Գլխավոր դատախազին ուղղված հաղորդումն անտեսվել է կասկածելի հիմքերով
Օգոստոսից ՀՀ Գլխավոր դատախազության թիրախում է հայտնվել յուրօրինակ հանցագործության մասին մի հաղորդում, որը, ըստ էության, ընտանեկան բանդայի մի պատմություն է:
168.am-ի աղբյուրի միջոցով փոխանցված պատմությունից պարզ է դառնում, որ ամիսներ առաջ ամուսինների ընտանեկան պարզ վեճից հետո սկիզբ է առել հանցագործությունների մի մեծ շղթա, որտեղ զարգացման բոլոր դրվագներում ներգրավված են ոչ միայն X ընտանիքի անդամները, այլև մարդիկ, որոնք ի պաշտոնե պարտավոր էին երաշխավորել օրենքի տառի պահպանումը, սակայն հակառակն է խրախուսվել: Ի դեպ, այս մասին պնդումներն արտացոլված են գործի քննության նյութերում:
Հատկանշական է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հասցեագրված հանցագործության մասին սույն հաղորդումից հետո իրավապահ համակարգում որևէ գործընթաց չի սկսվել, հակառակը՝ հետագա զարգացումները տարել են փակուղի: Եվ սա՝ այն դեպքում, երբ պատմության հիմքում առկա են եղել կասկածելի հիմքերով հապճեպ ձևակերպված փաստաթղթեր՝ սեփականության վկայականներ, անշարժ գույքի նվիրատվության թղթեր՝ առանց սեփականատիրոջ համաձայնության, որոնք, ի դեպ, «պատրաստվել են» անձամբ Կադաստրի կոմիտեի Արտաշատի գրասենյակի ղեկավարի ձեռքով: Ավելին, սույն գրասենյակի ղեկավարի անունը՝ Արմեն Ալեքսանյան, մեր տեղեկությամբ՝ հիշատակված է իրավապահներին ուղղված տարբեր հաղորդումներում, այդ թվում՝ նրան փոխկապակցված այլ պաշտոնատար անձանց անուններ, որոնք ինչ-ինչ շահերից ելնելով՝ հնարավոր է՝ առնչություն ունեցած լինեն այս պատմության կծիկի հետ:
Մի ուշագրավ փաստ ևս. մեզ հայտնի դարձած անուններից մեկն Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, փաստացի ղեկավար Լիլիթ Միրզախանյանն է: Ավելի վաղ տարբեր առիթներով այս երիտասարդ կնոջ մասին գրել էինք մեր նախորդ հրապարակումներում, իսկ թե ինչ թելերով է այս դեպքին առնչվում մարզպետ Գարիկ Սարգսյանի հովանավորյալ տիկին Միրզախանյանը, ում աջակցությամբ և ինչ շահ է հետապնդել, դժվարացանք պարզել: Հայտնի է միայն, որ հանցագործության մասին հաղորդման մեջ հիշատակված առանցքային դեմքերից մեկը հենց տիկին Միրզախանյանի աշխատակցուհին է, որին նա անձամբ է մարզպետարանում աշխատանքի «տեղավորել» վերջերս՝ զուտ մտերմիկ կապից ելնելով:
Սակայն ուշագրավ է, որ դատախազությունում «քնեցրած» գործում Լիլիթ Միրզախանյանի անունն ի սկզբանե շրջանցել են իրավապահները՝ հավանաբար հատուկ միտումով, որպեսզի Արարատի մարզպետին ցավ չպատճառեն:
Մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ իր ենթակային օգնելու միտումով, հնարավոր է, որ Լիլիթ Միրզախանյանը, իր պաշտոնեական դիրքից օգտվելով՝ միջնորդել է, որպեսզի Կադաստրի կոմիտեի Արտաշատի ծառայության պետն անձամբ ապահովի գույքի սեփականաշնորհման «ցանկալի սցենարով» փաստաթղթավորումը: Ուստի Արտաշատի գրասենյակի ղեկավար Արմեն Ալեքսանյանն էլ, իր հերթին՝ հաշվի առնելով Լիլիթ Միրզախանյան-մարզպետ Գարիկ Սարգսյան-վարչապետ Փաշինյան կապը, տեղի է տվել և վերազանցել է իր լիազորությունները, միայն թե բավարարի անուղղակի վերադասի կողմից ուղղորդված միջնորդությունը, այս դեպքում՝ մարզպետ Գարիկ Սարգսյանի: Չի բացառվում, որ Արտաշատի կադաստրի պետը դիմել է այդ քայլին, որպեսզի հետագայում խնդիրներ չստեղծի իր համար: Չէ՞ որ Գարիկ Սարգսյանն Արարատի մարզում ընկալվում է ոչ միայն՝ որպես մարզի «բդեշխ», որին թույլատրված է անթույլատրելին, մնում է բացառիկ արտոնյալ՝ իշխանական ուժի ներսում, որին ամեն ինչ ներվում է միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի սանիկը լինելու համար:
Սյուզի Բադոյան
Հ.Գ. Նշենք, որ Գլխավոր դատախազությունից այլ համակարգեր ուղարկված դիմումի հետքերով օրերս իրավական գործընթաց է սկսվել, ուստի նախաքննական փուլի գաղտնիությունից ելնելով՝ խմբագրությունը խուսափում է ավելին հրապարակել՝ ինչպես թեմայում ներքաշված անունների, այնպես էլ՝ կասկածելի հանգամանքներում լեգալացված կեղծ փաստաթղթերի մասին, մենք հետևելու ենք՝ մինչև գործը կհասնի դատարան: