«Պատերազմող երկրի համար մեծ շռայլություն է եսապաշտական ցանկություններով առաջնորդվելը». Վիտալի Բալասանյան
Հատված Արցախի հերոս, ԱՀ առաջիկա նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի՝ «Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ ունեցած ելույթից:
«Տևական ժամանակ է, ինչ ես և իմ համախոհ ընկերները ստեղծել ենք գործընկերային հարաբերություններ Արցախի «Արդարություն» կուսակցության հետ, ունենք նույնական գնահատական Արցախի խնդրի լուծման հարցում: Նույնական են Արցախի Հանրապետությանը նետված արտաքին և ներքին մարտահրավերները և առկա սպառնալիքները գնահատելու, դիմագրավելու և չեզոքացնելու մեր մոտեցումները: Իմ խոսքը նախընտրական ամբողջ ծրագրի ներկայացում չի լինի, այլ ուղղակի ցանկանում եմ ձեզ՝ մեր հայրենակիցներին, հակիրճ ներկայացնել մեր կյանքի, օրվա իրողությունների, Արցախի ներկայի և ապագայի վերաբերյալ իմ գնահատականները և մոտեցումները: Սակայն մենք, բնականաբար, առավել կարևորում ենք, թե Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ԱՀ-ի և նրա բնակչության ֆիզիկական անվտանգության երաշխավոր, որքանո՞վ է համարժեք գնահատում, արձագանքում և դիմագրավում հայկական երկու պետություններին նետված նոր մարտահրավերները, արդյո՞ք բավարար չափով են չեզոքացվում առկա բազմաթիվ սպառնալիքները:
2018թ. ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությամբ տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում Արցախի խնդրի կարգավորման հարցում ստեղծվեց նոր իրավիճակ՝ պայմանավորված Հայաստանի իշխանությունների կողմից որդեգրած նոր մոտեցումներով, սկզբունքներով, մարտավարությամբ և ռազմավարությամբ, և մենք պարտավոր ենք հաշվի առնել այս իրողությունները: Հայաստանում իշխանափոխության արդյունքում ստեղծված այս նոր իրողություններին արագ արձագանքեցին Ադրբեջանի իշխանությունները:
Նրանց ռազմավարությունն Արցախի հարցի լուծման համար մնաց նույնը, այն է՝ վերացնել Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը, տարածքը բռնակցել իրեն, իսկ տեղի բնակչության համար նախատեսել Բաքվի, Սումգայիթի, Գանձակի և հայկական այլ բնակավայրերի հայության ճակատագիրը, իսկ մարտավարության մեջ տեղի ունեցան փոփոխություններ, որոնք, առաջին հերթին՝ սկսեցին դրսևորվել Արցախի խնդիրն ուժի իրավունքով լուծելու կեցվածքի խստացումով, 2016թ. ապրիլյան ռազմական ագրեսիան կրկնելու պատրաստակամությամբ:
Ադրբեջանի նախագահի դիրքորոշման խստացումն արտահայտվում է ոչ միայն Արցախը բռնակցելու իր անթաքույց ցանկությամբ, այլև ՀՀ մաս կազմող Սյունիքը, կամ որ նույնն է՝ Զանգեզուրը, Ադրբեջանի կողմից զավթելու հրապարակային հայտարարություններով: Թուրքական խորհրդի նիստին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է.«Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրեց թուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»:
Պանթուրքիստական ուղղվածություն ունեցող այդ հայտարարությանն արձագանքեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ բարձրաձայնելով, որ՝ մենք հնարավորը կանենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար, սակայն այդ ամենը չարժանացավ համարժեք գնահատականի և դատապարտման ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների, ոչ միջազգային կառույցների և միջազգային հանրության, և ոչ էլ Հայաստանի Հանրապետության ղեկավարության կողմից:
Եթե փորձենք գնահատել մեր անցած ճանապարհը՝ սկսած 1988թ., ապա կարող ենք արձանագրել, որ Արցախյան ազատամարտում փաստ է այն իրողությունը, որ Ադրբեջանն ուներ առավելություն բոլոր ուղղություններով՝ մարդուժի, զենքի տեսակների, զինամթերքի, դաշնակիցների աշխարհագրական դիրքի, սակայն պարտվեց իր իսկ կողմից սանձազերծած պատերազմում:
Մեր առավելությունն առաջին հերթին դրսևորվեց հանուն հայրենիքի կռվելու, հաղթելու, անհրաժեշտության դեպքում՝ զոհվելու պատրաստակամությամբ, մեր սրբազան հայրենիքը, մինչև վերջին արցախցին, հայը պաշտպանելու անկոտրում կամքով, ռազմական գործին արագ տիրապետելու ունակությամբ, ռազմական խորագիտությամբ և այն համոզումով, որ Հայաստանը պաշտպանելով Արցախը, մենք պաշտպանում ենք համայն հայությունը, մեր ապրելու, ստեղծելու իրավունքը և մեր զավակների ապագան:
Այսօր մեր բնակչության ֆիզիկական անվտանգության երաշխավորը կամավորական ջոկատներից ստեղծված Արցախի պաշտպանության բանակն է, մեր անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է, միաբանված համայն միակամ հայությունը: Այս տարիների ընթացքում էլ բոլոր ձեռքբերումները, մեր զավակների արյամբ ազատագրված անկախ երկրում մեր ապրելու, զարգանալու իրավունքը մենք պարտավոր ենք պաշտպանել՝ ապահովելով մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը, արժանապատիվ և բարեկեցիկ կյանքը:
Անվիճելի իրողություն է, որ Արցախն այլևս կայացած պետություն է՝ իր ինստիտուտներով, մասնագետներով, անկախության պայմաններում ծնված ազգային և ավանդական արժեքներով մեծացած սերունդով: Այո, կա դեռևս չլուծված Արցախյան հիմնախնդիր, որը պետք է լուծվի: Այդ առնչությամբ մեր մոտեցումը չի փոխվել, այն է՝ Արցախի և Ադրբեջանի փոխադարձ ճանաչումը և հակամարտության լուծման ռազմական ուղուց հրաժարումը պետք է ելակետային դառնան, ոչ թե հանդես գան նրանց միջև բանակցությունների վերջնակետ, իսկ մեր կողմից Ադրբեջանին բավականին զիջումներ արդեն իսկ արվել են: Զիջել ենք, երբ 1994թ. մայիսին ստորագրեցինք զինադադարի մասին համաձայնագիրը: Զիջեցինք, երբ դադարեցինք դառնալ բանակցային կողմ: Զիջեցինք, երբ 2016թ. ապրիլին համաձայնեցինք կասեցնել հաջողությամբ իրականացվող հակահարձակումն Ադրբեջանի զինված ուժերի նկատմամբ:
Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, հասկանա այն անվիճելի, աքսիոմատիկ ճշմարտությունը, որ Արցախյան հիմնախնդրի լուծման ցանկացած այլ մոտեցում ուղղակիորեն վտանգում է արցախահայության ֆիզիկական գոյությունը: Մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, ուստի մեր թշնամիներին հաղթելու, մեր հայրենիքը գրավելու նրանց ցանկությունները զսպելու միակ նախապայմանը վերոնշյալ ուղղությանը համապատասխանող օրենքներով առաջնորդվելն ու ապրելն է: Պատերազմող երկրի համար մեծ շռայլություն է, երբ պարտության նախապայման է առկա աշխարհաքաղաքական իրավիճակը ոչ համարժեք կերպով գնահատելը, եսապաշտական ցանկություններով առաջնորդվելը: Ուստի մեր երկրի անվտանգությունը մեծացնելու, սահմաններն անառիկ դարձնելու, քաղաքացիների բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու համար անհրաժեշտ հրամայական է՝ առավել սեղմ ժամկետներում վերականգնել ժողովրդի խարխլված համերաշխությունը, վերացնել աղքատությունը և սոցիալական անարդարությունը»:
Գոհար Սավզյան