Բաժիններ՝

«1000 ընտանիքի կայուն եկամուտ ունենալու համար անասուններ կտրամադրվեն». փոխնախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մինչև այս տարվա ավարտը շուրջ 1000 ընտանիքի կապահովի եկամտի նոր աղբյուրով. նրանց անասուններ կտրվեն։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

«Այս ծրագրի նպատակը Զբաղվածության պետական ծրագրերի շրջանակում անասնապահությամբ զբաղվող ընտանիքների շրջանում անասնապահության միջոցով կայուն եկամտի աղբյուրի ձևավորումն է։ Առաջնահերթությունը տվել ենք նպաստի համակարգում գտնվող, երկու և ավելի անչափահաս երեխաներ ունեցող, ինչպես նաև չափահաս, բայց զբաղվածություն չունեցող ընտանիքներին»,- ասաց նա։

Ի սկզբանե առանձնացված է եղել 3000 ընտանիք, սակայն ընտանիքներից շատերը. Ժ. Անդրեասյանի խոսքով՝ հրաժարվել են ծրագրում ներառվել։

Ժաննա Անդրեասյանը պնդում է՝ այն ընտանիքները, որոնք կներառվեն ծրագրում, կշարունակեն նպաստ ստանալ, մինչև մյուս փաստագրումը։ Նախարարի տեղակալը հույս է հայտնում, որ մինչ այդ՝ ընտանիքները սոցիալական աշխատողի հետ կգան ընդհանուր հայտարարի, որ չեն դիմի նպաստի համար։

Նա նաև տեղեկացրեց, որ Գեղարքունիքի մարզից այս ծրագրում ընդգրկված են առավել մեծ թվով ընտանիքներ, քան մյուս մարզերից։

«Արարատից 61 ընտանիք ունենք, Արագածոտնից՝ 140, Արմավիրից՝ 55, Գեղարքունիքից՝ 228, Լոռուց՝ 105, Կոտայքից՝ 50, Շիրակից՝ 138, Սյունիքից՝ 60, Տավուշից՝ 56, Վայոց ձորից՝ 52»,- թվարկեց փոխնախարարը։

Ընտանիքներին կտրվի խոզ, կով, ոչխար, այծ, հնդկահավ և այլ կենդանիներ, ըստ տեսակների՝ տարբեր կլինի նաև քանակը, միջոցներ կտրամադրվեն նաև կենդանիներին կերակրելու համար։ Կկատարվեն ստուգումներ, որ ընտանիքներից ոչ մեկն արագ եկամուտ ստանալու ակնկալիքով չվաճառի կամ չմորթի կենդանիներին։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս