Բաժիններ՝

Տրամադրված եմ մարտական. ռուսական «Ձայնը» նախագծում հայուհի Իննան պատրաստ է մենամարտեր փուլին

Ռուսական «Ձայնը» նախագծում իր կատարմամբ ժյուրիին ու հանդիսատեսին ապշեցրած Իննա Սայադյանը թեպետ ձայնի հետ կապված փոքր խնդիրներ ունի, սակայն նա մարտական է տրամադրված և պատրաստվում է մենամարտեր փուլին: «Արմենպրես»ի հետ զրույցում Իննան պատմել է փորձի, նախապատրաստական աշխատանքների, առաջիկա անելիքների մասին:

-Հարգելի Իննա, նախ շնորհավորանքներս ռուսական «Ձայնը» նախագծում ձեր հաջող ելույթի կապակցությամբ: Արդեն մարզիչների թիմը ձևավորվել է, ձեր կարծիքով Կոնստանտին Մելաձեի թիմում ինչպիսի՞ կատարողներ են հավաքվել, արդյո՞ք լուրջ մրցակցություն է սպասվում:

-Շնորհակալ եմ շատ: Այո, ճիշտ նկատեցիք, մեր թիմն արդեն ձևավորվել է: Կարող եմ ասել, որ մեր խմբի յուրաքանչյուր անդամ հետաքրքիր արտիստ է, անհատականություն՝ օժտված  երաժշտական յուրահատուկ ունակություններով: Բոլորն արժանի երաժիշտներ են հրաշալի էներգետիկայով: Ուրախ եմ, որ նրանց հետ մեկ թիմում եմ, նրանք բոլորը շատ բարի են ու տաղանդավոր: Կարծում եմ, որ ապագայում էլ միասին կստեղծագործենք: 

-Երբ Կոնստանտին Մելաձեն խոսում էր ձեր կատարման մասին, նա ասաց, որ շատ լավ պատկերացնում է, թե ինչ երգացանկ կարող է ձեզ առաջարկել: Իհարկե, դուք գերեցիք շատերի սրտերը ժողովրդական կատարմամբ, սակայն ո՞ր այլ ժանրում եք ցանկանում ներկայանալ այս նախագծում:

-Նախագծի ընթացքում շատ կցանկանայի ինձ ցույց տալ տարբեր ժանրերում: Կուզենայի երգել հոգով ու սրտով՝ հետաքրքիր ուղերձով, չէ որ հենց դա է ինձ ձգում:

-Հաջորդը մենամարտեր փուլն է, որը շատ շուտով եթեր կհեռարձակվի: Ինչպե՞ս եք տրամադրված, և արդյո՞ք հայտնի է, թե ինչ երգով եք հանդես գալու և ում հետ:

-Մենամարտեր փուլն այս ուրբաթ եթեր կհեռարձակվի: Հանդես եմ գալու զուգերգով: Արդեն ակտիվ փորձերի մեջ ենք: Անունը չեմ կարող հրապարակել, սակայն ասեմ, որ երգելու եմ շատ տաղանդավոր երիտասարդի հետ, նա ռուսական թատրոնի դերասան է, ռուսական հեղինակավոր մրցույթի հաղթող: Կատարելու ենք լեգենդար երգիչ Խուլիո Իգլեսիասի հայտնի երգերից մեկը: Մենք ինքներս էլ չգիտենք, թե մեզնից ով կշարունակի մնալ նախագծում: Ես կարծում եմ, որ երկուսս էլ արժանի ենք: Ի դեպ, Կոնստանտին Մելաձեն ափսոսանք է հայտնում, որ երկուսիս մասնակցությամբ կազմեց դուետ, բայց արդեն փորձերի թեժ շրջանն է, արդեն ոչինչ հնարավոր չէ փոխել:  Ցավոք մեզնից մեկը պետք է լքի նախագիծը:

-Ինչպե՞ս կգնահատեք փորձերի ընթացքը և, ըստ ձեզ, ինչպիսի՞ն է աշխատանքը Կոնստանտին Մելաձեի հետ:

-Նախ ասեմ, որ էմոցիոնալ առումով մի փոքր խառը իրավիճակ է ինձ մոտ, սակայն ասեմ, որ ես շատ վճռական եմ տրամադրված: Փորձում եմ անել այն ամենը, ինչ ինձնից կախված է, որպեսզի ելույթ ունենամ որքան հնարավոր է լավ: Չնայած այն հանգամանքին, որ փոքր խնդիրներ կան ձայնիս հետ կապված, ես շարունակում եմ բուժվել և փորձերին մասնակցել, քանի որ մեր երգը հեշտերից չէ: Պարբերաբար ձայնագրում եմ մեր փորձերը, որ ցույց տամ մայրիկիս: Մայրս իմ ամենագլխավոր գնահատողն է: Նրա կարծիքը ինձ համար միշտ կարևոր է և այն միշտ օբյեկտիվ է ու ազնիվ, իսկ դա կարևոր է: Ասեմ, որ փորձերն, ընդհանուր առմամբ, լավ են ընթանում, նույնիսկ Կոնստանտին Մելաձեն շատ դեպքերում ասում է, որ ավելացնելու բան չունի: Ինձ շատ հաճելի է՝ թե նրա հետ աշխատելը, թե իմ գործընկերների: Ամեն փորձից հետո միայն ժպիտներ են: Մեր առջև դրված թիվ մեկ խնդիրը պատվով հանդես գալն է և մեր երգը գեղեցիկ ներկայացնելը: Մենք ցանկանում ենք ստեղծել հեքիաթային տպավորություն, չէ՞ որ մենք պարզապես հրաշալի երգ ենք ընտրել:

-«Ձայն տուր, ո՜վ ծովակ» երգի ձեր կատարումը մեծ արձագանք գտավ, թե Հայրենիքում, թե Ռուսաստանում:  Այս հնչած գնահատականները, դրական խոսքերը որքանո՞վ են մեծացնում պատասխանատվությունը  հետագա ելույթների դեպքում: Այդ կատարմամբ, կարծես, բավական բարձր նշաձող եք սահմանել:

-Ես նախ կցանկանայի իմ մեծ երախտագիտությունը հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում մինչև հոգու խորքը հուզող գեղեցիկ բառերով: Շատ հաճելի է կարդալ այդ մեկնաբանությունները, նամակները: Դրանք ինձ աննկարագրելի էներգիա են հաղորդում: Ես շատ ուրախ եմ, որ իմ ելույթը գնահատել են ոչ միայն հայերը, այլև այն մարդիկ, ովքեր չեն հասկանում հայերեն, ծանոթ չեն մեր հայկական մշակույթին: Դա առաջին ժողովրդական երգն էր իմ կատարմամբ: Ես շատ հուզվում էի, անհանգստանում էի ելույթի հետ կապված, մտածում էի, թե որքանով լավ հանդես կգամ: Միգուցե տեխնիկական առումով ես այնպես չեմ երգել, ինչպես մեր ժողովրդական երգիչները կերգեին, բայց չնայած դրան, ես որոշեցի ընտրել հենց այդ երգը, որովհետև շատ էի ցանկանում հանդես գալ հենց ազգային կատարմամբ և անպայման դուդուկի հնչյունների ուղեկցությամբ: Ես անկեղծ սրտով ցանկանում էի, որ մեր հարուստ մշակույթի թեկուզ մի փոքր մասը լսելի լինի օտարազգի լսարանին: Շատ էի ուզում, որ լսեն մեր դուդուկը, զգային մեր ժողովրդական երգերի ամբողջ գեղեցկությունը: Ինչ վերաբերում է հարցին, ապա այդպիսի արձագանքից հետո, իհարկե, շատ կարևոր է, որ հաջորդ փուլերին ևս շատ լավ ելույթ ունենամ: Հույս ունեմ, որ լսարանը նույնպես ջերմ կընդունի իմ հաջորդ կատարումը: Ես էլ իմ հերթին կաշխատեմ, կանեմ ամեն ինչ հաջող ելույթի համար:

-Նախկինում մրցույթների մասնակցության հարուստ փորձ ունեք: Որքանո՞վ դա ձեզ օգնեց ռուսական «Ձայնը» նախագծում մասնակցելու տեսանկյունից:

-Այո, մինչև «Ձայնը» նախագիծը, ես մասնակցել եմ Հայաստանի «X-Factor» նախագծում, որտեղ զբաղեցրել եմ երկրորդ տեղը: Կարող եմ վստահաբար ասել, որ հենց այդ նախագիծը մեծ հաշվով դարձավ ինձ համար հենասյուն հետագա երաժշտական գործունեության համար, այն տվեց ինձ մեծ փորձ: Ես շատ շնորհակալ եմ այդ նախագծին, պրոդյուսեր Աննա Թադևոսյանին, ամբողջ թիմին, Էրիկ Կարապետյանին: Այդ ամենն, իհարկե, անգնահատելի է: Եվ, իհարկե, մեծ շնորհակալություն իմ հայ հանդիսատեսին: Կարող եմ ասել մի բան, այդ ամբողջ դպրոցն օգնում է ինձ «Ձայնը» նախագծի նկարահանումներում, բայց իհարկե, հուզմունք ամեն դեպքում կա: 

-Դուք ձեզ փորձել եք նաև այլ ոլորտներում, զբաղվել եք գեղարվեստական մարմնամարզությամբ, ունեք մարզական երկրորդ կարգ: Հաճախել եք գեղարվեստի ստուդիա, ունեցել եք անձական ցուցահանդես տարբեր աշխատանքներով` դիմանկարներ, բատիկաներ, կավից աշխատանքներ, երգի ասպարեզում լավ հաջողություններ եք գրանցում: Հետագայում ձեզ որտե՞ղ եք պատկերացնում, ո՞ր ուղղությունն է ձեզ հոգեհարազատ:

-Ճիշտն ասած, այս փուլում կդժվարանամ կոնկրետ պատասխան տալ: Ես, իհարկե, ցանկանում եմ դառնալ արտիստ: Այս ցանկությունն ինձ մոտ ի հայտ է եկել դեռ մանկուց: Տարօրինակ է, բայց ես սովորում եմ երկու ուսումնական հաստատությունում, որոնք ոչ մի կապ չունեն երաժշտության հետ: Վերջիվերջո առաջին կրթությամբ կդառնամ մենեջեր-մարկետոլոգ, երկրորդ մասնագիտությամբ՝ սոցիոլոգ նորաձևության ոլորտում: Կարող եմ մի բան հստակ ասել, ես միանշանակ ցանկանում եմ զբաղվել արվեստով, միավորել այն ճշգրիտ գիտությունների, կառավարման հետ: Ամենակարևորը, այնպես անեմ, որ իմ գործունեությունը ինձ բավականություն պատճառի: Ինձ դուր է գալիս արարել, ստեղծագործել, ապագայում կցանկանայի իմ ներդրումն ունենալ մշակույթի ոլորտում: Երբ ասում եմ արվեստ, առաջին հերթին նկատի ունեմ երաժշտությունը:

Հարցազրույցը՝ Աննա Գզիրյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս