ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի առևտրական գործարքի առաջին մասը պատրաստ կլինի մեկ-երկու շաբաթից. Թրամփ

Առեւտրական վեճերի կարգավորման շուրջ ԱՄՆ-ի եւ Չինաստանի պայմանավորվածությունների առաջին մասը վերջնականապես կհամաձայնեցվի «մեկ-երկու շաբաթվա ընթացքում»: Այդ մասին դեկտեմբերի 16-ին Սպիտական տանը լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։

«Իրականում մնացած ամենախոշոր բանը թարգմանությունն է: Գործարքը պատրաստ է: Սակայն թարգմանությունը չափազանց կարեւոր է»,- հայտարարել է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ մեկնաբանելով Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ ձեռքբերված համաձայնությունը առեւտրական մի շարք սուր վեճերի լուծման մասին:
Դեկտեմբերի 13-ին Չինաստանը եւ ԱՄՆ-ն հայտարարել են, որ համաձայնեցրել են առեւտրական համաձայնագրի առաջին մասի տեքստը: Դրա շրջանակում կողմերը պայմանավորվել են միմյանց նկատմամբ չսահմանել նոր մաքսեր, որոնք պետք է ուժի մեջ մտնեին դեկտեմբերի 15-ին: Դեկտեմբերի 15-ին ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրական գործարքի առաջին փուլի ստորագրումը կկայանա 2020 թվականի հունվարի սկզբին:

Մինչդեռ ՉԺՀ-ի արտգործնարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը նույն օրը հայտարարել էր, որ Չինաստանն առայժմ չի հավաստում ամերիկյան կողմի հայտարարությունն այն մասին, թե առեւտրական համաձայնագրի առաջին մասի ստորագրումը կկայանա արդեն հաջորդ ամսին: «Այս պահին Չինաստանը եւ ԱՄՆ-ը պետք է ավարտեն պարտադիր իրավաբանական ընթացակարգերը եւ (փաստաթղթերի – խմբ.) թարգմանությունը, դրանից հետո մենք ստույգ վայրի եւ օրվա մասին որոշում կընդունենք համաձայնագրի ստորագրման համար»,- հայտարարել է դիվանագետը՝ պատասխանելով այն բանը հավաստելու խնդրանքին, թե կողմերն իրո՞ք պատրաստ կլինեն հաջորդ տարվա հունվարին ստորագրելու համաձայնագիրը:

Նա հավելել է, որ երկու երկրների աշխատանքային խմբերը շարունակում են կոնսուլտացիաները, համապատասխան տեղեկատվությունը կհրապարակվի ժամանակին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս