Բաժիններ՝

«Եթե ապրիլյան պատերազմի օրերին բժշկական պատշաճ օգնություն ցուցաբերված չլիներ, մահվան և հաշմանդամության դեպքերի բարձր տոկոս կունենայինք». Թեփելիկյան

ԱԺ հոկտեմբերի 24-ի նիստում ձայների 119 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց Կառավարության կողմից ներկայացված «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագիծը նախատեսում է ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում, որով երկրում ռազմական դրության պայմաններում բոլոր բուժհաստատությունների, այդ թվում՝ մասնավորի կառավարման լիազորություններն անցնելու են Առողջապահության նախարարությանը:

ՀՀ առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանն Ազգային ժողովում նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ հանրապետության մահճակալային ֆոնդի շուրջ 32 տոկոսը տեղակայված է մասնավոր հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիմնարկներում, ըստ այդմ՝ դրանց գործունեությունը նշանակալի դերակատարում կունենա ռազմական դրության պայմաններում:

168.amՀՀ առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանից փորձել է պարզել՝ արդյո՞ք այս նախագիծն ինչ-ինչ ռիսկեր կամ խնդիրների միտումներ պարունակում է:

– Առողջապահության նախարարությունը պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ պատասխանատու է ամբողջ երկրի առողջապահական համակարգի համար: Ինչպե՞ս կարող է իրականացնել իր պատասխանատվությունը, եթե կազմակերպություններին հանձնարարականներ տալու իրավասություն չունենա: Ոչ ոք չի պատրաստվում մասնավոր սեկտորի սեփականությունը հանդիսացող բժշկական կազմակերպությունը վերցնել պետության տրամադրության տակ: Պարզապես բոլոր օրենսդրական ակտերը խոսում են այն մասին, որ ռազմական դրության, արտակարգ իրավիճակների ժամանակ բոլոր կազմակերպությունները՝ անկախ իրենց կազմաիրավական ձևից, խնդիրներ ունեն կատարելու, և մենք պարզապես փորձում ենք կառավարման համակարգը վերցնել առողջապահության ենթակայության տակ: Այստեղ ուզում եմ նշել, որ զինվորական հոսպիտալները ենթարկվում են ՊՆ ռազմաբժշկական վարչությանը, նրանց հանդեպ ոչինչ չունենք, մենք այս դեպքում աշխատելու ենք ռազմաբժշկական վարչության հետ: Այսինքն՝ սերտ համագործակցելու ենք կառավարման հարցում, օգնելու ենք, բայց կառավարումն իրականացնելու է ռազմաբժշկական վարչությունը:

Կցանկանայի անդրադառնալ վերջերս ակտիվորեն շրջանառվող այն խոսակցություններին, թե 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զինվորները նորմալ բժշկական սպասարկում չեն ստացել, որ առաջին օգնություն ցուցաբերելու համար չեն եղել անհրաժեշտ բժշկական պարագաներ:

– Կուզենայի թվաբանության վրա ուշադրություն դարձնեինք, թե քանի վիրավոր ենք ունեցել, որոնց ընդունել ենք հիվանդանոցներ, և նրանցից քանիսն են մահացել: Դա ձգտում է զրոյի՝ մեկ-երկու դեպքը չենք հաշվում: 100-ից ավելի վիրավորների դեպքում, երբ դուք չունեք մահվան տոկոս, դա նշանակում է, որ բժշկական օգնությունը կազմակերպվել է ճիշտ և ժամանակին:

Բարդություններից խուսափել ենք, և ինչքա՜ն ծանր վիրավորներ ենք ունեցել, որոնք առողջացել են և վերադարձել շարք կամ գոնե իրենց առօրյա կյանքին: Ես գլուխ եմ խոնարհում բոլոր այն տղաների առաջ, որոնք կորցրեցին իրենց առողջությունը, ձեռք բերեցին հաշմանդամություն: Կան վիրավորման աստիճաններ, որոնց դեպքում՝ անկախ բժշկական օգնության մակարդակից, մարդկանց մոտ հաշմանդամության որոշակի տոկոս լինում է:

Կրկնում եմ՝ եթե բժշկական պարագաների խնդիր լիներ, կնշանակեր՝ չէինք կարողանալու ապահովել պատշաճ բժկական օգնություն, իսկ դրա բացակայությունը բերելու էր մահվան և հաշմանդամության ձեռքբերման դեպքերի բարձր տոկոսի:

Ես առավել մանրամասն թվային տվյալներ չեմ կարող տրամադրել, բայց կարող եմ ասել՝ եթե Հայրենական պատերազմում վիրավորների առողջացման տոկոսը 73 էր, ապա այս դեպքում մենք ունենք գրեթե 98 տոկոսի կարգի: Իսկ առավել ճշգրիտ և մանրամասն տվյալներ ռազմաբժշկական վարչությունը կարող է տրամադրել:

Մարիամ Պետրոսյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս