Ինչ ուղերձներ կհնչեցնի Լավրովը Բաքվում և ինչպես կհավասարակշռի Երևանում հնչեցրած Ղարաբաղյան ուղերձները
Այս օրերին Ադրբեջանում ծավալվող ներիշխանական խմորումների ֆոնին դեկտեմբերի 2-3-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Բաքու։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Լավրովը բանակցություններ կանցկացնի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ «Ռուսական արտաքին քաղաքական հաստատության ղեկավարի այցի ծրագրով նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի նախագահի, բանակցություններ այդ պետության արտգործնախարարի հետ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա ասել է, որ կշարունակվի երկխոսությունը քաղաքական-տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման գլխավոր հարցերի շուրջ։
«Նաև ծրագրվում է ստորագրել արտաքին քաղաքական հաստատությունների 2020թ․ խորհրդակցությունների պլանը»,- նշել էր դիվանագետը։
Հարկ է հիշեցնել, որ Լավրովի այցը Բաքու տեղի է ունենում ՀՀ-ում իշխանափոխությունից հետո նրա երևանյան առաջին պաշտոնական այցից, Երևան-Ստեփանակերտ-Բաքու լրագրողական փոխանակումից և Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ՌԴ կատարած առաջին պաշտոնական այցից հետո։ Երևան կատարած պաշտոնական այցի ընթացքում Լավրովը նշել էր, որ դժվար է վիճարկել ՀՀ վարչապետի հայտարարությունը, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի հակամարտող ժողովուրդների համար։
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ հումանիտար միջոցառումների և կողմերի միջև մթնոլորտի առողջացման ջանքերի ֆոնին ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի խախտումները չեն դադարում, ինչը հանգեցրել է նրան, որ Արցախի ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը ծանր վիրավորում է ստացել։
Այս կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ խստորեն դատապարտելով հրադադարի խախտումը։ Նման միջադեպերը լրջորեն վնասում են խաղաղ գործընթացին և հակասում խաղաղության համար նպաստավոր միջավայր ձևավորելու շուրջ պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:
Անգամ ներքաղաքական նոր զարգացումների պայմաններում Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա իր հանձնառություններին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվելիք հերթական նախարարական հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցած այս միջադեպն ավելի է ընդգծում հրադադարի ամրապնդման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման առաջնահերթությունը, այդ թվում՝ համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով: Արագ ապաքինում ենք ցանկանում վիրավորում ստացած զինծառայողին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ հրադադարի պահպանումը բանակցային գործընթացի առանցքային հարցերից մեկն է։
«Մենք դա անվանում ենք ռիսկերի նվազեցման անհրաժեշտ միջոցառումներ, անկախ նրանից, թե ինչպես դրանք կկոչվեն` Սանկտ Պետերբուրգի՞, Վիեննայի՞, թե՞ որևէ այլ։ Այն, ինչ արտահայտվել է այնտեղ, եղել և մնում է օրակարգային և չի սահմանափակվում դրանով։ Բոլոր այն գործողությունները, որոնք բերում են էսկալացիայի ռիսկերի նվազեցման, մեզ համար գերակայություն է»,- ասել է նա։
Նախարարի խոսքով` այս պայմանավորվածությունները բանակցային փաթեթի անբաժանելի ու կարևոր բաղադրիչն են։
Մեզ հետ զրույցում ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովն այս տեղեկությունների ֆոնին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարելիք այցի օրակարգը բավականին ընդարձակ է որակում։
Նրա գնահատմամբ՝ բոլոր այս զարգացումները կապ ունեն միմյանց հետ։ Լուկիանովի համոզմամբ՝ կարևոր է այն հանգամանքը, որ այցը տեղի է ունենում երևանյան այցից ոչ շատ ուշ, ինչը ցույց է տալիս, որ հակամարտող կողմերի միջև հավասարակշռությունը Ռուսաստանը շարունակում է պահպանել, ուստի Բաքվում հնչելիք ուղերձները ևս այդ կոնտեքստում կլինեն։ Թե ինչպիսի շեշտադրումներ կարվեն, նրա խոսքով, դժվար է ասել, դա կախված է նաև այն երկրից, որը հյուրընկալում է։
«Բնականաբար, Ադրբեջանի ներքաղաքական կյանքի ներկայիս փուլում՝ ներքաղաքական զարգացումների, ապագայի մասին քննարկումները չեն կարող դուրս մնալ նման այցի օրակարգից։ Սակայն, իհարկե, այցի կենտրոնում երկկողմ հարաբերություններն են, որոնք լավ են զարգանում, վերջերս տեղի ունեցավ Ադրբեջանի առաջին տիկնոջ այցն Ադրբեջան, որը ներիշխանական վերադասավորումների շեմին յուրահատուկ այց էր։ Կարծում եմ՝ անդրադարձ կլինի՝ ինչպես քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական, առևտրային կապերին առնչվող մի շարք առանձին թեմաների։ Առանցքային թեմաներից կլինի իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, ապագա հնարավոր զարգացումները, պայմանավորվածությունները։ Ինչպես տեսնում ենք, ներկայումս բանակցային գործընթացում առաջընթաց չկա, սակայն հաջողվում է համաձայնության գալ ժողովուրդների միջև շփումներ կազմակերպելու և լարված տրամադրությունները նվազեցնելու ուղղությամբ։ Հուսանք, որ սա որոշակի դրական տեղաշարժ կմտցնի կողմերի տրամադրվածության հարցում, սակայն նման մեկ հանդիպումը չափազանց քիչ է։ Հաշվի առնելով, որ այս պայմանավորվածությունները նաև կայացել են ռուսական համանախագահության միջնորդությամբ, կարծում եմ՝ այս հարցերը հատկապես ներքաղաքական զարգացումների համատեքստում առանձնահատուկ ուշադրության կարժանանան։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունները զարգանում են նորմալ տեմպով»,- ասաց Լուկիանովը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանում ներքին փոփոխություններից հետո ռուս-ադրբեջանական հարաբերությունները մեծ փոփոխություններ, ամենայն հավանականությամբ, չեն կրի։
«Կարծում եմ՝ փոփոխություններից հետո հնարավոր կլինի հստակ ասել, սակայն կարծում եմ՝ կողմերին բավարարում է այն, ինչ կա այս հարաբերություններում։ Բայց զուգահեռաբար կան նշաններ դեպի ռուսական ուղղությամբ քաղաքականության ակտիվացման, բայց թե դրանք որքանով կփոխեն հարաբերությունների խորությունը, կհանգեցնեն ավելի սերտ համագործակցության, այդ թվում՝ միություններում, այս պահին անհնար է կանխատեսել»,- ասաց Լուկիանովը։
Նրա կարծիքով՝ չնայած հումանիտար միջոցառումներին, հակամարտությունը կարգավորված չէ, և շփման գծում հրադադարը պահպանող մեխանիզմներ չկան, ու հրադադարի հարցում փոփոխություններ չեն լինի։