«Արայիկ Հարությունյանի հեռանալով հարց չի լուծվելու, պետք է վարչապետը հեռանա». Վահան Բաբայան
«Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանն անդրադառնալով օրեր առաջ ուսանողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնած այն մտքին, թե Արայիկ Հարությունյանը որոշումներ միայնակ չի ընդունում, դա անում է Կառավարությունը, վստահեցնում է՝ միայն մեկ նախարարի հրաժարականով խնդիր չի լուծվելու:
«Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա, դրա մասին երկրորդ կարծիք չի կարող լինել, բայց ոչ Արայիկ Հարությունյանի, ոչ էլ մեկ այլ նախարարի հրաժարականով հարց չի լուծվելու, հարցը լուծվելու է միմիայն վարչապետի և այս ռեժիմի հեռացումով: Վարչապետն ինքն ասաց ցուցարարներին՝ ինչո՞ւ եք նախարարի հրաժարականը պահանջում, չէ՞ որ ծրագրային քաղաքականությունը որոշում է Կառավարությունը»:
Վահան Բաբայանի համար զարմանալի է, որ անգամ վարչապետի այս արտահայտությունից հետո ուսանողների պահանջը չի փոխվել:
«Եթե նախարարը հեռանա, սա կլինի Նիկոլ Փաշինյանի առաջին պարտությունը: Իր սուպերնախարարի կորստով նա ստիպված կլինի նահանջ կատարել, իսկ այն կլինի շատ ավելի լուրջ, քան որևէ մեկը պատկերացնում է»:
Ըստ Վահան Բաբայանի՝ Նիկոլ Փաշինյանն ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտնվել էր մի միջավայրում, որտեղ ինքը «հերոս» չէր, և նման վիճակներում այսուհետ վարչապետը շատ է հայտնվելու:
Իսկ Վոլոդյա Հովհաննիսյանին անհանգստացնում է այն հանգամանքը, որ ոչ պարտադիր են դարձվում հենց Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաները:
«Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ իր լայվում «կիսասուտ» ասաց: Ասաց՝ Սորբոնի, Հարվարդի և Օքսֆորդի համալսարաններում ընդհանրապես անգլերեն լեզու չեն ուսումնասիրում, հետո ասաց՝ բայց մի հատ ստուգեք, կարող է՝ ես սխալվում եմ: Եվ ինքը սխալվում է, ուսումնասիրում են: Ի՞նչ է նշանակում՝ հայոց լեզվի նկատմամբ նման վերաբերմունք: Այս պայքարն ազգի ինքնագոյության, ազգային մտածողության և ոգու պահպանման խնդիր է, և փառք ու պատիվ մեր երիտասարդներին, ովքեր դա հասկացել են»:
Վոլոդյա Հովհաննիսյանին անհանգստացնում է նաև այն փաստը, որ ուզում են կրթական ծրագրերից հանել ռազմագիտություն առարկան: Նրա կարծիքով՝ աշխարհաքաղաքական նման դիրքում գտնվող երկրում չի կարելի հանել այն առարկան, որը ռազմահայրենասիրություն է սերմանում երեխաների մեջ:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ