Իրաքում հինգ մարդ է զոհվել Իրանի հյուպատոսության վրա կատարված հարձակման հետևանքով. Shafaq
Լույս նոյեմբերի 4-ի գիշերը հինգ մարդ է զոհվել Իրաքի Քերբալա քաղաքում ցույցերը ցրելու եւ Իրանի հյուպատոսության շենքի վրա բողոքի ակցիայի մասնակիցների հարձակվելու փորձի ընթացքում: Այդ մասին հայտնել է Shafaq գործակալությունը:
«Հինգ մարդ է զոհվել ցույցերը ցրելու եւ Քերբելայում Իրանի հյուպատոսության շենքի վրա գրոհելու փորձի ընթացքում, մի քանիսը վիրավորվել են»,-հայտնել է գործակալությունը՝ վկայակոչելով բժշկական աղբյուրներ: Իր հերթին տեղի Մարդու իրավունքների գերագույն հանձնաժողովը հայտնել է ցուցարարներից երեքի զոհվելու մասին ուժայինների կողմից նրանց ցրելու հետեւանքով:
Ավելի վաղ ականատեսները ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ ցուցարարները հրկիզել են հյուպատոսության դուռը, ինչից հետո բախումներ են սկսվել դիվանագիտական առաքելության անվտանգության ծառայությունների հետ: Shafaq գործակալությունը նաեւ հաղորդում է, որ ցուցարարները հյուպատոսության շենքի իրանական դրոշը փոխել են իրաքյանով: Իրաքի՝ առավելապես շիա բնակչությամբ քաղաքների մեծ մասում նոյեմբերի 4-ին հայտարարված է համընդհանուր գործադուլ, փակ են հանգուցային ճանապարհները: Ցուցարարները հոկտեմբերի սկզբից սկսված բողոքների ընթացքում պահանջում են կառավարության հրաժարականը, պայքար կոռուպցիայի, գործազրկության դեմ, կյանքի պայմանների բարելավում: Իրաքի վարչապետը ցույցերի վերսկսվելուց առաջ ցուցարարներին հայտնել էր նախարարների կաբինետում վերադասավորումներ անցկացնելու եւ ընտրությունների մասին օրենքը փոխելու պլանների մասին: Միեւնույն ժամանակ նա հայտարարել էր, որ ամբողջ կառավարության հրաժարականը երկիրը կներքաշի քաոսի մեջ: Ավելի վաղ իշխանությունները վերադասավորումներ էին կատարել այն նահանգների անվտանգության մարմինների ղեկավարության կազմում, որտեղ սաստկացել էին բողոքները: