Ինչու 152 մլն դոլարի վարկ վերցրեցին. լավ կլիներ՝ պատճառն ազնվորեն ասեին. Արմեն Գրիգորյան
Ազգայն ժողովն օրերս վավերացրեց 4 վարկային համաձայնագիր, և ՀՀ արտաքին պարտքը կավելանա ևս 152 մլն դոլարով: ՀՅԴ ԳՄ Էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանի համար անհասկանալի են այն հիմնավորումները, որոնք գործադիրը դրել է այդ վարկային համաձայնագրերը վավերացնելու հիմքում։
«Համաձայնագրերից մեկով, օրինակ, նախատեսվում էր 9.1 մլն եվրո վարկ՝ մարդկային կապիտալի զարգացման համար։ Այդ հիմնավորումն իր խորքում ենթադրում է, որ այդ վարկը տրվելու է այն քաղաքականության համար, որը վարում է այս Կառավարությունը։ Ցավալի է, որ խորհրդարանում այս թեմային անդրադարձ չեղավ, թեև նշեմ, որ ընդդիմադիրները շատ հարցեր հղեցին, որոնք մնացին անպատասխան»,- 168.TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ ենթադրում է, որ Կառավարությունը չի կարողանալու փակել 2020 թվականի բյուջում դրված 24 տոկոս դեֆիցիտի աճը, ստիպված է վերցնել այդ վարկը և պահել 2020 թվականի համար։
«Մի շարք հանգամանքներ որ շարում ենք իրար կողքի՝ այդպիսի պատկեր է ստացվում»,- ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020 թվականի հունվարից այլևս Հայաստանի համար չեն լինի ԵԱՏՄ այն արտոնյալ պայմանները, որոնք մինչ այժմ կան, կթանկանա 900 անուն ապրանք, դրա հետևանքով կընկնի գնողունակությունն ու սպառումը, դրա հետևանքով կպակասեն բյուջեի մուտքերը, իսկ արդյունքում կառավարությունը բյուջեում կունենա ծախսային խնդիրներ, դրա համար էլ ավելցուկով փակվող բյուջեի պարագայում վերցնում է 152 մլն դոլարի վարկ։
«Լավ կլիներ, որ ազնիվ լինեին և ասեին, թե ինչո՞ւ են 152 մլրդ դոլար վարկ վերցնում, ասեին, որ քանի էժան գումար տվող կա՝ վերցնում են, և դա ի՞նչ են անելու»,- ասաց Գրիգորյանը։
Հարցին՝ արդյոք այս կառավարությունը տարեվերջին վարկային համաձայնագրեր վավերացնելով՝ չի՞ նմանվում նախորդներին, և ՀՀԿ-ՀՅԴ կոլիցիայի պես՝ կողմ քվեարկում վարկային համաձայնագրերին, Գրիգորյանը պատասխանեց,
«Եթե նայենք կրկնություններին, դրանք շատ են, շատ ավելին, քան այդ վարկային համաձայնագրերն են, որոնց համար հստակ բացատրություն է պետք, որը հիմա չկա։ Բնականաբար, նախորդ շրջանից վատ ժառանգություն են նաև ստացել, բայց չի կարելի դատախազի ֆունկցիա վերցնել իրենց վրա և ասել, թե նախկինները լափում էին, մենք՝ չէ։ Այս իշխանությունների գործունեությունը թող գնահատի հաջորդը, հասկանա՝ որքանով է եղել կոռումպացված, կամ որքանով է եղել պաշտոնական դիրքի չարաշահում։ Եկեք սպասենք, թող գա հաջորդ իշխանությունը և ասի»,- ասաց Գրիգորյանը։
Արմեն Գրիգորյանն անդրադարձավ նաև ԱԺ քառօրյայում ընդունված մեկ այլ օրենքի, որով մինչ 2020 թվականի հունվարի 31-ը ՍԴ այն դատավորները, որոնք կամավոր թոշակի կգնան, կստանան շատ բարձր թոշակ, և ասաց.
«Հավանական եմ համարում, որ նախագահ Արմեն Սարգսյանն այդ օրենքը չընդունի և ետ ուղարկի Սահմանադրական դատարան, իսկ եթե դա պետք է լարի Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները, թող լարի, բայց կարծում եմ, եթե ճիշտ հիմնավորումներ բերվեն, չեն լարվի»։
Մանրամասները՝ տեսանյութում