
«Բառացիորեն երեկ խոսել եմ Վլադիմիր Պուտինի հետ այն թեմայով, թե ինչպես հետագայում լուծել այդ խնդիրը». Նազարբաև

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու բանակցություններն անցկացնել Ղազախստանում։
«Ես հանդիպել եմ պարոն Զելենսկու հետ, լսել նրան: Բառացիորեն երեկ խոսել եմ Վլադիմիր Պուտինի հետ այն թեմայով, թե ինչպես հետագայում լուծել այդ խնդիրը: «…» Ես կարծում եմ, որ հարկավոր է Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների առանձին անձնական հանդիպում»,-հայտարարել է նա՝ ելույթ ունենալով «Աստանա ակումբ» դիսկուսիոն հարթակի նիստի ընթացքում:
Նազարբաեւի խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարն արդեն համաձայնել է հանդիպել «չեզոք հարթակի» վրա:
Մոսկվայի եւ Կիեւի հարաբերությունները մնում են լարված: Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է երկրի հարավ-արեւելքում քաղաքացիական հակամարտությանը մասնակցելու մեջ: Մոսկվան մեղադրանքները ժխտում է եւ պնդում, որ դրանք անընդունելի են ու անհիմն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: