ԵՊՀ աշխատակիցն Արայիկ Հարությունյանի օրինակով՝ անժամկետ գործադուլ է հայտարարել

ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանն անժամկետ գործադուլ է հայտարարել և միացել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողներին։

168.am-ի հետ զրույցում Էդվարդ Գալստյանն ասաց, որ այսօր հանդես է եկել գործադուլ անելու հայտարարությամբ և գործընկերներին ևս կոչ է արել միանալ իրեն։

«Մեկ է, երիտասարդական համախմբված ճնշման ներքո արդյունք կլինի, քանի որ ուսանողները և ընդհանրապես երիտասարդները պետք է տեր կանգնեն իրենց պահանջին, ազգայինին։ Իմ քայլով օրինակ ցույց տվեցի, որ բոլորով պետք է համախմբվենք այս հարցի շուրջ»,- նշեց Է. Գալստյանը։

Հարցին՝ այդ քայլով ի՞նչ արդյունք է ակնկալում, Էդվարդ Գալստյանը պատասխանեց, որ արդյունքը կախված է գործող իշխանության քաղաքական կամքից, թե որքանով նրանք ընդառաջ կգնան ուսանողների պահանջին։

«Հայտնի փաստ է, որ այս իշխանությունների իշխանության գալու մեջ ուսանողությունը մեծ դեր է ունեցել։ Կարծում եմ՝ օրվա իշխանությունները պետք է ակնջալուր լինեն ուսանողության պահանջին, հատկապես, որ պարբերաբար հայտարարություններ են հնչում, որ ժողովուրդն է որոշում կայացնողն ու ղեկավարողը։ Խնդրեմ, ժողովրդի ամենալուսավոր հատվածը պահանջում է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը՝ նշելով դրա հստակ դրդապատճառները»,- նշեց մեր զրուցակիցը։

Նա հույս հայտնեց, որ գործընկերները, մասնավորապես՝ դասախոսները, իրենց կպահեն իրական մտավորականի նման, մի կողմ կդնեն իրենց վախերն ու կասկածամտությունը և կմիանան իրեն։

Նա նաև ընդգծեց, որ որևէ մտավախություն չունի աշխատանքը կորցնելու համար, քանի որ նման հարցերը զոհողություններ են պահանջում։

«Ես իրացնում եմ իմ գործադուլ իրականացնելու իրավունքը, այդ նույն իրավունքը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին իրացրել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Եթե այն ժամանակ մարդիկ չզրկվեցին իրենց աշխատանքից, ինչպես շատերն են ասում՝ այն բռնարար իշխանությունների օրոք, ապա այս ժողովրդավար իշխանության օրոք մարդիկ պետք է կարողանան իրացնել իրենց գործադուլ, դասադուլ իրականացնելու իրավունքը»,- եզրափակեց Էդվարդ Գալստյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս