Բաժիններ՝

Դավիթ Խաժակյանը պահանջեց քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի գործողությունների առիթով

«Սա օրենքի կոպտագույն խախտում է, որ քաղաքապետարանում որևէ այլ պաշտոնյա, քան քաղաքապետն ու իր առաջին տեղակալը, իրավասու չեն քաղաքապետի որոշումներ ստորագրելու, իրավասու չեն լիազորություններն իրականացնելու: Սա բխում է Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի 48 հոդվածի երկրորդ մասից»,- այսօր Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ըստ Դավիթ Խաժակյանի՝ Երևանի քաղաքապետի բացակայության ժամանակ նրա տեղակալ Հայկ Սարգսյանը քաղաքապետի անունից ընդունել է մոտ 70 նորմատիվ ակտեր, ինչի իրավունքը նա չուներ, քանի որ նման որոշումներն ընդունում է հենց քաղաքապետը, իսկ նրա բացակայության ժամանակ՝ քաղաքապետի առաջին տեղակալը:

Ավագանու անդամը հարց ուղղեց իրավաբանական վարչության պետին՝ արդյոք նշագրե՞լ է որոշումը, որը վերաբերում էր քաղաքապետի կողմից լիազորություններ վերապահելուն՝ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին, և արդյո՞ք խոսքը գնում է մեկ որոշման մասին, թե՞ նախկինում լիազորությունը տրվել է Հրաչյա Սարգսյանին, ապա փոխվել և ավելացվել է Հայկ Սարգսյանի անունը:

Խաժակյանը պահանջեց քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի գործողությունների առիթով, քանի որ նախադեպը վտանգավոր է.

«Իրավական այս ակտերը, ըստ էության, 1 վայրկյանում կարող են դառնալ առոչինչ, որովհետև չեն բխում օրենքից: Պետք է կանխել որևէ նման նախադեպ, երբ քաղաքապետի լիազորություն կարող է կատարվել օրենքով չնախատեսված անձի կողմից»,- հայտարարեց նա:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խորհրդական Կարեն Համբարձումյանը, ի պատասխան՝ ասաց, որ  բարձրացրած հարցի պատասխանը շատ պարզ է և հստակ. ըստ նրա՝  օրենքը չի կարգավորում այն դեպքերը, երբ ինչ-ինչ պատճառներով քաղաքապետի տեղակալը ևս կարող է բացակայել: Համբարձումյանի խոսքով՝ դրանք կարող են լինել բազմաթիվ այլ հանգամանքներով պայմանավորված՝ սկսած անհետաձգելի միջոցառումից, վերջացրած՝ երկրի ղեկավարի հետ հրատապ գործուղման մեկնելով. «Այս համատեքստում Երևանի քաղաքապետարանը չի կարող մնալ անկառավարելիության վիճակում, որովհետև 2 հազար հոգանոց կոլեկտիվը և քաղաքապետարանն իր գործառույթներով չափազանց կարևոր մարմին է: Եվ հիմք է ընդունվել Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 48-րդ հոդվածի 7-րդ մասը, որի հիման վրա դուք հանձնարարել եք քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանին, անհետաձգելի դեպքեր ի հայտ գալու կամ գործուղման մեկնելու դեպքում՝ նշանակել փոխարինող Հայկ Սարգսյանին։ …Ընդհանուր առմամբ իրավունքի էությունն այն է, որ օրենքն է մարդու համար, այլ ոչ թե մարդը՝ օրենքի, և բոլոր հարցերի վերջնական պատասխանը, ոնց հասկացա՝ պարոն Խաժակյանը կարող է ստանալ դատախազությունից, որտեղ պատրաստվում է դիմել»:

«Քանի որ վերջերս բոլոր պետական պաշտոնյաների մոտ սովորություն է ձևավորվել, որը մենք էլ ընդօրինակել ենք՝ բոլոր առիթներով համապատասխան գործեր հարուցել, մենք այդ օրինակը վերցրել ենք, որովհետև հիմա մարդիկ դատվում են նրա համար, որ մի քանի օր ուշ են դիմումը «Մալբրիում» (էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ) մուտք արել: Սա ընդհանուր տենդենց է, որին փորձում ենք հետևել»,- պատասխանեց Դավիթ Խաժակյանը:

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս