
Կրեմլում պատասխանել են Պուտինի և Զելենսկու՝ Ղազախստանում հանդիպելու մասին Նազարբաևի առաջարկությանը

Կրեմլում մեկնաբանել են Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու միջեւ բանակցություններ կազմակերպելու առաջարկությունը, նշելով, որ այդպիսի հանդիպումը պետք է լինի նախապատրաստված։
«Անպայմանորեն, Պուտինն ինքն է ասել, որ երբեք չի հրաժարվի նման հանդիպումներից եւ այդ հանդիպումից նույնպես, բայց կարծում է, որ հանդիպումը պետք է լավ նախապատրաստված լինի:
Այդ կապակցությամբ ներկայում մենք կենտրոնանում ենք «նորմանդական ձեւաչափով» գործընթացի նախապատրաստման վրա»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Լրագրողների խնդրանքով այսպես է նա մեկնաբանել երկու նախագահների՝ Ղազախստանում հանդիպելու վերաբերյալ Նազարբաեւի առաջարկությանը եւ պատասխանել է այն հարցին, թե համաձայն է արդյոք Պուտինը այդ բանակցություններին: Պեսկովը երախտագիտություն է հայտնել Ղազախստանի առաջին նախագահին եւ բարձր գնահատական տվել ղազախստանցի գործընկերների ջանքերին «ռուս-ուկրաինական հարաբերությունները կարգավորելու առումով»:
Նոյեմբերի 12-ին ավելի վաղ Նազարբաեւն այն համոզմունք էր հայտնել, որ Պուտինը եւ Զելենսկին Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման շուրջ կկարողանան պայմանավորվել անձնական հանդիպման ժամանակ եւ առաջարկել էր այն անցկացնել Ղազախստանի տարածքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: