ԱԺ հանձնաժողովն ընդունեց երրորդ կողմի հետ ԵԱՏՄ միջազգային պայմանագրերի վերաբերյալ նախագիծը

Այսօր ԱԺ-ի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց երրորդ կողմի հետ Եվրասիական տնտեսական միության  միջազգային պայմանագրերի կնքման, դադարեցման և գործողության կասեցման կարգը սահմանող համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին:

Անդրադառնալով օրենքի նախագծին՝ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, որ բուն պայմանագիրը ենթադրում է, որ ԵԱՏՄ-ն ելնելով իր շահերից՝ իրավունք ունի կնքելու համաձայնագրեր տարբեր պետությունների, միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների հետ։

«Մենք ականատես ենք եղել, որ նման պայմանագիր կնքվել է Սինգապուրի, Վիետնամի, ինչպես նաև մեր հարևան Իրանի հետ։ Եղել են քննարկումներ, որտեղ շատ լուրջ ներգրավված է եղել հայկական կողմը, և արդյունքում՝ ձևավորվել է այն համաձայնագիրը, որն այսօր ներկայացնում ենք խորհրդարանում»,- նշեց Շ. Քոչարյանը։

Ըստ Շավարշ Քոչարյանի՝ այս պայմանագիրը և ընդհանրապես ինտեգրացիոն պայմանագրերը տալիս են առավելություններ անդամ պետություններին, իսկ ԵԱՏՄ-ի դեպքում  ընդհանուր մաքսատուրքերը և հարկերը հավաքվում են մեկ տեղ, որտեղ յուրաքանչյուրն ունի իր մասնաբաժինը։

«Այս տեսակետից ցանկացած պետության առևտրի զարգացումը նպաստում է մյուս երկրների առևտրի զարգացմանը, ինչը ձեռնտու է անդամ պետություններին, որպեսզի աշխուժանա այդ տարածքի առևտուրը։ Օրինակ՝ հարևան Իրանի դեպքում Հայաստանն էր նախաձեռնել այդ գործընթացը, այդ ամբողջ գործընթացում մենք լուրջ ներդրում ունեցանք»,- շեշտեց ԱԳ փոխնախարարը։

Շավարշ Քոչարյանը նաև նկատեց, որ մինչև այսօր բոլոր պայմանագրերը կնքվել են առանց այդ կարգի, քանի որ մինչև այսօր այն անցնում է ներպետական վավերացման կարգով, սակայն սա չի նշանակում, որ այլ իրավասություն չի եղել, մայր պայմանագրում այդ ամենի հնարավորությունը կա։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությանը, Շավարշ Քոչարյանը նկատեց, որ բոլորն էլ ընդգծում են, որ Հայաստանի նախագահությունը եղել է չափազանց արդյունավետ։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս