Բաժիններ՝

Կրթության նախարարության ներկայացուցչի բացակայությունը՝ արհամարհանք

Հանգստյան օրերին Դիլիջանում անցկացված 7-րդ ամենամյա «Բիզնես ինովացիոն ֆորումն» «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղին» խորագրի ներքո էր և նպատակ ուներ քննարկելու թվայնացման և բարձր տեխնոլոգիական զարգացման պետական ռազմավարությունը, Էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացումը, գիտության և նորարարությունների ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև ռազմարդյունաբերության զարգացման ինովացիոն եղանակները:

Ֆորումին մասնակցում էին նշված ոլորտների առաջատար ներկայացուցիչները, գործարարներ և ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, այդ թվում՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի տեղակալ Վիկտորյա Այդինյանը, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը և այլք։

Եզրափակիչ օրը պանելային քննարկման էին դրվել կրթության հիմնախնդիրներին վերաբերող հարցեր («Հայաստանում STEM կրթության հիմնախնդիրները», «Հանրակրթություն», «Միջին մասնագիտական կրթություն», «Բարձրագույն կրթություն»)։ Հատկանշական է, որ այս թեմայի քննարկմանն իր մասնակցությունը չունեցավ ԿԳՄՍ նախարարության որևէ ներկայացուցիչ, ինչն արժանացավ բանախոսների ու ներկաների սուր քննադատությանը և որակվեց՝ իբրև արհամարհանքի նշան։

Օրակարգում՝ որպես պանելային քննարկումների առանցքային մասնակից, նշված էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի անունը։ Փորձելով ճշտել, թե ինչո՞ւ վերջինս, ի վերջո, չներկայացավ, կազմակերպիչներից ստացանք տեղեկություն, որ վերջինս գրությամբ հաստատել է իր մասնակցությունը, բայց չի ներկայացել՝ առանց որևէ պատճառաբանության։

Կրթության վերաբերյալ պանելային քննարկումների մասնակիցների թվում էին ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, փորձագետ Սերոբ Խաչատրյանը, Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը, ArmSec ընկերության ներկայացուցիչ Վահագն Թութխանյանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի ներկայացուցիչ Արթուր Խալաթյանը և ոլորտի այլ ականավոր ներկայացուցիչներ։

«Չեմ հիշում մի նախարար, ով իր գործն ավարտին է հասցրել, ու չեմ հիշում մի նախարար, ով շարունակել է նախորդի գործը»,- վրդովվել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանի հիմնադիր, տնօրեն Աշոտ Ալիխանյանը։

«Այս իրավիճակն ինձ հիշեցնում է ոչ վաղ անցյալը, երբ մենք տարին 2-3 անգամ հավաքվում էինք, և ամեն անգամ մեր օրակարգում գրվում էր՝ փոխնախարար, նախարար և այլն, բայց վերջում ոչ ոք չէր գալիս։ Զանգահարում էին ու ասում, որ մի փոխնախարարը չի կարող գալ, բայց մյուս փոխնախարարն արդեն ճանապարհին է։ Սպասում էինք, բայց, վերջիվերջո, մնում էինք մենակ և սկսում էինք քննարկել շատ լուրջ հարցեր։ Հետո ես հասկացա, որ իրենք խուսափում են։ Խուսափում էին, որովհետև UATE-ի հարթակը չի խնայի ոչ մեկի և մինչև վերջ կպահանջի։ Ինչի՞ց են վախենում այսօր, ես չեմ հասկանում։ Մենք ուզում ենք ամեն կերպ օգտակար լինել մեր հեղափոխությանը, մեր կրթությանը, մեր սերունդներին և այլն։ Հիմա՞ ինչումն է խնդիրը։ Ո՞ւմ համար խոսենք։ Եթե ես վստահ լինեմ, որ հասնելու է՝ ում պետք է, և վերլուծվելու է, բնականաբար, շատ ուրախ կլինեմ, որովհետև այստեղ շատ խելացի բաներ են հնչում։ Հարց է առաջանում՝ մենք հիմա պատերազմո՞ւմ ենք, թե՞ պատերազմի մեջ չենք, հեղափոխության մե՞ջ ենք, թե՞ հեղափոխության մեջ չենք։ Հիմա կրկին փորձենք օգտակար լինել՝ այն հույսով, որ կհավանեն մեր այս առաջարկությունները, և դրանք կհասնեն համապատասխան տեղ, համապատասխան կառույցի»,- ասաց նա։

Աշոտ Ալիխանյանը նշեց, որ ինքն այն քչերից է, որն ուրախ է, որ միացել են կրթությունն ու մշակույթը. «Կրթությունը մեզ մոտ միայն ակադեմիական կրթությունը չէ։ Այսօր մեր ժողովրդի համար ամենակարևորն արժեքային համակարգի պահպանումն է»։

Աշոտ Ալիխանյանի խոսքով, եթե առաջ երեխան արժեքային համակարգով դաստիարակվում էր դպրոցում, տանը, ապա հիմա ստեղծվել է մի կառույց, որն անկառավարելի է՝ ինտերնետը։

«Հիմա հարց է առաջանում՝ մենք պետք է պայքարենք ինչ-որ բանի դե՞մ, թե՞, ինչպես Կարեն Վարդանյանն է ասում, հանուն ինչ-որ բանի։ Մենք պետք է հասկանանք՝ ո՞րն է թիրախը։ Մենք պետք է սկսենք ճիշտ աշխատել այս սերնդի հետ։ Այստեղ ուրիշ մշակույթ է, այստեղ ուրիշ կանոններ են առաջ գալիս։ Սա շատ կարևոր է, քանի որ մեր աչքի առաջ մենք ձեռքից գնում ենք։ Հիմա եկել է իսկական ռեֆորմների անցնելու ժամանակը։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ պատճառը գալիս է մեր պետական կառավարման կառույցից։ Խնդիրն այն է, որ իրավունք չունի մեր կրթությունը համարվել ոլորտ։ Հենց այն համարվում է ոլորտ, անմիջապես դառնում է առևտրի նախարարության պես մի բան։ Որտեղ ոլորտ՝ այնտեղ նախարարություն, որտեղ նախարարություն՝ այնտեղ նախարար, որտեղ նախարար՝ այնտեղ կառավարության անդամ, որտեղ կառավարության անդամ՝ այնտեղ փոփոխություն։ Ես չեմ հիշում մի նախարար, որ մինչև վերջ իր գործն աներ, և ես չեմ հիշում նոր եկած նախարար, որ շարունակեր նախորդի արած գործը։ Խնդիրը նոր ծրագրի մեջ չէ։ Մենք պետք է հասկանանք, որ այս հսկայական մշակույթի ասպարեզը արժեքային համակարգի ձևավորման համար է։ Եթե արժեքային համակարգ եղավ, երեխան էլ է ցանկանալու սովորել։ Սովորելու է այն, ինչ ցանկանալու է և դառնալու է հրաշալի մարդ, հրաշալի մասնագետ։

Ինչպե՞ս անել դա։ Ես այսպես եմ պատկերացնում․ դա ոչ մի դեպքում չպետք է լինի մինիստրություն։ Դա իրավունք չունի փոփոխման ենթարկվել։ Դա պետք է երկու հարկանի լինի՝ ներքևում, այսպես կոչված, մինիստրությունը, որը պետք է լուծի տեխնիկական, կազմակերպչական հարցերը, իսկ դրա վերևում պետք է լինի արժեքային համակարգը պահպանող բարձրագույն խորհուրդ, որը պետք է ընտրվի ժողովրդի կողմից։ Նրանք պետք է ունենան վետոյի իրավունք, նրանք պետք է գաղափարախոսություն մշակեն ամբողջ ազգի համար»,- ասաց Ա. Ալիխանյանը։

Աշոտ Ալիխանյանի խոսքով՝ արժեքային համակարգը պահպանող խորհրդում պետք է լինեն մարդիկ, ում ժողովուրդը սիրում և վստահում է, ինչպես, օրինակ, Հենրիկ Հովհաննիսյան, Տիգրան Մանսուրյան, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Կարեն Վարդանյանը և այլք. «Այս մարդիկ չեն թողնի, որ առաջին հարկի մարդիկ սխալ ուղղությամբ գնան և հիմարություններով զբաղվեն»։ Ըստ Աշոտ Ալիխանյանի՝ մենք մեր ժամանակը վատնում ենք հիմարությունների վրա՝ չափորոշիչներ և այլն, և ամեն վայրկյան ժամանակ ենք կորցնում։

«Մենք անում ենք առաջարկություններ, որ ոչ մի տեղ չեն հասնում։ Այսօրվա մեր դպրոցնում ոչ մի զինվոր չենք դաստիարակում։ Դա պետք է արվի ոչ թե կրթության, գիտության և գիտելիքի հաշվին, դա միասին պետք է լինի, համատեղ»,- նշեց Աշոտ Ալիխանյանը։

Մինչև այս ելույթը Աշոտ Ալիխանյանը հարցրել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի տեղակալ Վիկտորյա Այդինյանին, թե արդյո՞ք կա ինչ-որ մարմին, որը համակարգում և ինֆորմացնում է հարիր գերատեսչություններին այն ամենի մասին, ինչ քննարկում են ոլորտի փորձագետները, կամ այն հարցազրույցները, որ նրանք տալիս են։ Վիկտորյա Այդինյանը նշել է, որ վարչապետին կից գործում է նման մարմին։

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս