«Մենք նորից ունենք տուրքերի բարձրացում». Անի Խաչատրյան

Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 107,120,136.4 հազար դրամի չափով` Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեով ի սկզբանե հաստատված 83,077,572.1 հազար դրամի դիմաց:

«Այդ գումարի շուրջ 70 տոկոսը պետության կողմից տրված սուբվենցիաներն են: Պատվիրակված լիազորությունների արդյունքում է, օրինակ, պոլիկլինիկաներում և դպրոցներում, նախակրթարաններում աշխատավարձերի բարձրացում լինելու: Այսինքն՝ սա Կառավարության կողմից տրամադրված գումար է, և քաղաքային իշխանությունն այստեղ որևէ ձեռքբերում չունի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

«Շուրջ երեք միլիարդ սեփական եկամուտներն է քաղաքապետարանը հաշվարկել, որն այս տարի ավելի շատ պետք է լինի, բայց սրա հետ կապված՝ ասեմ, որ շուրջ 1 միլիարդ 800 մլն դրամը գույքահարկն է: Գիտենք, որ բազմաթիվ մեքենաներ են ներկրվել Հայաստան, բայց արտահանվել են: Հիմա՝ 2020 թվականին, քաղաքային իշխանությունը հաշվարկել է, որ 1 միլիարդ 800 մլն դրամ եկամուտ է ունենալու գույքահարկից: Սա խնդիր է, որովհետև վստահ եմ, մեքենա ներկրողներից ոչ ոք 2020թ. գույքահարկը չի վճարել, ու այդ մեքենաների կեսն արդեն արտահանվել է տարբեր երկրներ»,- նշեց նա:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանն էլ շարունակելով գործընկերոջը՝ նկատեց. «Ասում են՝ բյուջեն ավելանում է, բայց քաղաքում չենք նկատում ոչ մի առաջընթաց: 2019թ. բյուջեում ունենք թերծախս, իսկ նման բան երբևէ չի գրանցվել, իսկ թե հատկապես որ մասում է՝ հստակ կարող ենք ասել, երբ կներկայացնեն կատարողականը: Երբ ասում ենք՝ ավելացնելու ենք կանաչապատման բյուջեն, մենք չենք կարող ասել՝ ավելացնո՞ւմ են, թե՞ նախորդ տարվա չկատարածն են միացնում: Երբ ասում են՝ ավելացնելու են բյուջեն, մենք նորից ունենք տուրքերի բարձրացում, այսինքն՝ ամենացածր օղակի տուրքերն են բարձրանում: Եթե ժամանակին քաղաքացին փոքր շինթույլտվության համար իր տան պատուհանի տեղափոխման համար վճարում էր 15.000 դրամ, արդեն կվճարի 21.000: Եթե մինչև 200 քմ ունեցած շինության ձևափոխում էր անում, 75.000-ի փոխարեն՝ այսուհետ կվճարի 105.000 դրամ:

200-500քմ տարածքի դեպքում՝ լինի խանութ թե սեփական տուն, օրինակ՝ տանիքի ձևափոխման համար 150.000 դրամի փոխարեն՝ 210.000 կվճարի: Այսինքն, տուրքերը բարձրացրել ենք ու ակնկալում ենք բյուջեի բարձրացում: Ինչ վերաբերում է աղբահանության խնդրին, ապա ստեղծվեց նոր հիմնարկ, և մենք ողջունեցինք:

Երևանի 2020 թվականի բյուջեով «ՍանիՏեքին» տրամադրվող գումարից շուրջ 600 միլիոն դրամով ավելի գումար է տրամադրվում նոր հիմնարկին: «ՍանիՏեքին» տարեկան տալիս էին մոտ 5 մլրդ 200 մլն դրամ, հիմա նոր հիմնարկին էլ տալիս ենք նույն չափը, բայց այստեղ կա խնդիր, «ՍանիՏեքը» ծառայության արժեքի 20 տոկոս հարկ էր վճարում, իսկ նոր հիմնարկն այդ հարկը չի վճարում: Այսինքն, երբ հաշվում ես, մոտ 600 մլն-ով ավելի գումար է տրվում աղբահանության նոր հիմնարկին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Կարապետյան

 

Տեսանյութեր

Լրահոս