«Եթե չլիներ ԲՀԿ-ն, ապա գոնե այս խորհրդարանում, գոնե իրավական ճանապարհով վարչապետ չէր ընտրվելու, և հայտնի չէ, թե դուք որտեղ կհայտնվեիք». Նաիրա Զոհրաբյան

Այսօր Ազգային ժողովում թեժ վիճաբանություն տեղի ունեցավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի միջև, երբ վերջինս ավարտել էր իր ելույթն ամբիոնից ու իր տեղն էր զբաղեցնում:

«Ես երբևէ ինձ թույլ չեմ տվել որևէ բան հիշեցնել, բայց հիմա ստիպված եմ հիշեցնել. եթե չլիներ ԲՀԿ-ն, ապա գոնե այս խորհրդարանում, գոնե իրավական ճանապարհով վարչապետ չէր ընտրվելու, և հայտնի չէ, թե դուք որտեղ կլինեիք, որտեղ կհայտնվեիք,- մինչ այդ ասել էր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով,- Անհարմար է, անընդհատ հիշեցնել՝ դուք եղել եք կոալիցիա»։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը տեղից հարց ուղղեց. «Ի՞նչ պետք է անեիք, եթե չընտրեիք: Քանի՞ գլխանի էիք, որ վարչապետ չընտրեիք, որ ժողովրդի կարծիքը հաշվի չառնեիք»:

Նաիրա Զոհրաբյանը, ի պատասխան՝ ասաց, որ չուզենային, չէին ընտրի: Ի՞նչ պիտի անեին:

«Չափավորեք Ձեզ»,- դիմելով ԱԺ փոխխոսնակին՝ ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը:

168.аm-ը Նաիրա Զոհրաբյանին խնդրեց գնահատական տալ ԱԺ փոխխոսնակի հռետորաբանությանն ու բառամթերքին:

Վերջինս նախ ասաց, որ ինչպես իրենց խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նկատեց, երբ իրենք բոյկոտեցին ԱԺ նիստն ու դուրս եկան, իրենք այնքան գլխանի են, որքան որ ժողովուրդն իրենց ձայն է տվել՝ 100 000-ից ավելի:

Հիշեցնենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը՝ բոյկոտելով ԱԺ նիստը:

«Երկու օր է, Ծառուկյանի մի նախադասությունը, որը վերաբերում էր ներդրողներին, դարձրել էր մարազմի և մազոխիզմի փառատոն: Պարոն Սիմոնյանն ասում է՝ «քանի՞ գլխանի եք», այնքան գլխանի ենք, որքան մարդիկ մեզ ձայն են տվել՝ 100 հազարից ավելի: Չի ստացվի լղոզել, փոշիացնել այս թեման: Մենք այս պայմաններում չենք կարող աշխատել, որովհետև ԱԺ-ն դարձել է մի նախադասություն փոշիացնելու վայր: Մենք այսօր լքում ենք խորհրդարանը, և դուք եք տալու պատասխանը, թե ինչու մենք չկարողացանք կառավարությանը մեր հարցերն ուղղել: Սա քաղաքական բոյկոտ է», – հայտարարեց խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Այս ամբարտավանությունն ու մեծամտությունը, որ՝ մեզ ամեն ինչ կարելի է, ամեն ինչ թույլատրված է, որ մենք անքննելի ու անքննադատելի ենք, շատ վատ և վտանգավոր ճանապարհ է, որը շատ արագ փլուզելու է հեղափոխության այն արժեքները, ինչին ապավինելով՝ իրենք եկան իշխանության»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս