Եվրահանձնաժողովի ղեկավարը Եվրամիությանը վերափոխումներ է խոստացել «նոր մեկնարկի» համար
Եվրամիությանն առաջիկա հինգ տարում սպասվում են վերափոխումներ, որոնք անհրաժեշտ են ու թելադրված ժամանակով: Այդ մասին նոյեմբերի 27-ին Եվրախորհրդարանում ԵՀ-ի նոր կազմի հաստատման շուրջ քվեարկությունից առաջ հայտարարել է դրա ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Հաջորդ հինգ տարվա ընթացքում մեր միությանն սպասվում են վերափոխումներ, որոնք կվերաբերեն մեր հասարակության ու տնտեսության յուրաքանչյուր հատվածին: Մենք դա անելու ենք, որովհետեւ դա ճիշտ է, այլ ոչ թե այն բանի համար, որ դա դյուրին կլինի»,-ասել է նա՝ դիմելով եվրապատգամավորներին:
Նրա խոսքով՝ Եվրոպան ժամանակ առ ժամանակ մոռանում է, որ իր մեծագույն ձեռքբերումները հնարավոր են դարձել այն ժամանակ, երբ «մենք խիզախ էինք»: Նա կոչ է արել եվրապատգամավորներին՝ աջակցել իր կոլեգիային «Եվրոպայի նոր մեկնարկի» համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: