական թվականների վերջն էր, երբ համակարգային բարեփոխումների հարցեր էին քննարկվում։ Հենց այդ շրջանում ընդունվեց «Կրթության մասին» ՀՀ օրենքը, Կրթության զարգացման պետական առաջին ծրագիրը, սկսվեց կրթության ֆինանսավորման և կառավարման համակարգի բարեփոխումը։ Բայց այդ ամենն արվում էր նախարարության պատերի ներսում, առանց համակարգի խաղացողների ներգրավման։
Այսօր էլ չունենք հստակ օրակարգ և չունենք առաջնահերթությունների, քայլերի հերթականության մասին որևէ փաստաթուղթ կամ ծրագրային նյութ։ Օրինակ՝ շատերը կարծում են, որ օրենքներ ընդունելը, չափորոշիչներ փոխելը, ռազմավարություններ ընդունելը բավարար են կրթական համակարգը զարգացնելու համար։ Բայց այդպես չէ։ Հայաստանի կրթության հիմնական խնդիրն այն է, որ չունենք կրթական համակարգ, կամ այն, ինչ ունենք, չգործող համակարգ է կամ համակարգի իմիտացիա։ Եթե չունենք գործող համակարգ, ապա հարց է առաջանում, թե ինչն ենք բարեփոխում։
Նախ՝ պիտի համակարգ ստեղծենք, հետո նոր մտածենք այն բարեփոխելու մասին։ Այն ինչ մենք անում ենք, պատկերավոր կարելի է ներկայացնել հետևյալ կերպ։ Չունենք տուն ու տանիք, բայց Եվրոպայից ներկրում ենք բազմոց, կահույք և այլ պարագաներ, որոնք անձրևի ու ձյան հետևանքով կարճ ժամանակ անց շարքից դուրս են գալիս։ Նույն ձևով մենք արտերկրից ներկրում ենք բարեփոխումներ, որոնք որոշ ժամանակ անց չեն աշխատում, քանի որ չունենք այդ բարեփոխումները կլանող համակարգ։
Իսկ ի՞նչ է նշանակում՝ համակարգ չունենալ։ Մենք չունենք կրթության համակարգ, քանի որ այդ համակարգի ամենակարևոր խաղացողները՝ սովորողները, լուրջ չեն վերաբերվում կրթությանը։ Մենք չունենք կրթության համակարգ, քանի որ մանկավարժներն աշխատում են մի քանի տեղ, չեն ստանում բավարար աջակցություն, ինչի արդյունքում կարճ ժամանակ անց մասնագիտորեն «մաշվում են» և կորցնում մոտիվացիան։ Կարճ ասած. Աշակերտներն ու ուսանողները չեն ուզում սովորել, ուսուցիչներն ու դասախոսները չեն կարողանում սովորեցնել։ Ակնհայտ է, որ Հայաստանում դպրոցականների մեծ մասը լուրջ չի ընդունում սովորելը։ Փոքր տարիքում ուսուցիչները կարգապահական միջոցներով կարողանում են կառավարել երեխաներին։ Բայց 7-8-րդ դասարանից սկսած այլևս անհնար է դառնում երեխաներին միայն դիսցիպլինար միջոցներով կառավարելը։
Երկրում չունենք սովորելու միջավայր։ Երեխաներին թվում է, թե Հայաստանում հաջողության հասնելու համար շատ ավելի կարևոր է կապեր ունենալը, քան գիտելիքը։ Հետևաբար՝ ինչո՞ւ ընտրել սովորելու դժվար ճանապարհը, եթե կարելի է լավ շրջապատ ունենալու միջոցով ավելիին հասնել։ Իհարկե, դա ճիշտ չէ, քանի որ գիտելիքի միջոցով հաջողության կարող են հասնել շատերը, իսկ շրջապատի միջոցով հաջողության կարող են հասնել միայն իշխանության ներսում կամ կողքին գտնվող փոքրաթիվ մարդիկ։ Այս մտածելակերպի դրսևորումն է այն իրողությունը, որ ավագ դպրոցում, բուհերում մենք լրջագույն խնդիրներ ունենք հաճախումների հետ կապված։ Օրինակ՝ մտածում եմ, թե ինչպես կարող է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը նպաստել հաճախումների բարելավմանը։ Ոչ մի կերպ։ Այդ օրենքը գրված է կայացած համակարգի համար։
Եթե մենք արդեն ունենայինք կայացած համակարգ, ապա այդ օրենքի շատ դրույթներ կարող էին նպաստել իրավիճակի փոփոխությանը։ Օրինակ՝ նախագիծը հնարավորություն է տալիս ուսանողներին բուհն ավարտել ոչ թե 4 տարում, այլ ընտրել ավելի թեթև ծանրաբեռնվածություն, և ավարտել ավելի երկար ժամկետում։ Թվում է՝ սա լավ լուծում է ուսանողի համար։ Բայց եթե ուսանողը բուհ է եկել հնարավորինս կարճ ժամկետում դիպլոմը ստանալու նպատակով, ապա այս լուծումը չի կարող օգուտ բերել համակարգի զարգացմանը։
Հետևաբար՝ օրենքներ, կարգեր, մեխանիզմներ փոխելն այս փուլում անիմաստ աշխատանք է։ Նախարարության թիվ մեկ խնդիրը պետք է լինի համակարգ ստեղծելը և այն գործող դարձնելը։ Համակարգաստեղծ աշխատանք։ Սա պիտի լինի նախարարության միակ առաջնահերթությունը։ Եթե երկրում դասեր են անցկացվում, քննություններ են լինում, գումարներ են ծախսվում, դա դեռևս չի նշանակում, որ դուք գործող համակարգ ունեք և կարող եք ձեզ թույլ տալ գեղեցիկ օրենքներ ու կարգեր գրելու շռայլությունը։
Իսկ ի՞նչ է պետք անել համակարգ ստեղծելու համար։ Այս փուլում նախարարությունը պետք է առանձին և համատեղ քննարկումներ անցկացնի համակարգի բոլոր խաղացողների հետ։ Պետք է լինեն խորքային ու տևական քննարկումներ ուսուցիչների, դասախոսների, ուսումնական հաստատությունների տնօրենների և ռեկտորների, ծնողների, գործատուների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Այդ քննարկումները չպետք է լինեն մակերեսային և մեկանգամյա։ Նախարարությունը պետք է դրսևորի պրոֆեսիոնալիզմ և այդ քննարկումներում դնի հստակ հարցադրումներ, որոնց միջոցով մարդկանց ներգրավի փոփոխությունների գործընթացի մեջ։
Օրենքով, կարգով, դասախոսությունով չես կարող մարդկանց փոխել։ Լավագույն ձևն այն է, որ մարդիկ իրենք հասկանան, որ, եթե այս իրավիճակը պահպանվի, Հայաստանի կրթությանը ոչ մի լավ բան չի սպասվում։ Ուսուցիչներն ու դասախոսները պիտի հասկանան, որ, եթե այսպես շարունակեն, իրենց մասնագիտության վարկանիշն ավելի է նվազելու։ Աշակերտները և ուսանողները պիտի հասկանան, որ, եթե սովորելու հանդեպ անտարբեր լինեն, ապա մեծ մասի ապագան վտանգվելու է։ Ի վերջո, ոչ բոլորը կարող են շրջապատի միջոցով հաջողության հասնել։ Իսկ գիտելիքի միջոցով հաջողության հասնելու հավանականությունն ավելի մեծ է։ Ծնողներն ու քաղաքացիական հասարակությունն էլ պիտի հասկանան, որ կրթության գործընթացը բարդ է և աջակցության կարիք ունի։ Ամբողջ մեղքը մանկավարժների վրա գցելը ճիշտ չէ։ Իսկ կառավարությունն էլ պետք է մտածի մանկավարժներին աջակցելու, նրանց բարեկեցությունը բարձրացնելու մասին։ Այսօր մենք ավելի շատ պահանջում ենք կրթական համակարգից, քան տալիս ենք։
Այս երկխոսությունների ու բազմախոսությունների միջոցով պետք է կրթության ոլորտում հանգենք հասարակական դաշինքի։ Բոլորը պիտի հասկանան, որ, եթե կրթական համակարգի խաղացողներից որևէ մեկը թերանում է, ապա դա ազդում է ամբողջ համակարգի գործունեության վրա։ Եթե ուսանողը դասի չի գալիս կամ չի սովորում, ապա դասախոսի մոտիվացիան նվազում է։ Եթե դասախոսը լավ չի դասավանդում, ապա ուսանողը դասի չի գալիս ու չի սովորում։
Իհարկե, այս ամենը կարող են հաջողություն բերել, եթե երկրում արձանագրվի տնտեսական շոշափելի աճ։ Ակնհայտ է, որ Հայաստանի կրթության ոլորտի խնդիրների զգալի մասը պայմանավորված են երկրում առկա աղքատության բարձր ցուցանիշով։ Կապիտալիստական մոդելով ապրող երկրում չի կարող լինել լավ կրթություն, եթե տնտեսական ցուցանիշները չափազանց ցածր են։