Հայտնի է հայկական ավիաշուկա մուտք գործող նոր ավիաընկերության անունը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուտով հայկական ավիաշուկա մուտք կգործի նոր հայկական ավիաընկերություն: Այս մասին երեկ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը: Սակայն Տաթեւիկ Ռեւազյանը չասաց, թե որ ընկերության մասին է խոսքը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ խոսքը «Fly Armenia Airways» ընկերության մասին է: Ըստ որոշ տեղեկությունների՝ ընկերության կառավարիչները բրիտանացիներ են: Մեզ հայտնի դարձավ, որ հունվարի կեսերին ընկերությունը Հայաստան կբերի մի քանի հատ «Բոինգ» ինքնաթիռ: Ընկերությունը չվերթները նախատեսում է սկսել մարտի վերջից եւ մտադիր է աշխատանքի ընդունել օդանավ շահագործելու վկայական ունեցող աշխատողների:
Միաժամանակ, ավիաընկերությունը տեղեկացրել է, որ առաջիկա ամիսներին կբացի ավելի քան 200 աշխատատեղ: Այստեղ տեղին է ընդգծել՝ եթե հնարավորություն կա հայկական ավիաընկերություն ունենալ եւ բացել 200 աշխատատեղ, ապա այդ դեպքում ինչու է քաղավիացիան իռլանդական լոուքոսթերին բերում հայկական ավիաշուկա:
Մյուս կողմից` չի բացառվում նաեւ, որ ցածր բյուջետային ավիաընկերությունները լուրջ խնդիրներ առաջացնեն նոր ստեղծվելիք ընկերության համար: Ի դեպ, այս խնդիրը սկսել է մտահոգել ավիացիոն մասնագետներին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: