Ալբանիայում աճում է երկրաշարժի զոհերի թիվը
Ալբանիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 13-ի, ավելի քան 600 բնակիչ դիմել է բժշկական օգնության: Այդ մասին հայտնել է Exit լրատվական պորտալը:
Նոյեմբերի 26-ին ավելի վաղ Ալբանիայի կառավարության ներկայացուցիչ Էնդրի Ֆուգան հայտնել է, որ մինչ այժմ 28 մարդ է փրկվել փլվածքների տակից: «Ավելի քան 600 մարդ բժշկական օգնություն է ստացել»,- գրել է Ֆուգան Twitter-ում:
Ալբանիայի իշխանությունները հայտարարել են ֆինանսական միջոցների հանգանակություն սկսելու մասին, որոնք կուղղորդվեն նոյեմբերի լույս 26-ի գիշերը տեղի ունեցած՝ 6,4 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով տուժածների օգնությանը:
Այդ մասին հաղորդվում է Twitter-ում երկրի կառավարության պաշտոնական էջում: ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր մայրաքաղաք Տիրանայի մերձակա Շիջակ քաղաքից 10 կիլոմետր դեպի հյուսիս – արեւմուտք ընկած շրջանում:
Օջախը 10 կիլոմետր խորության վրա էր: Տարերքի հարվածի հետեւանքով մի քանի շենքեր են քանդվել Դուրեսից ոչ հեռու: Այս պահին փրկարարները շարունակում են մաքրել փլվածքները: Ցնցումներն զգացվել են Տիրանայում, ինչպես նաեւ Հյուսիսային Մակեդոնիայում, Սերբիայում, Չեռնոգորիայում, Խորվաթիայում եւ Իտալիայի մի քանի հարավային նահանգներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: