«Այդ կապը քանդողն այդ կապի հանգույցներից մեկում էլ կխեղդվի». Ռազմիկ Դավոյան
«Հայ բնագետը, ֆիզիկոսը, մաթեմատիկոսը, բանասերը, պատմաբանը, լեզվաբանը, բոլորն իրար հետ մեկ մեծագույն կապ ունեն՝ դա հայոց լեզուն է: Այդ կապը քանդողն այդ կապի հանգույցներից մեկում էլ կխեղդվի»,- այսպես է արձագանքում գրող Ռազմիկ Դավոյանը ԿԳՄՍ նախարարության՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի աշխատանքային նախագծին, ըստ որի՝ Հայոց լեզու, Հայ գրականություն, Հայոց պատմություն առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար:
«Այսպիսի նախադեպ եղել է Խորհրդային Միության տարներին և, բարեբախտաբար, շատ շուտ ձախողվել է, որովհետև հայ ժողովրդի համար կա երեք անգրավելի բան՝ հայոց լեզուն, հայոց մշակույթը՝ Նարեկացուն ո՞վ կարող է գրավել, ինչ բանակ ուզում եք՝ բերեք, և հայոց պատմությունը: Այն կարելի է խեղաթյուրել, ինչքան ասես խեղաթյուրվել է, բայց գրավել չի կարելի: Ես լիահույս եմ, և դրա համար էլ այսքան ապրում եմ, որ տեսնեմ, թե ո՞նց է մեր ժողովուրդը ոտքը դեմ տալիս՝ պահպանելու իր մեծագույն և անգրավելի արժեքները»,- ասաց Ռզմիկ Դավոյանը:
Այս նախագծի դեմ պայքարի են դուրս եկել ԵՊՀ Հայ բանասիրության, Պատմության և այլ ֆակուլտետների ուսանողներն ու դասախոսները: Գրողը կանխատեսում է, որ սա միայն սկիզբն է:
«Իշխանավորը՝ հատկապես մշակույթի, լեզվի, պատմության ասպարեզում, շուկայի տնօրեն չէ, որ ինչ բերեն շուկա, դրա վաճառքով զբաղվի: Նա մեծ, ազգային քաղաքականության կրող պետք է լինի: Բանասիրականի ուսանողները ոչ միայն սրա, այլև դեռ շատ բաների դեմ ընդվզելու անհրաժեշտություն են ունենալու և պետք է անեն դա: Հայ ժողովրդի գոյության, հնագույն արմատների դեմ դավեր սարքողների քանակը շատ է եղել, բայց բոլորը կորել են, փոշիացել են, հայ ժողովուրդը մնացել է և պետք է շարունակի մնալ: Թող հայ ժողովրդին մատների արանքով չնայեն, հայ ժողովրդին մատների արանքով նայողը մատների արանքով էլ կկորչի»,- ասում է Ռ. Դավոյանը:
Նրա կարծիքով՝ միայն խոսքերով ու խնդիրների մասին բարձրաձայնելով պայքարը բավարար չէ. նա կոնկրետ գործողությունների է սպասում:
Իսկ ինչ վերաբերում է հայոց լեզվին սպառնացող վտանգին, ապա այս հարցում գրողը մտավախություն չունի:
«Խորհրդային իշխանության տարիներին հայոց լեզվի համար կռիվ էինք տալիս, ասում էինք՝ օտար բառեր շատ կան, ռուսերեն արտահայտություններ շատ կան, բայց ես բնավ մտավախություն չունեի, որովհետև մեր տառերը երկաթագիր են, դրանց նկատմամբ վտանգ չի կարող լինել: Ես նախարարություն, կառավարություն բառերը չգիտեմ, ես գիտեմ, որ ոտնձգություն կա մեր ազգային արժեքների նկատմամբ, և մեր երեխեքը պարտավոր են դրան արձագանքել»,- ասաց Ռազմիկ Դավոյանը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ