«ԱԺ-ում մարդիկ կան, որոնց դեմքը որևէ մեկը չի ճանաչել, բացի սեփական տնեցիքից, հիմա եկել են՝ Ծառուկյանը՝ այս, Ծառուկյանը՝ այն… ամոթ է»
Երեկվանից Ազգային ժողովում քննակվող թեման Հայկ Մարությանի և Գագիկ Ծառուկյանի միջև սկսված հեռակա բանավեճն է՝ կապված Աբու Դաբիի շեյխի և քաղաքապետի հանդիպման հետ: Այսօր արդեն ԱԺ նիստերի դահլիճում «իմքայլական» և ԲՀԿ-ական պատգամավորների միջև կրկին բանավեճ եղավ, ինչից հետո ԲՀԿ-ի պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ քաղաքական բոյկոտ են հայտարարում ԱԺ-ին:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ իրենք նման քայլի են գնացել, որպեսզի որոշ մարդիկ «ուշքի գան» ու հիշեն, թե իրենք ինչ են աշխատում, ու որն է իրենց գործառույթը:
«Ի՞նչ է նշանակում՝ 2 մլրդ դոլարի ներդրումը վիժեցնել, ու հետո, պարոն Ծառուկյանը, ով իր անձնական կապերով է այդ ներդրումն ապահովել, գնալ նրա մասին վիրավորական արտահայտություննե՞ր անել: Սա խորհրդարան չի արդեն: ԱԺ-ում մարդիկ կան, որոնց դեմքը որևէ մեկը չի ճանաչել, բացի սեփական տնեցիքից, հիմա եկել են՝ Ծառուկյանը՝ այս, Ծառուկյանը՝ այն… ամոթ է: Այս երկու օրը վերածվել է Ծառուկյանի անձնական քննադատության: Այդ մարդը պետական բեռը վերցնի իր վրա, բերի 2 մլրդ-ի ներդրում ցանկանա անի, որ պոզ ու պոչ կպցնե՞ն, սա ի՞նչ թշնամանքի մթնոլորտ է, բացարձակ համերաշխության մթնոլորտ չի»,- նշեց Գևորգ Պետրոսյանը:
Նա նաև վստահեցրեց, որ իշխանական պատգամավորները միտումնավոր են սրում իրավիճակը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում