Մուղամով
«Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ» վերտառությամբ համաժողովին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ադրբեջանի առաջին տիկին, փոխնախագահ Մեհրիբան Ալիևային Արցախ հրավիրեց՝ մուղամ լսելու:
«Մի քանի օր առաջ Մեհրիբան Ալիևան ստատուս էր գրել, որ իրենց բոլորի երազանքն է՝ մուղամ լսել Ղարաբաղում: Ես մոտավորապես գիտեմ, թե նա ինչ կոնտեքստով է դա գրել: Ես հիմա Մեհրիբան Ալիևային ուզում եմ հրավիրել Ղարաբաղ, և նա կարող է լինել մեր հյուրը: Հայ ժողովուրդը, արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել, հարգել հյուրին: Մեր ընդունված կանոններից է նաև հյուրին պատվել իր երաժշտությամբ, մենք կարող ենք ապահովել մուղամը: Կարող ենք իրականացնել նրա երազանքը, և նա լինի մեր հյուրը, Ստեփանակերտում լսի իր սիրելի մուղամը: Սա, իսկապես, հրավեր է, և եթե նա ընդունի այս հրավերը, պատրաստ եմ նաև ինքս լինել Բաքվում և հյուրընկալվել իրենց կողմից: Բայց եթե Մեհրիբան Ալիևան նկատի ունի, որ իրենց երազանքն այն է, որ գան Ղարաբաղ և մուղամ լսեն պատերազմի միջոցով, վստահեցնում եմ՝ այդ երազանքն անկատար կմնա: Եվ եթե նոր պատերազմ սկսեն, հավանաբար նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք»,- այսօր ժամը 12։57-ին ասել էր Աննա Հակոբյանը:
Վերջինս մի կարևոր հանգամանք հաշվի չէր առել. Արցախում արգելված է ռաբիս երաժշտությունը, այդ թվում՝ մուղամը, պետական ամենաբարձր մակարդակով, բայց այդ հայտարարության ֆոնին այսօր ադրբեջանական լրատվամիջոցներում մի շատ ուշագրավ հաղորդագրություն տարածվեց:
Շատ հետաքրքրական էր, որ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան այսօր ժամը 16։00-ի ժամանակահատվածում հյուրընկալվել էր ժողովրդական արտիստ, մուղամի հայտնի կատարող, կոմպոզիտոր Ալիբաբա Մամեդովին: