Ահա թե ինչպես է հասարակությունը «վայելում» տնտեսական աճի ազդեցությունը
Կառավարությունը հույս ունի այս տարի ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, չնայած հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում կանխատեսել է, որ այն կլինի 6,3 տոկոս։ Եթե իրականանան կառավարության սպասումները, ապա այս տարվա տնտեսական աճը պակաս կլինի իշխանափոխությանը նախորդած տարվա ցուցանիշից։ Բայց կլինի ավելի բարձր, քան անցած տարի էր։
Հիշեցնենք, որ 2017թ. տնտեսական աճը Հայաստանում հասավ 7,5 տոկոսի, իսկ 2018թ. կազմեց 5,2 տոկոս։
Թվում է, թե նման աճի պարագայում պետք է բավարարվեն նաև տնտեսական աճից հասարակության սպասելիքները։ Խոսքը սոցիալական ոլորտի սպասելիքների մասին է։ Մեկ անգամ չէ կառավարությունը հայտարարել է, որ իր տնտեսական քաղաքականության նպատակը ներառական աճի ապահովումն է։ Դա նշանակում է, որ տնտեսական աճի արդյունքները պետք է հասանելի լինեն հասարակության լայն խավերին։
Բայց արդյո՞ք այդպես է։
Թե տնտեսական աճի արդյունքները որքանով են նպաստել մարդկանց եկամուտների ավելացմանը, վկայում են առաջին հերթին՝ աշխատավարձերի ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները։ Գուցե և փոփոխություն է նաև այն, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը. «Այն, որ մարդիկ երթևեկում են բարեկարգ ճանապարհներով, իրենց կյանքը փոխվո՞ւմ է, թե՞ ոչ։ Իհարկե փոխվում է։ Մարդիկ ավելի քիչ են գնում «խադավիկի» մոտ։ Առողջապահության ոլորտում, երբ մարդը, տնից-տեղից հեռու, ինսուլտ է ստանում, մարդը չի գնալու ստեղից-ընդեղից փող հավաքի, իր հիվանդը չի մնալու պատգարակի վրա։ Դա մարդու կյանքի փոփոխությո՞ւն է, թե՞ ոչ»։
Գուցե և այդպես է։ Բայց այդ փոփոխությունների ազդեցությունը շատ չնչին է, շատերի համար՝ նաև անտեսանելի ու անհասանելի։ Իրական փոփոխությունները մարդկանց եկամուտների մեջ են։ Եթե եկամուտները չեն ավելանում, նշանակում է՝ կյանքը հետ է գնում, ապրելու պայմանները վատանում են։
Մարդկանց եկամուտների աղբյուրները տարբեր են, բայց հիմնականն աշխատավարձն է։ Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում խոսելու աշխատավարձերի բարձրացումների մասին, բայց այդ բարձրացումների ազդեցությունը երևում է միջին աշխատավարձերի վրա։
Ահա թե ինչպես են փոխվել միջին աշխատավարձերը։
Պաշտոնական տվյալներով՝ այս տարի միջին աշխատավարձը Հայաստանում բարձրացել է 5,9 տոկոսով։ Հասկանալի է, որ միջին աշխատավարձի աճը տարբեր ոլորտներում տարբեր կերպ է արտահայտվել, բայց պետք է խոստովանենք, որ դա այն չէ, որը սոցիալական ոլորտում կարող է էական բան փոխել։ Դա, ըստ էության, այն բնականոն աճն է, որն ամեն տարի էլ լինում է, անկախ նրանից՝ կառավարությունը գնո՞ւմ է աշխատավարձերի համընդհանուր բարձրացման, թե՞ ոչ։ Այս առումով մեծ առաջընթաց չկա։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ իշխանափոխությունից հետո թաքնված աշխատավարձերի որոշակի բացահայտում այնուհանդերձ տեղի ունեցավ։ Այնպես, ինչպես հայտարարագրված աշխատատեղերի դեպքում։ Նման դրսևորումները մարդկանց իրական եկամուտների վրա սովորաբար չեն ազդում, բայց վիճակագրական պատկերը, իհարկե, փոխում են։
Որքան էլ թվում է, թե տնտեսական աճի ազդեցությունն առաջին հերթին պիտի զգան տնտեսության մեջ զբաղվածները, այնուհանդերձ այստեղ պատկերն անհամեմատ ավելի տխուր է։ Տնտեսական հատվածում միջին աշխատավարձն այդ ժամանակահատվածում ավելացել է ընդամենը 4,1 տոկոսով։ Սա տնտեսության վիճակի, թերևս, լավագույն բնութագիրն է և ցույց է տալիս, թե արձանագրվող վիճակագրական աճերը որքանով են կապված իրական զարգացումների հետ։
Ինչևէ, ահա սա է տնտեսական աճի ազդեցությունը մարդկանց եկամուտների ավելացման վրա։ Այս պայմաններում ամենևին էլ զարմանալի չէ, որ հասարակության հիմնական մասը շարունակում է անմասն մնալ տնտեսական աճի ազդեցությունից։ Կամ այդ ազդեցությունն այնքան փոքր է, որ հնարավորություն չի տալիս ծածկել նույնիսկ գնաճը։
Տարօրինակ ձևով, վերջին շրջանում միջին աշխատավարձի աճն ավելի ակտիվ է պետական համակարգում` 7,6 տոկոս, որքան էլ այն ձևավորվում է տնտեսական հատվածի հաշվին։ Ու դա, առաջին հերթին՝ համատարած պարգևատրումների արդյունք է։ Ինչպես հայտնի է, վարչապետի գաղտնի որոշմամբ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը կրկնապատկվել են։ Պետական համակարգում և հատկապես կառավարության բարձր օղակներում, ըստ էության, սկսել են ավելի բարձր գնահատել իրենց աշխատանքը։
Բնականաբար, միայն աշխատավարձը չէ, որ ցույց է տալիս, թե հասարակությունը որքանով է զգում տնտեսական աճի ազդեցությունը։ Կան սոցիալական բազմաթիվ այլ ուղղություններ. դրանցից ամենակարևորը, թերևս, կենսաթոշակներն են։ Իշխանափոխության երկրորդ տարում կենսաթոշակները Հայաստանում շարունակում են մնալ նույնը։ Հաջորդ տարի կառավարությունը որոշել է այն 10 տոկոսով ավելացնել։ Խոսքը 3,5 հազար դրամի մասին է։ Արդյո՞ք առաջիկայում սպասվող համատարած թանկացումների պայմաններում 3,5 հազարը կարող է եղանակ փոխել` չհաշված դեռ նախորդ տարիներից թելադրված գնաճի ազդեցությունը։
Մինչ պետական կառավարման էլիտան բարձր պարգևավճարներ է ստանում, մյուսները զրկված են աշխատավարձի նույնիսկ չնչին բարձրացումից։ Խոսքն այն բազմահազար պետական աշխատողների, ասենք` գիտնականների, դերասանների, մանկավարժների և բազմաթիվ այլ մասնագետների մասին է, որոնք ընդգրկված չեն կառավարման մարմիններում։ Իսկ որ ավելի վատ է, նրանց զգալի մասը դեռ մի բան էլ տուժելու է։
Ինչպես հայտնի է, հաջորդ տարվա սկզբից ավելանալու է նաև կուտակային կենսաթոշակային հիմնադրամներին կատարվող վճարների բեռը։ Ու դա զգալու են հատկապես ցածր եկամուտ ունեցողները։ Նրանք ստիպված կլինեն ավելի շատ վճարել կենսաթոշակային հիմնադրամներին և փաստացի ավելի քիչ աշխատավարձ կստանան։
Տնտեսական աճի ազդեցությունը Հայաստանում ահա այսպիսին է։ Նախկինում հասարակության մեծ մասն այն չէր զգում, չի զգում նաև հիմա։ Որքան էլ առանձին ուղղություններով երբեմն-երբեմն որոշակի բարձրացումներ արվում են, այնուհանդերձ դրանց ազդեցությունը, ինչպես միշտ, մեծ չի լինում։ Եկամուտների աճը Հայաստանում շատ դանդաղ է տեղի ունենում։ Դա նույնիսկ չի հասցնում գնաճի, հատկապես՝ իրական գնաճի հետևից։
Տնտեսական աճի ազդեցությունը հասարակության մեծ մասը չի զգում նաև այն պատճառով, որ աճը որակ չունի։ Այն հիմնված է մեծամասամբ այնպիսի ոլորտների վրա, որտեղ սովորաբար մեծ արժեք չի ստեղծվում։
Քանի դեռ կառավարությունը չի կարողացել լուծել այս խնդիրները, հասարակության մեծ մասը չի զգալու տնտեսական աճի ազդեցությունը։ Պատահական չէ, որ այն, ինչ ունեինք նախկինում, ունենք նաև հիմա։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ