«Երևում է, որ այս նախագծի վրա աշխատել են մարդիկ, որոնք չեն ծառայել բանակում». Արթուր Եղիազարյան
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է ընդունել արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին օրենք: Այն կկարգավորի մինչև 27 տարեկան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա ՀՀ քաղաքացիների` արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու հետ կապված հարաբերությունները:
Մասնավորապես, նախատեսվում է, որ արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնող քաղաքացին ՀՀ պետական բյուջե պետք է վճարի 10 միլիոն ՀՀ դրամ, կծառայի 1 ամիս հատուկ արագացված ընթացակարգով և այդ մեկ ամսվա ընթացքում կսովորի զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը, կհաշվառվի կոնկրետ զորամասում, կտա զինվորական երդում և կպարտավորվի ներկայանալ զորահավաքներին:
Եթե այդ մեկ ամսվա ընթացքում զինվորը ցանկություն հայտի շարունակել ծառայությունը զինված ուժերում, կկարողանա հետ ստանալ գումարը և ծառայել ևս 23 ամիս:
Ըստ օրենքի նախագծի՝ «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն» նշանակում է՝ զինվորական ծառայություն 1 ամիս ժամկետով, որի ընթացքում արագացված ընթացակարգով զինվորական ծառայության իրավունք ունեցող անձը կսովորի զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը, կհաշվառվի կոնկրետ զորամասում, կտա զինվորական երդում և կներկայանա զորահավաքներին:
«Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձ» նշանակում է՝ ՀՀ և օտարերկրյա պետության տարածքում բնակվող պարտադիր զինվորական ծառայության ենթակա, որը պարտավոր կլինի ՀՀ պետական բյուջե վճարել օրենքով սահմանված վճա:
«Օրենքով սահմանված վճար» նշանակում է՝ արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող 10 միլիոն դրամի չափով գումար:
Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ արագացված ընթացակարգով զինվորական ծառայության վերաբերյալ նախագիծը ֆինանսական միջոցներ ունեցող մարդկանց հնարավորություն է տալիս խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից:
«Այս նախագիծը 18-27 տարեկանների՝ զինվորական ծառայությունից ազատվելու համար է: Այսինքն՝ 10 միլիոնը վճարելու է 10 տարվա համար, որ չի ծառայել: Ստացվում է՝ տարեկան 1 միլիոն դրամ, իսկ տարին ունի 12 ամիս, և եթե այդ գումարը բաժանենք, ապա կստացվի մոտ 83.000 դրամ, ինչը նշանակում է, որ շատ մարդիկ՝ հնարավորություն ունեցողները, կփորձեն խուսափել պարտադիր ծառայությունից: Ամսական 83.000 դրամը չնչին գումար է, այսինքն՝ այդ 10 միլիոնը հեշտ վճարվող է: Հիմա պատկերացրեք, որ մարդ դրսում 1000 դոլարանոց աշխատանք ունի, որի մեջ ամսական հաշվով սա անգամ 200 դոլար չի կազմում, մարդիկ կարող են հետ գցել, լրանա 27-ը, 10 միլիոն դրամը մուծեն, և վերջանա դրանով՝ մեկ ամիս էլ ծառայելով: Այդ մեկ ամիսը ճիշտ չափաբաժին չէ, առհասարակ, երևում է, որ այս նախագծի վրա աշխատել են մարդիկ, որոնք բանակում չեն ծառայել:
Եվ քանի որ իրենք զինվորական գործից չեն հասկանում, չեն կարողանում նաև այս նրբություններն ընկալել: Մեկ ամսվա ընթացքում, երբ պարտադիր զորակոչային մարդը զորակոչվում է, երիտասարդ մարտիկի կուրս է անցնում: Սա նախնական պատկերացումն է զենքի, զինվորական ծառայության մասին, բայց սրանով զինվոր չեն դառնում: Այս մարդիկ 1 ամսվա համար նորմալ զինվորական ծառայություն չեն անցնելու: Նրանք թիկունքային ստորաբաժանումներում դասընթացի ձևով դա կանցնեն ու կգնան տուն: Այս դեպքում անարդար է դառնում այն մարդկանց նկատմամբ, որոնք բարեխիղճ կատարում են իրենց պարտադիր զինվորական ծառայությունը, մարտական հերթապահություն իրականացնում:
Չմոռանանք, որ մենք պատերազմող երկիր ենք, Հայաստանում և Արցախում ունենք սահմաններ, ավելի ճիշտ՝ մարտագծեր: Եթե անգամ 3 ամիս լիներ՝ 1 ամսվա փոխարեն, միևնույն է՝ 3 ամսվա ծառայողն էլ դիրքեր չի գնում: Այստեղ խնդիր կա, ինչը պիտի լուծում ստանա: Իմ կարծիքով՝ գոնե այս գումարի չափը պետք է մեծացվի, ինչպես ասացի՝ ամսական 83.000 դրամ է ստացվում, քանի որ սրա հնարավորությունն ունեցողները խուսափելու են ծառայությունից, եթե մեջները չլինեն հայրենասիրական նկրտումներ ունեցողներ և բարեխիղճ ծառայել ցանկացողներ: Սա նաև վտանգում է հանրության այն խավի ծառայելը, որոնք չունեն այդ հնարավորությունը, բայց գումարի չափն էլ մեծ չէ, իսկ երեխան չի ուզում ծառայել:
Հիմա պատկերացրեք այս ծնողի վիճակը, այսինքն՝ տուն-տեղ պիտի ծախեն, որ բանակից ազատեն իրենց որդուն: Սա էլ այլ խնդրի է հանգեցնելու: Կրկնում եմ՝ գումարի չափը շատ պետք է մեծացվի, որ, եթե մարդը չի ուզում ծառայել, չբերեն ստիպելով ծառայելու, բայց դրան համարժեք նյութական վճար պիտի լինի՝ 20-30 միլիոն: Այս դեպքում չծառայող խավը կքչանա, քանի որ գիտի՝ անընդհատ պետք է հետապնդվի, կամ էլ շատ մեծ գումար վճարի: Այս դեպքում, բնականաբար, կնախընտրեն իրենց ծառայելու պարտականությունը կատարել»,- մանրամասնեց Եղիազարյանը:
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ զուտ մեկ ամսվա ընթացքում ռազմական հմտությունների ձեռքբերման հարցին՝ ինչպե՞ս է կարգավորվելու ռազմական մասնագիտություն ստացող շարքայինների հարցը:
«Զինվորական ծառայությունը դա միայն զորամասում քնել-վեր կենալը չէ, կամ շարային անելը չէ: Բացի ինքնաձիգին տիրապետելուց՝ քանդել-հավաքելուց՝ մինչև այն ճիշտ կիրառելը, զինվորները ստանում են նաև ռազմական մասնագիտություն: Օրինակ՝ հրետանավոր ինչպե՞ս պետք է դառնան մեկ ամսում: Այդ ինչպե՞ս են պատկերացնում՝ արդյոք 1 ամսում շարքայինը կարո՞ղ է տիրապետել հրետանու հաշվարկներին, կրակի իրականացմանը, հրամանները ճիշտ ընկալելուն, և այլն: Զինվորներն իրենց ծառայության ընթացքում, երբ տեղի են ունենում մի քանի պլանային զորավարժություններ, կարելի է ասել, հազիվ են յուրացնում իրենց ռազմական մասնագիտությունը: Զորահավաքների ժամանակ, ինչպես նշվում է այդ առաջարկի մեջ՝ արդեն զորացրված զինվորը ոչ թե պետք է սովորի կիրառել, այլ պարզապես կիրառի իր մասնագիտությունը, ինչն էլ արվում է: Մի խոսքով՝ կարող եմ ասել, որ ժամկետային զինծառայությունն ուսումնական բնույթ է կրում, իսկ զորահավաքներին արդեն կիրառվում, օգտագործվում են տրված գիտելիքները»,- նշեց նա:
Մարիամ Պետրոսյան