#ՀԻՄԱ. ՆՈՐ ՆԵՐԽՈՒԺՈՒՄՆԵՐ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ. #ՈՒՂԻՂ
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամները, գործընկերներն ու աջակիցները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում՝ շարունակելով պնդել, որ ադրբեջանական նոր ներխուժում է եղել և ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական նոր դիրք է հայտնվել։
Նշենք, որ մարտի 4-ին Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանը հրատապ ասուլիս էր հրավիրել՝ նշելով, որ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական նոր դիրք է հայտնվել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքեց շրջանառվող տեղեկությունները։
«Տևական ժամանակ է՝ էս իշխանությունները խաղաղության անվան տակ զիջում են թե մեր պետական սահմաններից, թե մեր սուվերենությունից՝ նշելով, թե խաղաղություն են բերում»,- կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախաձեռնության անդամներից մեկը։
Նրանք նամակ ու մի շարք փաստական տվյալներ փոխանցեցին կառավարությանը։ Նույնաբովանդակն փաթեթ նախաձեռնության անդամները մարտի 10-ին էլ պաշտպանության նախարարությանն էին փոխանցել՝ պահանջելով բացատրություններ։
Քաղաքական նախաձեռնության անդամները շեշտում են՝ շարունակելու են հետևողական լինել, քանի որ հարցը վերաբերում է մեր ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը, և այստեղ պետք է քաղաքական կողմնորոշումները մի կողմ դնել։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «սուտ» անվանեց Արման Թաթոյանի հայտնած տեղեկությունները։ Նույն օրը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները նույնպես հերքել էին այդ տեղեկությունները։
Նշենք, որ Գեղարքունիքի շրջանում Ադրբեջանի ԶՈւ-ի նոր դիրքի մասին տեղեկատվությունն առաջին անգամ հայտնվել էր «Հետպատերազմ» Telegram-ալիքում դեռևս 2025 թ. սեպտեմբերին։



