«Հայաստանում տեղի ունեցածն աղմկոտ «հեղափոխություն» չէի անվանի». Մարտինով
Հայ-ռուսական գազային բանակցությունները շարունակվում են շուրջ մեկ տարի, և դեռ հստակ չէ, թե որն է լինելու Հայաստանի համար ռուսական գազի երկարաժամկետ և հայկական կողմին գոհացնող գինը: Մինչ բանակցությունների մեկնարկը գազի գինը սահմանված է 2013-ին ստորագրված պայմանագրով: Մինչև սահման 1000 խորանարդ մետրի դիմաց 150 դոլարով գազը, ըստ պայմանագրի, սակայն, Հայաստան կարող էր հասնել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: 2019 թվականի հունվարի մեկից գազի գինը սահմանին բարձրացավ 15 դոլարով, բայց սպառողների համար մնաց նույնը: Սակայն կողմերը շարունակում են բանակցությունները:
Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարությունում ռուս լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարի ակնկալում է բավական լավ տնտեսական աճ, և պայմանավորվել են, որ գազի գինը պետք է այնպիսին լինի, որ այդ դինամիկան չխաթարի: Նա շեշտեց, որ ՌԴ նախագահ Պուտինի հետ «ընդհանուր զրույց են ունեցել, չեն կոնկրետացրել և չեն խոսել մանրամասների մասին»։ «Առնվազն մինչև գարուն Հայաստանի համար գազի գինը չի բարձրանա»,- ասաց նա՝ հավելելով, որ «այնպես չէ, որ երկարաժամկետ կտրվածքով դա մեզ հարմար է, բայց արդեն վատ չէ»։
«168 Ժամի» հետ զրույցում ռուս տնտեսագետ Ալեքսեյ Մարտինովն անդրադառնալով երկարաձգված բանակցություններին՝ ասաց, որ այն, ինչ վերաբերում է ռուսական էներգակիրների գնագոյացման հարցին, վաղուց ապաքաղաքականացվել է և կրում է բացառապես տնտեսական բնույթ:
Ըստ նրա, իհարկե, տարբեր երկրների համար, ռուսական տնտեսության ինտեգրվածության աստիճանի համեմատ՝ գները տարբեր են: «Մեկ գին սահմանված է եվրոպական երկրների համար, մեկ այլ գին՝ Բելառուսի համար, Հայաստանի համար, մեկ այլ գին՝ Ռուսաստանի ներսում: Ի դեպ, գազի գներն ամեն տարեվերջին տեղեկատվական խոսակցությունների, հայտարարությունների պատճառ են դառնում տարբեր քաղաքական ղեկավարների կողմից: Բելառուսի նախագահ Լուկաշենկոն շատ է սիրում այս թեման և նույնիսկ ժամանակ առ ժամանակ հռետորաբանական շանտաժի է դիմում, ինչն ինքնին սխալ է, բայց նրան շատ բան են ներում, քանի որ նա հետսովետական տարածքի ամենահին նախագահներից մեկն է: Հայաստանի համար գազի գինը ևս համապատասխանում է այն երկրին, որը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, ՀԱՊԿ անդամ, որը պակաս կարևոր չէ անվտանգ զարգացումն ապահովելու համար:
Կարծում եմ, որ նմանատիպ մոտեցումը կգործի և գարնանը, և մեկ տարի, և երկու տարի անց: Հիշեցրեմ, որ անցյալ տարի, երբ Լուկաշենկոն բողոքել էր Վլադիմիր Պուտինին, թե Սմոլենսկի մարզում գազի 1000 խորանարդն արժե 70 դոլար, մինչդեռ բելառուսական սպառողն այն գնում է 130 դոլարով, Պուտինն արդարացիորեն նշել էր, որ այդ դեպքում պետք է սահմանի պատնեշները հանել: Նույնը վերաբերում է նաև Հայաստանին, եթե գազի գնից դժգոհություն կա»,- ասաց Մարտինովը:
Հարցին, թե ինչո՞վ է բացատրում հայաստանյան հեղափոխությունից հետո գազի երկարաձգվող բանակցությունները, 15 դոլարով բարձրացումը, և ապագայում ի՞նչ գներ պետք է սպասել, Մարտինովը պատասխանեց. «Ես հասկանում եմ, որ հայկական ԶԼՄ-ները տեղի ունեցածը հեղափոխություն են որակում, սակայն ես տեղի ունեցածն այդպիսի աղմկոտ բառով չէի որակի: Այն, որ իշխանության փոփոխությունը նման ինքնատիպ ձևով տեղի ունեցավ՝ պետական հեղաշրջման միջոցով, պատահում է, բայց նման բառով, թե՝ սա հեղափոխություն է, չէի անվանի: Այո, իհարկե, նման ճգնաժամերը, իսկ դա իսկապես քաղաքական ճգնաժամ էր, ակնհայտորեն մեծացնում են տնտեսական ռիսկերը, և, իհարկե, այդ ռիսկերը, այսպես թե այնպես, հաշվի են առնվում գնագոյացման հարցում, անդրադառնում են, և որևէ տարօրինակ բան դրանում չկա: Ցանկացած տնտեսագետ ձեզ դա կասի:
Երբ իրավիճակը կայունանում է, ավելի կանխատեսելի դառնում, այո, առաջանում է բանակցությունների դաշտ՝ նվազեցնելու համար գները: Քաղաքական գործիչները, շատ հաճախ հասնելով իրական կառավարման լծակներին, որտեղ հարկավոր են այլ իրավասություններ՝ ոչ միայն բոցաշունչ հռետորների, առաջնորդների ունակություններ, այլ տնտեսագետների և տնտեսական գործընթացներն ընկալող գործչի, հաճախակի բախվում են այս խնդիրներին՝ չունենալով համապատասխան իրավասություններ, փորձում են իրենց անբավարար իրավասությունները և թույլ տված սխալներն ու բացերը բացատրել քաղաքական ասպեկտներով. «Ես ասացի այսպես, այդ պատճառով այսպես է», «Մենք ընտրել ենք ազատությունը, այդ պատճառով մեր գազի գինն անընդհատ բարձրանում է»: Բնականաբար, դա այդպես չէ: Այն, ինչ վերաբերում է էներգակիրներին, Ռուսաստանը սկզբունքորեն ապաքաղաքականացրել է այդ հարցը»:
Նա նշեց, որ գազի գնի որոշման հստակ բանաձև կա, որը հաշվի է առնում մի շարք ցուցիչներ և ցուցանիշներ, և որոնք ընկած են յուրաքանչյուր երկրին տրվող գազի գնի հիմքում:
«Հստակ ֆորմուլայով ամեն ինչ հաշվարկվում է: Կան նաև ռիսկեր, որոնք նվազում են ինտեգրացիոն գործընթացներին մասնակցության արդյունքում: Հարցն այն է, որ պետք է լինի իրավասություն՝ կառավարել տնտեսությունը, այդ թվում՝ ապահովել տնտեսական, քաղաքական կայունությունը՝ իրականացնելով ընդհանուր տնտեսական պրոյեկտներ, որի համար էլ ստեղծվել է ԵԱՏՄ-ն, և Հայաստանը հենց դրա համար միացել է այդ միությանը»,- ասաց Մարտինովը:
Ապագա գինը, նրա կարծիքով, կախված է ապագա բանակցությունների ընթացքից և հաշվարկներից: