Բաժիններ՝

Մեքենայի պարտադիր տեխզննման մեխանիզմը կդադարեցվի. նոր նախագիծ են ներկայացրել

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավորները «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ են ներկայացրել։

Նախագծի հեղինակներն են Արթուր Դալլաքյանը, Արթուր Գրիգորյանն ու Արտյոմ Ծառուկյանը։

«Հիմնական կետն այն է, որ տեխնիկական զննումը ՀՀ-ում դադարեցվի: Նախագծում մեծ փոփոխություն է արվել դրույքաչափերի մասով, և նոր հարկատեսակ ենք առաջարկել, որն անմիջական փոփոխում է մեկ սկզբունք՝ ՀՀ քաղաքացիներն այսուհետ կհասկանան, թե իրենց վճարած գումարներն ինչ նպատակի են ծառայում: Նոր նախագծով առաջարկում ենք, որ ամեն տրանսպորտային միջոց ըստ իր զանգվածի՝ կվճարի ճանապարհային հարկ, որը կկոչվի ճանապարհային օգտագործման հարկ: Իսկ գործող բնապահպանական հարկն իջեցրել ենք, բերել ենք նոր ձևաչափ, որը կհամարվի ըստ շարժիչի վառելիքի վճարման տուրքի ձև: Բենզինն ու գազն այլ վճար կունենան, դիզելային շարժիչը՝ այլ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արթուր Դալլաքյանը: Նա հավելեց.

«Շատերը կասեն, որ տեխնիկական զննումը շատ կարևոր է, բայց մեր քաղաքացիները 15 տարի շարունակ վճարել են մեկ բանի համար և դրա դիմաց ծառայություն չեն ստացել: Մարդիկ վճարել են գումար՝ օդում թողնելով ամեն ինչ: Քաղաքացին պետք է  հասկանա, թե ինչի՞ համար է վճարում կատարում: 15 տարի շարունակ տեխզննում անցնելու և մեկ թղթի համար քաղաքացին իր գրպանից վճարում է կատարել՝ չստանալով որևէ ծառայություն: Երկրորդ խնդիրն այն է, որ ՀՀ-ում տրանսպորտային միջոցների 50 տոկոսից ավելին մեքենայում «կատալիզատոր» չունի: Շատ երկրներում տեխնզնումը կոպիտ անուն է ստացել, կոչվում է «կոմպրոմիսային մշակույթ», ու շատ երկրներ հրաժարվել են դրանից, քանի որ ամբողջությամբ կոռումպացված ոլորտ է ինքն իրենից ներկայացնում: Մեր նախագիծը կարևոր մեկ սկզբունք  է ներկայացնում, որն է՝ քաղաքացին այսուհետ հասկանալու է, թե ինչի համար է վճարում: Պետք է ամեն տարի ճանապարհների վերանորոգման վերաբերյալ Կառավարությունից հստակ տեղեկատվություն ստանա: Պետք է իմանա, թե ինչի՞ համար է վճարել, ու այդ գումարը որտե՞ղ է ծախսվել»:

Արտյոմ Ծառուկյանի փոխանցմամբ էլ՝ տեխնիկական զննումը ներառում է բնապահպանական վճար, որը հաշվարկվում է ըստ ձիաուժերի: Թեթև մարդատար մեքենաների դեպքում  5500 դրամ են վճարում, միկրոավտոբուսի դեպքում՝ 7500, ավտոբուսի դեպքում՝ 10500, և այլն: Պետական տուրքի համար էլ 2500 դրամ են առանձին վճարում:

 

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս