Բաժիններ՝

«Գյուղմթերք արտադրողների մասին օրենք չկա, դրանով հանդերձ՝ ուզում են ինչ-որ բան փոխե՞լ». Հրաչ Բերբերյանը՝ վարչապետի առաջարկների մասին

Սպիտակի երկաշարժի 31-րդ տարելիցին՝ այսօր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Շիրակի մարզ: Շիրակամուտ գյուղում վարչապետի հետ զրույցի ընթացքում մի շարք հարցեր բարձրացրեցին կապված հողերի մշակման հետ։ Շիրակամուտցիներից մեկը հետաքրքրվեց, թե ինչպես պետք է լինի իր աշխատանքային ստաժը, քանի որ ամբողջ տարին մեկնում է արտագնա աշխատանքի կամ հող է մշակում և պաշտոնապես որևէ տեղ գրանցված աշխատող չէ։ Նաև՝ հետաքրքրվեցին, թե ինչպես պետք է լուծվի չմշակվող  հողերի հարցը: Գյուղացիների հնչեցրած բոլոր հարցերին ի պատասխան՝  վարչապետն ասաց.

«Հիմա մենք գալու ենք Ձեզ ասենք՝ եղբայր, այս հողը, որ գնացել ես Ռուսաստան ու չես մշակում, տուր վարձով։ Հիմա մենք ամեն մարզում հողի վարձակալության սակագին ենք սահմանում, տեսնում ենք, որ մարդը Ռուսաստանում է, առանց հարցնելու՝ հողը վարձով վերցնում ենք ու վարձի գումարը տալիս ենք սեփականտիրոջը։ Իհարկե, այստեղ հարցեր կան սահմանադրության, օրինականության։ Որ ասում եք՝ փոքր հողեր կան, ջուրն էլ կա, կարող եք բացատրել, ինչո՞ւ չեք միանում ու դառնում փոքր կոլեկտիվներ, ինչո՞ւ չեք համագործակցում իրար հետ։ Հիմա այս կուտակային համակարգը, որ կա, կոչվում է պարտադիր կուտակային համակարգ, բայց մարդիկ դրան կամավոր կարող են միանալ։ Մարդը կարող է կամավոր այդ հիմնադրամին միանալ, ամեն ամիս վճարել ու աշխատանքային ստաժ ստանալ»։

168.am-ի խնդրանքով  Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը մեկնաբանեց վարչապետի հնչեցրած առաջարկները գյուղացիներին՝ վարչապետը երևի տեղյակ չէ, որ այն մարդիկ, որոնք իրենց հողերը չեն մշակում, վաղուց արդեն վարձով են տալիս։

«Միջին հաշվով, եթե սեփականաշնորհվել է մեկ հեկտար հող, ապա դա այն քանակը չէ, որ մեկ ընտանիքին բավարարի։ Մասայական խոշորացումը կարող է լինել առք ու վաճառքի և վարձակալության միջոցով, ինչն այժմ արվում է։ Այստեղ շատ հարցեր կան, որոնք լուծելու համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ»,- ասաց նա։

Հրաչ Բերբերյանի խոսքով, եթե այսօր գյուղացիներն իրար հող են վարձակալության տալիս, ապա դա միայն իրար մեջ պայմանավորվելով ու ցանկությամբ է, քանի որ չեն ցանկանում հողերն անմշակ թողնել։ Վերջին 10 տարում այս մեթոդը գյուղացիները շատ են կիրառում։

Ինչ վերաբերում է վարչապետի առաջարկին՝ հողային միավորումներ ստեղծելուն, Հրաչ Բերբերյանը պարզաբանեց, որ դա կարևոր ուղղություն է, սակայն այն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է պետական ռազմավարություն։ Ավելին, այդ ուղղության զարգացումը պետք է խթանել, բայց դա էլ հնարավոր է անել կրկին օրենսդրական բացը լրացնելուց հետո։

«Այստեղ դատարկ խոսելու տեղ չէ, որ ասեն՝ այ, որ այսպես ասեք, ապա այսպես կլինի։ Նախ՝ պետք է օրենք ընդունել իրավունքների մասին, բացի դա, այսօր գյուղմթերք արտադրողների մասին օրենք չկա, դրանով հանդերձ՝ ուզում են ինչ-որ բան փոխե՞լ։ Մեր միավորումն ունի այդ օրենսդրական նախագիծը, մի քանի անգամ ԱԺ ներկայացնելուց հետո հաշվի չառան, քանի որ մի քանի շահագրգիռ կողմ կա, որոնք չեն ցանկանում, որպեսզի գյուղացիները միավորվեն։ Վարչապետի առաջարկի մեջ իմաստ կա, բայց թե այդ առաջարկն ինչպես պետք է կյանքի կոչվի՝ որևէ բան չի ասում»,- շեշտեց նա։

Նա նաև հավելեց, որ վարչապետի առաջարկների կատարումը կարելի է իրատեսական համարել այն ժամանակ, երբ մթերք արտադրող գյուղացիների համար  օրենք լինի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս