
«Բանանի շուկայում դեռևս ուսումնասիրություն չի իրականացվել». ՏՄՊՊՀ նախագահ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ մի շարք ոլորտներում տնտեսվարող սուբյեկտների չափաբաժինների փոփոխություն կա, խոսքը վերաբերում է շաքարավազի և կարագի շուկային։
«Շաքարավազի շուկայում 20 տոկոսի փոփոխության մասին է խոսքը, նախկինում իրացման 91 տոկոսը բաժին է ընկել մի ընկերության։ Հիմա ուսումնասիրում ենք բենզինի ոլորտը, որտեղ տարվա վերջում դրական դինամիկա կլինի, ինչպես նաև գազի և կոնյակի ոլորտները։ Չնայած վերջին ոլորտում մենաշնորհի մասին խոսելը ճիշտ չի լինի, քանի որ այնտեղ խաղացողների թվաքանակը բավականին շատ է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՏՄՊՊՀ նախագահը։
Ըստ նրա՝ այժմ մշակում են շուկայում գազավորված ըմպելիքների «խաղի կանոնները», որը ենթադրում է, թե ինչպես հետագայում պետք է բիզնես գործունեություն իրականացնեն։ Նույնն իրականացվում է ծխախոտի շուկայում։
Ինչ վերաբերում է բանանի շուկային, ապա, ըստ Գ. Գևորգյանի՝ այնտեղ դեռևս ուսումնասիրություններ չեն իրականացրել։
Զվարթ Խաչատրյան