«Այս իրավիճակը երկար չի կարող շարունակվել, պոպուլիզմի ոտքը, ինչպես ստի ու կեղծիքի պարագայում, շատ կարճ է». Արթուր Ղազինյան

Քաղաքական գործիչներին բնորոշ են խոսելը, մտքեր եւ գաղափարներ գեներացնելը, դրանք գեղեցիկ փաթեթավորելն ու հանրությանը «վաճառելը»։

Սակայն քաղաքական զազրախոսությունը, որքան էլ որ նորմալ ընկալվի քաղաքական ընդդիմության համար, նույնքան անընդունելի եւ վնասաբեր է իշխանության համար, հատկապես, երբ խոսքը գնում է պետության ղեկավարի մասին։

Իշխանությունն ունի աշխատելու ե՛ւ պարտավորություն, ե՛ւ հնարավորություն։ Քաղաքական ուժը կամ քաղաքական լիդերը, իշխանության գալուց հետո, պետք է ձեռնամուխ լինի ընդդիմադիր գործունեության ընթացքում իր կողմից բացահայտված եւ բարձրաձայնված խնդիրների լուծմանը՝ ապացուցելով, որ ինքը ճիշտ էր, նախկինները՝ սխալ։ Այս աշխատանքն իրականացվում է ոլորտային համակարգային բարեփոխումների հայեցակարգերի, ռազմավարությունների եւ օրենքների մշակման միջոցով` հիմնված տվյալ քաղաքական ուժի գաղափարախոսության եւ ռազմավարական տեսլականի վրա:

Իշխանության պարագայում խոսել պետք է առավելապես երկու դեպքում եւ նպատակով. ասել այն, ինչը պատրաստվում է անել, եւ ներկայացնել այն, ինչ արդեն արել է։ Ժողովրդի խնդիրն է՝ լսել քաղաքական ընդդիմությանը, քաղաքական վերլուծաբաններին, մասնագիտական հանրույթին, վերլուծել եւ գնահատել նրանց կողմից արված քննադատություններն ու գնահատականները եւ անել հետեւություններ՝ դրանք դնելով իրենց առաջին իսկ ընտրության հիմքում։

Բանաձեւը շատ պարզ է, եւ պրակտիկայում այն կիրառելու համար պետք է ձեւավորել քաղաքական համակարգ եւ դրանց տակ դնել համապատասխան ենթահամակարգեր։

Այս բանաձեւը, սակայն, աշխատում է այն դեպքում, երբ իշխանությունն ավելի շատ աշխատում է, քան խոսում, ինչպես նաեւ այն դեպքում, եթե իշխանության է եկել դասական քաղաքական գործընթացների` ազատ ընտրությունների արդյունքում եւ հիմնված է վերնախավի (էլիտայի) ու հասարակության լայն շերտերի միջեւ ձեռք բերված փոխհամաձայնության վրա։

Սակայն երբ իշխանությունը, հատկապես պետության ղեկավարը, զբաղված է շատախոսությամբ եւ շրջանցելով քաղաքական համակարգն ու ենթահամակարգերը՝ հաստատում է ուղղակի կոմունիկացիա պետության յուրաքանչյուր ընտրողի հետ, ապա համակարգն ուղղակի խեղվում է, պարալիզվում, իսկ այդպես երկար շարունակվելու դեպքում՝ փլուզվում։

Պարզ կանոն է. որքան շատ ես խոսում, այնքան շատ ես սխալվում, իսկ եթե շատ խոսողը նաեւ, մեղմ ասած, չի տիրապետում ֆենոմենալ ինտելեկտուալ կարողությունների եւ խնդիրների վերաբերյալ ունի խիստ սահմանափակ ու մակերեսային պատկերացում, պատկերը ստացվում է աղետալի։ Աղետն առավել կործանարար հետեւանքներ է ունենում, երբ քաղաքացի-պետության ղեկավար ուղղակի կոմունիկացիան ձեւավորում է հուզական փոխհասկացվածության իրավիճակ` պետության կառավարման մեխանիզմից դուրս մղելով եւ մերժելով ինտելեկտն ու մասնագիտական պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաեւ հետեւողականորեն վարկաբեկելով ու ոչնչացնելով ուղենիշային բարձունքի դեր կատարող՝ օրգանական միջավայրում ձեւավորված հեղինակությունները:

Իր անձը, պետությունն ու հասարակությունը հարգող պետության ղեկավարի խոսքը, իմ պատկերացմամբ, պետք է լինի խիստ սահմանափակ, սպասված, պարունակի կոդավորված ուղերձներ եւ սահմանի հստակ ուղենիշներ խնդրո առարկա հանդիսացող ոլորտի համար, եւ որ ամենակարեւորն է՝ լցնի քաղաքական համակարգը բովանդակությամբ եւ ազգային ու պետական շահին ծառայող օրակարգով:

Նրա խոսքից հետո ոլորտի պատասխանատուները պետք է այդ ուղերձներն ու ուղենիշներն առավել բացված ձեւով ներկայացնեն հանրությանը՝ ոլորտի գիտակներին տալով հնարավորություն, հանրային կարծիքի առաջատարներին եւ քաղաքական ընդդիմությանը՝ քննարկման առարկա դարձնել դրանք՝ վերլուծելով, գնահատելով եւ իրենց կարծիքն ու դիրքորոշումն իշխանությանը փոխանցելու համար։

Պետության քաղաքացիները, նորմալ հասարակություններում, հետեւում են այս գործընթացին, ուղղակի կամ անուղղակի ձեւով մասնակցում դրան եւ անում հետեւություններ։ Հարկ է նշել, որ պետության ամենօրյա կառավարման գործում շարքային քաղաքացիների մասնակցությունն առավելապես տեղավորվում է քաղաքական եւ հասարակական կազմակերպություններին անդամակցության եւ այդ կառույցների շրջանակներում պետական քաղաքականության մշակման եւ իրականացման վրա ազդեցություն հաստատելու շրջանակներում:

Սակայն խեղված քաղաքական համակարգում իրավիճակը գլխի վրա շուռ է գալիս, պետության ղեկին խիստ պատահական հայտնված անձը, անկարող լինելով ստեղծագործել, արարել, կառուցել, մի խոսքով` աշխատել, նախընտրում է շատախոսել, ավելի շատ շատախոսել, շեղել մարդկանց հիմնական խնդիրներից, հաստատել կեղծ օրակարգեր եւ մշտապես մնալ ուշադրության կենտրոնում: Իսկ իրական նպատակն է՝ արգելափակել նշված ենթահամակարգերի ձեւավորման բոլոր ուղիներն ու հնարավորությունները` դրանով իսկ հաստատելով իր միանձնյա պրիմիտիվ իշխանությունը:

Ուղիղ կապը պետության ղեկավարի եւ քաղաքականության վերջնական շահառուի՝ պետության քաղաքացու միջեւ, հանգեցնում է քաղաքացու քաղաքական գործընթացներին անմիջական եւ ամենօրյա անընդհատ մասնակցության՝ կտրելով նրանց իրենց ամենօրյա ստեղծագործ եւ արարչական աշխատանքից։ Սա, իր հերթին, բերում է հասարակության բոլոր շերտերի անթույլատրելի եւ ծայրաստիճան քաղաքականացման: Այս իրավիճակում պետական քաղաքականության մշակման համար հիմք են հանդիսանում ոչ թե պրոֆեսիոնալների եւ քաղաքական ու ակադեմիական շրջանակների հայտնած դիրքորոշումները, այլ շարքային քաղաքացիների կողմից սոցիալական ցանցերում հայտնած առավելապես հուզական եւ ոչնչով չամրապնդված կարծիքներն ու մեկնաբանությունները։

Չեմ ցանկանում թանաքն ու ժամանակը ծախսել այն տրիվիալ փաստի վրա, որ պետության ղեկավարի ցանկացած միտք եւ խոսք հանդիսանում են պետության պաշտոնական դիրքորոշում, եւ ցանկացած չհաշվարկված ու պարզունակ մանիպուլյացիոն խոսք լրջագույն ռիսկեր եւ սպառնալիքներ է առաջացնում պետության ներքին եւ արտաքին անվտանգության համար։

Հուսադրող է այն, որ այս իրավիճակը երկար չի կարող շարունակվել, պոպուլիզմի ոտքը, ինչպես ստի ու կեղծիքի պարագայում, շատ կարճ է, եւ բանականությունն ու պրոֆեսիոնալիզմն ի վերջո կհաղթանակեն՝ որքան էլ որ կիսագրագետներն ու դատարկախոսները ամիսներով ու օրերով ճամարտակեն ու անվերջ կրկնեն երբեւէ իրենց հաջողություն բերած մտքերը։

Ուղերձս հստակ է. սա շատ բնական գործընթաց է անցումային եւ նոր ձեւավորվող հասարակարգերի պարագայում, սակայն պետք է գործադրել բոլոր ջանքերն այս շրջափուլը հնարավորինս արագ անցնելու, մեզ բաժին հասած փորձառությունից առավել ամրացած եւ ուժեղացած դուրս գալու համար։

Հետեւաբար՝ չենք վհատվում, չենք հուսահատվում եւ հաստատուն քայլերով գնում ենք առաջ։

Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ

Տեսանյութեր

Լրահոս