Ինչո՞ւ է վարչապետը շրջանցում հանքարդյունաբերության ցուցանիշները

Տնտեսական զարգացումների մասին խոսելիս՝ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն անընդհատ շրջանցում է հանքարդյունաբերության աճի ցուցանիշը։ Մի ցուցանիշ, որն էական դեր է խաղում՝ ինչպես արդյունաբերության, այնպես էլ՝ ընդհանրապես տնտեսության աճի գործում։

Բայց վարչապետը միտումնավոր հասարակությունից թաքցնում է այդ ցուցանիշը։ Եվ դա անում է ոչ թե նրա համար, որ հանքարդյունաբերության ոլորտում աճ չկա, այլ՝ որովհետև հանքարդյունաբերությունը կրկին դարձել է արդյունաբերության առաջատարը։ Աճի ցուցանիշով այն էապես առաջ է անցել մյուս բոլոր ճյուղերից։

Աճի տեմպն այստեղ նույնիսկ ավելի քան կրկնակի գերազանցում է մշակող արդյունաբերությանը։ Ու դա, ինչպես նախկինում սիրում էր պատկերավոր ասել Նիկոլ Փաշինյանը, տեղի է ունենում ընդերքը քանդել-ծախելու հաշվին։

Երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, և Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, հայտարարեց, որ Հայաստանում այդ պրակտիկան այլևս չի լինելու։ Այլևս դադարեցվելու է ընդերքը քանդել-ծախելու հաշվին տնտեսական աճ ապահովելը։ Որ Հայաստանի տնտեսության աճի շարժիչ ուժը դառնալու է ոչ թե՝ հանրադյունաբերությունը, ինչպես մինչև հիմա եղել է, այլ՝ մշակող արդյունաբերությունը, բարձր տեխնոլոգիաները, տնտեսության այլ ճյուղերը։

Բայց ի՞նչ ունենք այսօր։ Տարեսկզբի 10 ամիսների արդյունքում ունենք հանքարդյունաբերության՝ ավելի քան 20, և մշակող արդյունաբերության՝ ընդամենը 8 տոկոսանոց աճ։

Ահա, թե ինչն է ստիպում Նիկոլ Փաշինյանին շրջանցել հանքարդյունաբերության աճի ցուցանիշը։

«Արդյունաբերությունն աճել է 8,8 տոկոսով։ Երբ խոսվում է հանքարդյունաբերության մասին, ուզում եմ հատուկ ընդգծել, որ մշակող արդյունաբերության աճը կազմել է 9,3 տոկոս, շինարարությունն աճել է 4,5 տոկոսով, ծառայությունների աճը կազմել է 15,1 տոկոս, առևտրի շրջանառությունն աճել է 8,9 տոկոսով»,- 2020թ. պետական բյուջեի նախագիծը քվեարկության դնելուց առաջ հանդես գալով եզրափակիչ ելույթով և ներկայացնելով տնտեսության նախորդ շրջանի ձեռքբերումները՝ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ու կրկին վարչապետը ոչինչ չասաց հանքարդյունաբերության աճի ցուցանիշի մասին։ Մինչդեռ այն այսօր դարձել է արդյունաբերության աճին նպաստող հիմնական գործոններից մեկը։

Թեև վերջին շրջանում անգամ հանքարդյունաբերության բարձր աճը չի կարողանում զսպել արդյունաբերության աճի տեմպի դանդաղումը։ Եթե տարեսկզբի 9 ամիսներին արդյունաբերության մեջ արձանագրվել էր գրեթե 10 տոկոսին մոտ աճ, ապա արդեն 10 ամիսների տվյալներով՝ աճը կազմել է 8,8 տոկոս՝ ընդամենը մեկ ամսվա արդյունքներով միանգամից նվազելով գրեթե 1 տոկոսային կետով։

Նվազել է նաև վարչապետի կողմից այդքան փառաբանվող մշակող արդյունաբերության աճի տեմպը։ Վերջին տվյալներով՝ այն արդեն ոչ թե 9,3 տոկոս է, ինչպես Ազգային ժողովում հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը, այլ՝ 8 տոկոս։

Գուցե 8 տոկոսն էլ է բարձր ցուցանիշ, բայց մեկ ամսում 1,3 տոկոսային կետով նվազումն արդեն լրջորեն մտահոգվելու հիմք է։ Առավել ևս, որ այդ միտումը նոր չի սկսվել։ Այդպես է արդեն երկու ամիս անընդմեջ։

Մինչ այդ մշակող արդյունաբերության աճը նույնիսկ երկնիշ էր։ Տարեսկզբի 7 ամիսներին այն հասնում էր 10,4 տոկոսի։ Վիճակագրությունն աճի նույնպիսի մակարդակ էր արձանագրել նաև 8 ամիսների արդյունքներով։ Սակայն հաջորդող շրջանում սկսվեց աճի, այսպես ասած, անկումը։

Ինն ամիսների տվյալներով՝ մշակող արդյունաբերության աճի տեմպը նվազեց 1,1 տոկոսային կետով և կազմեց 9,3 տոկոս։ Արդեն 10 ամիսներին այն իջավ ևս 1,3 աստիճանով։

Ընդհանուր առմամբ, 2 ամսում մշակող արդյունաբերության աճի անկումը կազմեց ընդհուպ 2,4 տոկոսային կետ, ինչը մեծ հետընթաց է։ Ու դա տեղի ունեցավ, առաջին հերթին՝ սննդամթերքի արտադրության ծավալների նվազման հետևանքով։ Եթե տարեսկզբի 9 ամիսներին արդյունաբերության այս հատվածում աճը հասնում էր 7,2 տոկոսի, ապա հիմա արդեն 5,7 տոկոս է։

Մինչ մշակող արդյունաբերության աճի տեմպը գնալով նստում է, հանքարդյունաբերությունը նոր բարձունքներ է նվաճում։ Տարեսկզբի 10 ամիսներին այստեղ արձանագրվել է 20,5 տոկոս աճ։ Արտադրության ծավալները կազմել են ավելի քան 291 մլրդ դրամ, ինչը վերջին տարիներին արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է։ Նույնիսկ նախկին «հանցավոր» իշխանություններն իրենց թույլ չէին տալիս այդքան անխնա քանդել և վաճառել ընդերքը։ Եվ սա՝ այն պարագայում, երբ կառավարությունն այլ քաղաքականություն էր խոստանում ընդերքի ոլորտում։ Նիկոլ Փաշինյանն այդ մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել է։

Բայց դա չի խանգարում, որպեսզի ընդերքի արդյունահանումը բարձր տեմպերով շարունակվի։ Պատճառներն էլ հավանաբար պարզ են. կառավարությունը չի ուզում կորցնել տնտեսական բարձր աճ ցույց տալու իր շանսը։ Ու հիմա, ըստ ամենայնի, այնքան էլ կարևոր չէ, թե դա ինչի հաշվին կլինի։

Վերջին ընդամենը 4 ամսվա ընթացքում հանքարդյունաբերության աճի տեմպը եռապատկվել է։ Մի բան, ինչը, բնականաբար, տեղի է ունեցել ընդերքի արդյունահանման ծավալների ավելացման հաշվին, որի ազդեցությունն ընդհանուր արդյունաբերության վրա ակնհայտ է։ Տարվա սկզբին, երբ հանքարդյունաբերությունն անկումային էր, խիստ ցածր էր նաև արդյունաբերության աճը։ Այն կազմում էր հազիվ 1,9 տոկոս։ Սա չէր կարող չանհանգստացնել կառավարությանը։ Եվ ի՞նչ տեղի ունեցավ հետո։

Արդեն առաջին կիսամյակում հանքարդյունաբերության աճը կազմեց 6,8 տոկոս։ Դրան գրեթե համարժեք էր ամբողջ արդյունաբերության աճը։

Որքան հանքարդյունաբերության աճն արագացավ, այնքան բարձրացավ նաև արդյունաբերության աճի ցուցանիշը։ Չնայած հիմա արդեն հանքարդյունաբերությունն էլ չի կարողանում փրկել արդյունաբերությանը. ոլորտի աճի տեմպը նվազում է։ Այն կասեցնելու համար առաջիկայում հավանաբար որոշակի քայլեր կարվեն, գուցե և ավելի ակտիվացվի ընդերքի արդյունահանումը։ Թեպետ այն, առանց այդ էլ, արդեն ակտիվ է։ Մետաղական հանքաքարի արդյունահանման աճն անցնում է 21 տոկոսից։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս