Ինչի՞ հետևանք է հարկային մուտքերի աճի տեմպի սպասվող նվազումը. ՊԵԿ նախագահը բացում է փակագծերը

Հաջորդ տարի կառավարությունը հարկային եկամուտների ավելացման բավական համեստ ցուցանիշ է դրել պետական բյուջեում։ Այս տարվա ճշգրտված պլանի համեմատ՝ կանխատեսվում է, որ բյուջեի մուտքերը կավելանան 138 մլրդ դրամով։ Այն դեպքում, երբ 2019թ. սպասելիքը 205 միլիարդ է։

Այսինքն՝ 2020-ին՝ 2019թ. համեմատ, հարկային մուտքերի աճը 67 մլրդ դրամով քիչ կլինի։

Ակնկալվող թեկուզ և 4,9 տոկոս տնտեսական աճի պայմաններում՝ սա իսկապես տարօրինակ է։ Ստացվում է, որ տնտեսությունն ընդլայնվում է, իսկ հարկային մուտքերի աճի տեմպը՝ ավելանալու փոխարեն, նվազում է։ Ճիշտ է, հարկային օրենսդրության փոփոխությունների, մասնավորապես՝ եկամտային հարկային համահարթ դրույքաչափին անցնելու հետևանքով, կառավարության գնահատումներով՝ պետական բյուջեն եկամտային կորուստներ է ունենում, այնուհանդերձ այդ կորուստներն այնպիսին չեն, որ կարող են մուտքերի վրա նման ազդեցություն թողնել։

Խոսքն ընդամենը 9-10 մլրդ դրամի մասին է։ Այնինչ, հաջորդ տարվա համար պլանավորված հարկային եկամուտների աճի տեմպն այս տարվա սպասվողից շատ ավելի ցածր է։

Թե ինչո՞ւ է այդպես, փակագծերը բացել է ՊԵԿ նախագահը։ Բայց որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչպիսի՞ ազդեցության մասին է, ընդ որում, նաև այս տարվա բյուջեի մուտքերի բարձր կատարողականի առումով, մի փոքր ավելի հեռվից գանք։

Հավանաբար գիտեք, որ Պետեկամուտների կոմիտեն պատրաստվում է «գերակատարել» այս տարվա հարկային եկամուտների պլանը։ Ինչպես հայտնի է, դեռ տարվա սկզբին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մուտքերը 62 մլրդ դրամով ավելացնելու մասին։ Այն ժամանակ քչերն էին պատկերացնում, թե այդ ինչ հրաշք է տեղի ունեցել տնտեսության մեջ, որ կառավարությունը, տարին չսկսած, խոսում է բյուջեի եկամուտները 62 մլրդ դրամով գերակատարելու մասին։

Ոչինչ, որ խոսքը ոչ այնքան գերակատարման, որքան բյուջեի մուտքերի ճշգրտմանն էր վերաբերում։ Ամեն տարի էլ նման ճշգրտումներ արվում էին՝ կապված տարբեր գործոնների հետ։ Այս անգամ պարզապես կառավարությունը, բյուջեի մուտքերի հավանաբար հեղափոխական աճի տպավորություն ստեղծելու համար, որոշել էր դրա անունը դնել ոչ թե՝ ճշգրտում, այլ՝ գերակատարում։

Հետո, իհարկե, ամեն ինչ իր տեղն ընկավ։ Կառավարությունը ճշգրտեց բյուջեն, ինչպես սովորաբար արվում էր, և եկամուտները 62 մլրդ դրամով ավելացրեց։

Ճիշտ է, ՊԵԿ-ը դեռ պետք է աշխատի՝ տարեվերջին այդ գումարն ամբողջությամբ ապահովելու համար։ Ինն ամիսների տվյալներով, այսպես կոչված, գերակատարումը 53 միլիարդի սահմաններում է։ Բայց այն կատարելն ըստ էության մեծ ջանքեր չի պահանջի։ Հատկապես որ, ՊԵԿ-ը բյուջեի մուտքերն ապահովելու հազար ու մի միջոցի է տիրապետում։ Թեև այս անգամ գուցե դրա կարիքն էլ չլինի։ Հիմա ՊԵԿ-ը նստած է բյուջե փող լցնելու ասեղի վրա։ Եվ այդ ասեղը դարձել է ավտոմեքենաների ներմուծումը, որն այս տարի աննախադեպ չափերի է հասել։

Հիմա արդեն օրական Հայաստանում գրեթե 1000 տրանսպորտային միջոց է մաքսազերծվում։ Այնքան, որքան ոչ վաղ անցյալում մաքսազերծվում էր մեկ ամսվա ընթացքում։ Ու ինչքան շատ ավտոմեքենա է մաքսազերծվում, այնքան բյուջեի փողերն ավտոմատ ավելանում են՝ առանց մեծ ջանքեր պահանջելու։

Այլևս պարզ է, որ մինչև տարեվերջ ու նաև հաջորդ տարվա առաջին ամսին (ինչպես հայտնի է, նախապես հայտարարագրելու դեպքում 2020թ. հունվարին ևս քաղաքացիները հնարավորություն կունենան այսօր գործող մաքսավճարներով մաքսազերծել ներմուծվող տրանսպորտային միջոցները) այդ միտումը պահպանվելու է։ Իսկ դա նշանակում է, որ առաջիկա երկու ամսում դեռևս առնվազն 50-60 հազար ավտոմեքենա կներմուծվի ու կմաքսազերծվի Հայաստանում, ինչը լուրջ փող է բերելու պետական բյուջե։

Չհաշված, որ մինչ այդ արդեն ներմուծվել ու մաքսազերծվել է շուրջ 120-125 հազար ավտոմեքենա՝ պետական բյուջեում ապահովելով գրեթե 55 մլրդ դրամի հարկային եկամուտ։

Հաջորդ տարի այդ եկամուտը, որն ինքնահոսով լցվում է բյուջե, այլևս չի լինելու։ Դա լուրջ ազդեցություն է պետական բյուջեի մուտքերի վրա։

«2020թ. հունվարի 1-ից, երբ ավտոմեքենաների ներմուծման համար կսկսի գործել ԵԱՏՄ օրենսդրությունը, մեր բյուջեի եկամուտները կնվազեն 50-55 մլրդ դրամով»,- ասում է Պետեկամուտների կոմիտեի նախագահը։

Խոսքն այն գումարի մասին է, որը պակասեցվել է հաջորդ տարվա պետական բյուջեի եկամուտների աճի կանխատեսումից։ Բայց դա նաև ցույց է տալիս, թե ավտոմեքենաների ներմուծումն ինչպիսի ազդեցություն է թողել այս տարվա բյուջեի վրա։

Հիմնականում այդ գործոնի արդյունք է եկամուտների այն հայտարարվող «գերակատարումը», որով այդքան հպարտանում է կառավարությունը։ Դժվար չէ պատկերացնել, թե հիմա ինչպիսի՞ն կլիներ 2019թ. բյուջեի եկամուտների աճը, եթե հանկարծ չլիներ ավտոմեքենաների ներմուծման այն աննախադեպ ակտիվությունը, որը կա տարվա սկզբից և որը հնարավորություն տվեց «գերակատարել» բյուջեի նախատեսված մուտքերը։

Բայց դա ոչ թե այս կառավարության կամ Պետեկամուտների կոմիտեի լավ աշխատանքի արդյունքն է, այլ նախորդ իշխանությունների թողած ժառանգությունը, որը նորերը հաճույքով վայելում են։ Եվ ոչ միայն վայելում են, այլև առիթը բաց չեն թողնում հարկային եկամուտների «գերակատարումը» մատի փաթաթան դարձնել՝ նախորդների արածները սևացնելու համար։

Հաջորդ տարի, երբ այդ գործոնն այլևս չի լինի, չի լինի նաև մուտքերի բարձր աճը։ Ու այն ժամանակ պարզ կդառնա, թե ինչքանո՞վ է արդյունավետ աշխատում կառավարությունը։

Հիմա ինչքան էլ պատճառաբանություններ բերվեն 2020թ. եկամուտների պլանավորված համեստ ցուցանիշների համար, ակնհայտ է, որ դա կապված է լինելու հիմնականում նրա հետ, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու տրանսպորտային միջոցների ներմուծման նոր կարգավորումները։ Մի բան, ինչը փակելու է բյուջե հեշտ փող բերելու ճանապարհը։ Որքան էլ դրանով չեն սահմանափակվում հարկային մուտքերն ավելացնելու հնարավորությունները, այնուհանդերձ կառավարությունն այդ առումով մեծ ակնկալիքներ կարծես չունի։ Տնտեսության ստվերի կրճատմանը շատ քիչ տեղ է հատկացված բյուջեում։

Հաջորդ տարի համախառն ներքին արդյունքի նկատմամբ մուտքերը նախատեսվում է ավելացնել ընդամենը 0,3 տոկոսով։ Չնայած դեռ հարց է, թե դա ինչքանով կհաջողվի։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս