Իշխանությունը սպառեց այն օրակարգը, որի մասին խոսում էր. Վլադիմիր Մարտիրոսյան

168 TV «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը

 – Պարո՛ն Մարտիրոսյան, մի քանի բառով կբնութագրե՞ք  այսօրվա իշխանության գործունեությունը ներքաղաքական կյանքում և Արցախի հարցում։

– Մեկ տարի անց մենք կարող ենք արձանագրել, որ այն բարձր լեգիտիմության ռեսուրսը, որը տրվեց իշխանություններին, նրանք օրգանական և արհեստական կերպով սկսեցին իջեցնել։ Դա նախ՝ կապված էր իրենց գործողությունների և հասարակության բարձր սպասելիքների չարդարացման հետ։ Սա բնականոն գործընթաց է, որովհետև յուրաքանչյուր իշխանություն, որն ունի բարձր լեգիտիմություն, ընտրություններից հետո սկսում է դա սպառել, քանի որ մտնում է քաղաքականության մեջ և սկսում ընդունել որոշումների բազա, որը  միշտ չէ, որ ընդունելի է։ Մեկ տարվա ընթացքում իշխանության վարած քաղաքականությունը շատ ավելի հարցեր և չկողմնորոշված գնահատականների արժանի երևույթներ է առաջացրել, քան հստակություններ։ Քաղաքական այսպիսի իշխանության վարքաբանությունը կարելի է որակել՝ որպես հախուռն և որպես ժողովրդահաճո քաղաքականության ոճ և որակ։

– Անցնող շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ երկու կարևոր իրադարձություն՝ Բրատիսլավայում  կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, և մեղադրանք առաջադրվեց Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այս երկուսի միջև կապ տեսնո՞ւմ եք։

– Քաղաքականության մեջ կարելի է գտնել բազմաթիվ կապեր, որոնք կարելի է համարել արհեստական և օրգանական։

Արցախյան հիմնախնդրի հետ կապված՝ գործող իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի, նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից խաղաղությանը միտված արշավն ու Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հասարակություններին խաղաղության նախապատրաստելու դիրքորոշումների միջև նմանություններ տեսնո՞ւմ եք։

– Խաղաղասիրական կոչերի արձագանքը հայ հանրության կողմից տրվեց, երբ այդ խաղաղասիրության, զիջելու օրակարգը դրվեց՝ որպես ՀԱԿ-ի հիմնական քաղաքական ուղղություն, իսկ մեր հանրությունը դրան ընտրությունների ժամանակ իր գնահատականն արդեն տվել է։

– Իսկ ըստ Ձեզ՝ նմանություն կա՞ր օրերս ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի   7 կետից բաղկացած ելույթի և Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի նախկինում հնչեցրած  դիրքորոշումների միջև. Զոհրաբ Մնացականյանի ելույթն արդյո՞ք վերադարձ էր նախորդի թողած ժառանգությանը։

– Այդ ելույթը խոսում էր այն մասին, որ այն օրակարգը, որի մասին խոսում էր այս իշխանությունը, իրեն սպառեց։ Մենք նորից գետնին կանգնեցինք այն օրակարգի հիմքով, որն աշխատել էր, տվել բանակցային և դիրքային առումով իր արդյունքը։

– Հետևաբար՝ կարո՞ղ ենք փաստել, որ Փաշինյանի ասած զրոյական կետն արցախյան խնդրի հարցում չկար։

– Այո՛, իհարկե կարող ենք։

– Ձեր կուսակցության մասին. Հայաստանն անվտանգության ո՞ր  համակարգում եք տեսնում՝ ՆԱՏՕ-ո՞ւմ, թե՞ ՀԱՊԿ-ում։

– Կարծում եմ՝ այս հարցն օրակարգային են դարձնում այն ուժերը, որոնք ցանկանում են շեղվել կամ հարցը պրիմիտիվացնել։

– Բայց որպես կուսակցություն՝ չպե՞տք է ունենաք ձեր արտաքին քաղաքական վեկտորը։

– Արտաքին վեկտորը քաղաքական և պետական համակարգի առողջ գործունեությունն է, որտեղ հնարավոր է համատեղել ոչ միայն սուր բևեռացված տրամադրվածությունները, որոնք շատ հաճախ մրցակցության մեջ են գտնվում, այլ նաև հավասարազոր և կշռադատված համագործակցությունը։

– Երբ  խոսում եք հավասարազորության մասին, չե՞ք կարծում արդյոք, որ  Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունն ամենաարդյունավետն էր՝ նկատի ունենալով  ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն, ՀՀ-ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն։

– Իհարկե՛, մենք 10 տարվա ընթացքում տեսանք, որ այդ երկու վեկտորների հետ աշխատանքը համադրված է. խոսքը Ռուսաստանի և արևմտյան բլոկի հետ աշխատանքի մասին էր, որը բարձրացնում էր միջազգային հարթակներում մեր նշանակությունը, մեր ընկալելիությունը։ Ես կուզենայի տեսնել, թե այս նոր իշխանությունն այս հարցում ինչպիսի քայլեր է ձեռնարկում, և որոնք են այդ հաշվարկված քայլերի էֆեկտներն ու արդյունքները։

1.5 տարվա ընթացքում չե՞ք տեսել որևէ բան:

– Ես չեմ տեսնում այն ինտենսիվությունը, որը կար նախկինում։

  Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս