«Այս հարցում Ռուսաստանից նեղանալը «մեղք է»». Կալաշնիկով
«Ռուսաստանը զենք է վաճառում ոչ միայն Ադրբեջանին, այլև վաճառում է դաշնակիցներին ու գործընկերներին։ Դաշնակիցների մեջ մտնում է նաև Հայաստանը, որին ավելի շատ զենք է վաճառում, վաճառվում են այնպիսի զենքեր, որոնք մյուս երկրներին չեն տրամադրվում։ Կարծում եմ՝ այս հարցում Ռուսաստանից զինատեսակների մատակարարման համար նեղանալը «մեղք է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը՝ անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին:
Նրա խոսքով՝ զարմանալի չէ, որ Հայաստանի իշխանություններին անհանգստացնում է Ադրբեջանին զենք վաճառելու փաստը՝ նկատելով, որ Ադրբեջանի իշխանություններն էլ նույն անհանգստություններն ունեն ՀՀ-ին զենք վաճառելու հետ կապված։
«ՀԱՊԿ Խորհրդանական վեհաժողովի խորհրդի նիստի ժամանակ այսօր ՌԴ-ի կողմից Ադրբեջանին մատակարարվող զենքի հարցը չի քննարկվել, քանի որ այն Խորհրդարանական վեհաժողովի կոմպետենտության տակ չէ: Կան երկրների ղեկավարներ, որոնք, հավանաբար, այս հարցը քննարկում են, բայց ես չեմ կարող այդ մասին որևէ բան ասել: Այս մասին բազմիցս խոսվել է»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ այսօր Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի փակ նիստը, որին հաջորդեց լիագումար 12-րդ նիստը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան