«Ես՝ որպես իրավաբան, այսօր բացասական կետ չեմ տեսել Ստամբուլյան կոնվենցիայում». ՄԱՀԲ գենդերային ծրագրերի պատասխանատու
«Իրավահավասարությունը չի ենթադրում միայն օրենքում գրել, որ կանայք ու տղամարդիկ իրավահավասար են: Պետք է լինի համապատասխան միջավայր: Իրավահավասարությունը ենթադրում է, որ և՛ կինը, և՛ տղամարդն իր կարողությունների սահմաններում կարողանա օգտվել իր իրավունքից: Այսինքն, եթե ինքը ցանկանում է իր իրավունքից օգտվել, ապա ունենա այդ հնարավորությունը և ոչ թե պարտադիր օգտվի»,- անդրադառնալով ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածին, որով սահմանվում է, որ Կանայք և տղամարդիկ իրավահավասար են, 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱՀԲ) գենդերային ծրագրերի պատասխանատու, իրավաբան Լուսինե Սարգսյանը՝ հավելելով, որ այսօր իրավահավասարությունը գործնականում չի կիրառվում, որովհետև կան կնոջ դերի մասին կարծրատիպեր:
Ըստ Լուսինե Սարգսյանի՝ կարծրատիպերից բացի, իրավահավասարության կիրառելիությանը խանգարում է նաև միջավայրի ու ծառայությունների պակասը:
«Հայաստանում կանայք երեխաների հիմնական խնամողներն են, հատկապես՝ ավելի փոքր տարիքի երեխաների։ Եվ մենք ունենք անհավասար վիճակ, երբ, օրինակ, չկան երեխայի խնամքի բավարար հաստատություններ, և վիճակագրությունը ցույց է տալիս, որ հատկապես 1-3 տարեկան երեխաների համար շատ քիչ են մանկապարտեզները և խնամքի կենտրոնները, ու ավտոմատ կերպով կինն արդեն հետ է մնում աշխատաշուկայից և մրցակցության պայմաններում չի կարող հավասար մրցակցել տղամարդկանց հետ, որովհետև ստիպված է լինում ընտրություն կատարել: Ինքը, ըստ էության, ունի իրավունք և պարտականություն՝ խնամել երեխային և աշխատել, եթե ցանկանում է։ Եվ այդ իրավիճակում կինն ընտրության առաջ է կանգնում. կա՛մ պիտի երեխայի խնամքով զբաղվի, կա՛մ պիտի աշխատի»,- ասաց ՄԱՀԲ գենդերային ծրագրերի պատասխանատուն:
Անդրադառնալով կարծրատիպերին՝ Սարգսյանը խոսեց գյուղական համայնքների մասին, որտեղ, ըստ նրա, կինը սովորաբար քաղաքականությամբ չի զբաղվում, քանի որ իր առաջ հավելյալ պատնեշներ են առաջանում, օրինակ, ի՞նչ կխոսեն բարեկամները, հարևանները, ծանոթները:
«Ըստ էության կինը հավասարապես ազատ կերպով չի օգտվում իր իրավունքից, որովհետև այդ նույն իրավիճակում, եթե տղամարդն է լավ քաղաքական գործիչ և ցանկանում է քաղաքականությամբ զբաղվել, ինքը չի մտածում այդ հավելյալ խնդիրների մասին»,- ասաց Լուսինե Սարգսյանը:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նույնանման աշխատանքի դիմաց կանայք և տղամարդիկ տարբեր են վարձատրվում։ Տղամարդիկ շատ ավելի բարձր աշխատավարձ են ստանում նույնանման աշխատանքի համար, քան կանայք։
Թվեր կան, որոնք խոսում են այն մասին, որ բարձրագույն պաշտոններում կանանց ներկայացվածությունը շատ քիչ է։ Եթե նայենք պետական սեկտորը, ցածր պաշտոններում՝ կրտսեր մասնագետների շրջաններում, կանանց թիվը ճնշող մեծամասնությունն է։ Որքան բաձրանում է պաշտոնը, այնքան նվազում է կանանց թիվը։ Սա որոշ դեպքերում կարող է օբյեկտիվ լինել, բայց գլոբալ առումով օբյեկտիվ չէ, որովհետև կանայք, ըստ վիճակագրության, Հայաստանում նույնքան լավ բարձրագույն կրթություն են ստանում, որքան տղամարդիկ, անգամ՝ մի փոքր ավելի։ Բայց հետո հենց հասնում է աշխատանքին, ինչ-որ արհեստական խոչընդոտների արդյունքում իրենք չեն ռեալիզացնում իրենց կապիտալը»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ հետազոտությունները ցույց են տալիս, որ կնոջ աշխատաշուկայից դուրս մնալն ուղիղ ազդեցություն է ունենում պետության ՀՆԱ-ի վրա:
Հարցին՝ գուցե կանա՞յք չեն ցանկանում աշխատել, հետևաբար՝ չեն էլ հաղթահարում այդ խոչընդոտները, նա պատասխանեց. «Եթե այդպես չլիներ, մենք այսօր չէինք ունենա կին քաղաքական գործիչներ, բայց մենք ունենք։ Մենք չէինք ունենա կին դատավորներ, բայց մենք ունենք։ Այնպես չէ, որ ընդհանրապես կանայք որևէ ոլորտում ներկայացված չեն։ Բայց խնդիրն այն է, որ իրենք այդ նույն ճանապարհն անցնում են շատ ավելի հավելյալ բարդություններով։ Եվ կան շատ այլ կանայք, ովքեր չեն կարողանում այդ սահմանները, խոչընդոտները հաղթահարել, որովհետև իրենք շատ ավելի մեծ կարծրատիպերի հետ են առնչվում։ Կա կին, ով կյանքում երբևէ չի հանդիպել որևէ կարծրատիպի, կա կին, որը հանդիպել, է, կա ոլորտ, որտեղ կանայք այնքան շատ չեն հանդիպում կարծրատիպերի, օրինակ՝ մանկավարժության ոլորտը։ Բայց կան ոլորտներ, որտեղ կարծրատիպերը շատ խորքային են»:
Նա նաև ավելացրեց, որ իրավահավասարության տրամաբանությամբ՝ պետք է այնպես լինի, որ այդ ճանապարհը չունենա արհեստական խոչընդոտներ, դրանք պետք է լինեն օբյեկտիվ խոչընդոտներ, որի միջով յուրաքանչյուր մարդ, մասնագետ անցնում է՝ անկախ նրանից՝ կի՞ն է, թե՞ տղամարդ:
Վերջին ամիսներին Հայաստանում բուռն քննարկումներ են ընթանում Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի կամ, այլ կերպ ասած՝ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ:
Հասարակությունը երկու մասի է բաժանված: Մի մասը պնդում է, որ այն ուղղակիորեն հակասում է մեր ազգային արժեքներին, ՀՀ Սահմանադրությանը, մյուսները պնդում են, որ Կոնվենցիան պետք է վավերացվի:
168.am-ն Լ. Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք իր մատնանշած խնդիրները, որոնց, ըստ նրա՝ կանայք բախվում են կարծրատիպերի, միջավայրի կամ ծառայությունների պակասի պատճառով, կլուծվեն, եթե վավերացվի Ստամբուլյան կոնվենցիան:
«ԵԽ կոնվենցիան առաջին հերթին՝ պայքարում է կանանց, ընտանեկան բռնության դեպքերի դեմ, պետությանը պաշտպանության մեխանիզմներ է ստիպում, առաջարկում, աջակցում, որ նախատեսի, բայց նաև անում է կանխարգելում։ Եվ քանի որ կանանց նկատմամբ բռնությունը, մեծ հաշվով, կանանց նկատմամբ խտրականության դրսևորումներից մեկն է, ապա՝ այո, այս կոնվենցիան կարող է իր դրական ազդեցությունն ունենալ կանանց համար արհեստական պատերի վերացման հարցում, որովհետև կոնվենցիան ընդհանուր առմամբ կողմնակից է իրավունքի հավասարությանը։ Այսինքն՝ և՛ կինը, և՛ տղամարդն ունեն բռնությունից պաշտպանված լինելու իրավունք։ Եվ պետք է հավելյալ խոչընդոտներ չլինեն կանանց համար այդ բռնությունից պաշտպանվելու իրավունքի ռեալիզացիայի տեսանկյունից»,- ի պատասխան՝ ասաց Լուսինե Սարգսյանը:
Իրավաբանը Ստամբուլյան կոնվենցիան համարում է մինչ այդ գործող միջազգային չափանիշերի ամբողջություն, ծաղկաքաղ՝ նշելով, որ Ստամբուլյան կոնվենցիան իր մեջ ունի բռնության կանխարգելման կարևոր «մեխեր»:
Մարդիկ, ովքեր դեմ են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, հաճախ մեջբերում են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի «գ» կետով ամրագրված «գենդերային պատկանելություն» հասկացության բացատրությունը՝ հավաստիացնելով, որ սա պետությանը ստիպելու է Կոնվենցիայի վավերացմանը զուգահեռ՝ փոփոխություններ անել ՀՀ Սահմանադրության մեջ, փոփոխել ընտանիքի բնորոշումն ու հնարավորություններ տալ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին օրինական ամուսնություն գրանցել, հետո նաև՝ երեխա որդեգրել:
Այս պնդումներին ՄԱՀԲ գենդերային ծրագրերի պատասխանատու Լուսինե Սարգսյանը հակադարձում է. «Սահմանադրական փոփոխությունները որոշում է պետությունը՝ տարբեր հանգամանքներ հաշվի առնելով։ Երբ 2015 թվականին մեր Սահմանադրությունը փոփոխվեց և այնտեղ նախատեսվեց, որ կանայք և տղամարդիկ իրավահավասար են, կամ, որ ամուսնությունը հստակ ընթացակարգով կնքված գործընթաց է կնոջ և տղամարդու միջև, դա պայմանավորված չէր որևէ միջազգային փաստաթղթով։ Այսինքն՝ առհասարակ Սահմանադրության փոփոխությունները պետության ներքին քաղաքականության արդյունք են։ Եվ դա լրիվ այլ գործընթաց է, քան կոնվենցիայի վավերացումը։ Սահմանադրությունը կարող է փոխվել տարբեր ռեֆորմների արդյունքում, օրինակ, դատական բարեփոխումների, քաղաքական ռեֆորմների, մարդու իրավունքների կամ սոցիալական ռեֆորմների արդյունքում։ Մեկը մյուսի հետ ուղիղ կապի մեջ չէ»:
Անդրադառնալով երեխայի օրդեգրման կարգին՝ Լ. Սարգսյանն ասաց, որ այն կարգավորվում է Ընտանեկան օրենսգրքով, որում և նախատեսված է ընթացակարգն ու այն, թե ով կարող է երեխա որդեգրել: Սարգսյանը վստահ է՝ Կոնվենցիան առհասարակ երեխայի որդեգրման կարգի մասին կարգավորումներ չի նախատեսում։
Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը դեմ քաղաքացիները փաստարկում են, որ Հայաստանում բռնությունը պատժվում է Քրեական օրենսգրքով, հետևաբար՝ այլ փաստաթուղթ վավերացնելու կարիք չկա:
«Ըստ էության խոսքը գործընթացի մասին է, որոնք իրար հետ անուղղակիորեն են փոխկապակցված։ Քրեական օրենսդրության շրջանակներում կարգավորումներն այլ են, որոնք, ընդ որում, ամբողջությամբ չէ, որ համապատասխանում են միջազգային չափանիշերին, և կան արդեն ոչ քրեական պաշտպանության մեխանիզմները։ Եվ կոնվենցիան, և մեր ներքին օրենսդրությունն այդ տրամաբանությամբ է աշխատում։ Մենք 2017-ին ընդունեցինք Ընտանիքում բռնության դեմ պայքարի մասին օրենսդրությունը, որտեղ նախատեսում է 3 պաշտպանության մեխանիզմի հնարավորություն և նաև սոցիալական աջակցության հնարավորություն։ Սրանք կապ չունեն այն պաշտպանության մեխանիզմների հետ, որոնք ունի Քրեական օրենսդրությունը, որն իրենից ենթադրում է նաև պատասխանատվության ենթարկել բռնություն գործադրած մարդուն։ Մի դեպքում մենք ուղակի պաշտպանում ենք բռնության ենթարկված անձին, օրինակ, արգելում ենք բռնություն գործադրողին հեռախոսային կապի մեջ մտնել այդ մարդու հետ, մյուս դեպքում մենք արդեն նայում ենք հանցագործությանը, և բավարար ապացույցների առկայության դեպքում դատարանը կարող է կայացնել որոշում բռնություն գործադրած անձին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասաց Սարգսյանը:
Ըստ իրավաբանի՝ Կոնվենցիան և Քրեական օրենսդրությունը տարբեր ընթացակարգեր են նախատեսում, և դրանցից մեկի ունենալը չի բացառում կամ լրացնում մյուսին։ Նա վստահ է, որ Հայաստանում պետք է 2 համակարգերն էլ լինեն, քանի որ Քրեական օրենսդրությունը չի նախատեսում, օրինակ, կացարանի առկայություն, որտեղ բռնության ենթարկվածը կարող է գնալ։
Իսկ ինչո՞ւ լրացումներ չեն կատարում Քրեական օրենսգրքում, փոխարենը՝ ցանկանում են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան. այս հարցին Լ. Սարգսյանը պատասխանեց. «Բռնության կանխարգելումը Քրեական օրենսգրքի կարգավորման առարկա չէ, դա ընտանիքում բռնության դեմ պայքարի մասին օրենքի կարգավորման առարկա է, դրա համար էլ մենք այդ օրենքն ունենք։ Քանի որ կարգավորման առարկաները տարբեր են, հնարավոր չէ ՔՕ-ում անել»:
Հարցին էլ՝ գուցե լրացումներ արվեն Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխաության վերականգնման մասին օրենքո՞ւմ, որն ընդունվել է 2017 թվականին, նա այսպես պատասխանեց.
«Այդ հարցին ես ավելի գլոբալ եմ նայում։ Այդ դեպքում ի՞նչ իմաստ կա որևէ Կոնվենցիա վավերացնելու։ Իրավական համակարգն այդպես է ձևավորվում։ Կա ներքին իրավական համակարգ, և կա միջազգային։ Եվ պետությունը միանալով միջազգային իրավական համակարգին՝ ըստ էության ևս մեկ անգամ ընդգծում է պատրաստակամությունը, պարտավորություն է վերցնում որոշ քայլեր ձեռնարկել, ինչը կարելի է անել առանց Կոնվենցիայի վավերացման»:
Նա նաև հավելեց՝ եթե այս կերպ են նայում Ստամբուլյան կոնվենցիային, ապա նույն հարցը կարող է ծագել նաև մյուս կոնվենցիաների հարցում:
Խոսելով Կոնվենցիայի նկատմամբ քաղաքացիների մտավախությունների մասին՝ ՄԱՀԲ գենդերային ծրագրերի պատասխանատուն ասաց, թե մի բան, որ հաստատ այս կոնվենցիան տալու է, այն է, որ ԵԽ միջազգային համաձայնագիրն օգնելու է Հայաստանին կանխարգելել ընտանիքում կանանց նկատմամբ բռնության դեպքերը, օգնելու է ավելի լավ աջակցություն տրամադրել տուժածներին և օգնելու է ընդհանուր առմամբ հասարակությունում բացառել բռնությունը։
168.am-ը իրավաբան Լ. Սարգսյանին խնդրեց մատնանշել մի քանի բացասական կետ կոնվենցիայում, սակայն պարզվեց՝ Ստամբուլյան կոնվենցիան իդեալական փաստաթուղթ է:
«Ես՝ որպես իրավաբան, բացասական կետ այսօր չեմ տեսել կոնվենցիայում, որովհետև համադրել եմ մեր Սահմանադրության հետ և, հաշվի առնելով այդ հիերարխիան, ես տեսել եմ, որ մեր Սահմանադրությունը որոշ հարցերի պատասխաններ արդեն իսկ տալիս է»,- զրույցն ավարտելով՝ ասաց Լուսինե Սարգսյանը:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ