
ՀՅԴ-ականները ցանկացած հակազդեցության պատրաստ են. Մահ, կամ ազատությո՞ւն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դաշնակցությունը վերջին շրջանում խիստ «հագեցած» օրակարգ ունի. նախորդ շաբաթ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մեկնել էր Եվրոպա, երեկվանից Կանադայում է։ Հարցրինք` ի՞նչ առաքելությամբ։ «Հանդիպում եմ Բյուրոյի, ժողովրդի, կուսակցականների հետ»:
Նպատա՞կը։ «Փոխգործակցություն, Հայաստանի վիճակի ներկայացում»: Կանադական թեւը նույնքան արմատական-ըմբո՞ստ է, ինչպես ամերիկյանը` Արեւմտյան Ամերիկայի թեւի եւ Վիգեն Հովսեփյանի։ «Ամերիկյան թեւն էլ, Ձեր ձեւակերպմամբ՝ «արմատական» չէ, ավելի շատ աղմուկ է, քան` իրականություն։
Ըմբոստ է, բայց ոչ Ձեր կարծածի չափ։ Կուսակցական-կազմակերպչական առումով Ընդհանուր ժողովի քաղաքական գծի որոշումները բոլորի համար կատարման ենթակա են։ Դուք հիմա կոնկրետ անուն եք տալիս` Վիգեն Հովսեփյանը շարքային կուսակցական է, բայց նույն իր պարագայում էլ չեմ կարծում հատուկ առանձնանալու կամ այլ քաղաքականության խնդիր կա»:
Ասել է` ՀՅԴ թրենդը «նստել ոզնու վրա, լողի չեմպիոն դառնալ»․ եթե կուսակցությունը հրահանգում է, 100 տոկոսանոց է։ «130 տարի ուժի մեջ է եղել, կարծում եմ` առաջիկա տասնամյակների մեջ եւս կլինի»:
Արայիկ Հարությունյանին ուղղված ձեր նամակում բավականին կոշտ էիք արտահայտվել, ասել էիք՝ «քաղաքական ապտակը ցավոտ է լինելու»․ ի՞նչ նկատի ունեիք։ «Ասված էր` անձնական-կուսակցական հարցերը պետք է տարբերել։ Ընդունված չէ կոնկրետ հակընդդեմ քայլերի մասին բարձրաձայնելը, բայց մենք ցանկացած հակազդեցության պատրաստ ենք»։ Մահ կամ ազատությո՞ւն։ «Կարգախոս է, այլ կերպ պետք չէ մեկնաբանել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: